Կառնուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կառնուտ
Karnut village, Shirak Province, Armenia 01.jpg
Կոորդինատներ: 40°47′01″ հս․ լ. 43°57′15″ ավ. ե. / 40.78361° հս․. լ. 43.95417° ավ. ե. / 40.78361; 43.95417
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես20.8 կմ²
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1071[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Կառնուտ (Հայաստան)
Red pog.png

Կառնուտ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևելք, Փամբակ լեռների ստորոտին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր, Կարնուտ անվանումները։ Կառնուտ է վերանվանվել 1946 թ.- ին։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

Կառուցված է Կառնուտի ջրամբարը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում՝ քարքարոտ ձորում՝ ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 929 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 16%։

Կառնուտի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 151 965 1149 1136 783 719 667 992 965

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործություննէ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 514 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 146 և 421 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են[3]։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառնուտի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 1 կմ հյուսիս՝ սարի կատարին, պահպանված են մ.թ.ա. VIII-VII դարերի ջրամբարի մնացորդները։

Կառնուտի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ։ Կառույցի ծավալա-տարածական հորինվածքը բարձրանում է բազմաստիճան գետնախարսխի վրա։ Ուղղանկյուն, արևելքից կիսաշրջան աբսիդով վերջավորվող աղոթասրահն ունի Հայաստանի հնագույն բազիլիկներին բնորոշ ձգված համաչափություններ (1։ 2.36)։ Աղոթասրահին հարավից կից է ուղղանկյուն սենյակ, որի արևելյան պատում՝ դրսից, փոքրիկ աբսիդի առկայությունը վկայում է վերջինիս շարունակության վրա արտաքին սյունասրահի գոյությունը։ Մուտքերը երեքն են՝ մեկը արևմուտքից և երկուսը՝ հարավից։ Պահպանվել է եկեղեցու քիվից մի բեկոր՝ ատամիկներով մշակված։ Ենթադրվում է, որ Կառնուտի եկեղեցին եղել է մեհյան, իսկ IV-V դարերում վերածվել եկեղեցու և X դարում վերակառուցվել։

Կառնուտում են գտնվում «Լույս աղբյուր» և Սբ. Մինաս մատուռները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png