Կարսի մարզ
| |||
Երկիր | Հայաստանի Առաջին Հանրապետություն | ||
Կարգավիճակ | մարզ | ||
Մտնում է | Կաղապար:Դրոշավորում/Մեծ Հայք կայսրություն | ||
Ներառում է | Կարսի գավառ Կաղզվանի գավառ Օլթիի գավառ Արդահանի գավառ | ||
Վարչկենտրոն | Կարս | ||
Խոշորագույն քաղաք | Կարս | ||
Հիմնական լեզու | Հայերեն, | ||
Բնակչություն (1897) | 290 647 | ||
Ազգային կազմ | Հայեր, թուրքեր, քրդեր, | ||
Կրոնական կազմ | Իսլամ Հայ Առաքելական եկեղեցի Ուղղափառ եկեղեցի | ||
Տարածք | 18 647 | ||
Հիմնադրված է | 1878-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Մեծ ՀայքԱյրարատ | ||
Փոխարինեց | Էրզրումի վիլայեթ | ||
Կարսի մարզ (ռուս.՝ Карсская область), 1878-1917 թվականներին վարչատարածքային միավոր Ռուսական կայսրության կազմում։ Կազմավորվել է Ալեքսանդր II-ի կայսերական հրահանգով՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց՝ 1878 թվականին։ Նրա մեջ մտնում էր Օսմանյան կայսրության նախկին Կարսի էյալեթի տարածքը։ 1918-1920 թթ. հանդիսացել է Առաջին Հայաստանի հանրապետության տարածք։
Տարածքը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։ Այժմ նահանգի տարածքը գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և բաժանված է 3 մարզերի (իլ) միջև՝ Էրզրումի, Արդահանի և Կարսի։ Հյուսիս-արևմուտքում մի փոքր հատված մտնում է Հայաստանի Շիրակի մարզի մեջ։
1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։
Օսմանյան տիրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսը Օսմանյան տիրապետության տակ է անցնում 17-րդ դարի սկզբին։ 1639 թվականի Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով Կարսը Սեֆյան Պարսկաստանից անջատվում է և մտնում Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Հայաստանի չորրորդ բաժանումը թուրքական սահմանը դարձնում է Ախուրյան գետը։ Օսմանյան թուրքերը կազմել են Կարսի էյալեթը, որը 19-րդ դարի սկզբին տրոհված էր Կարսի, Շորագյալի (Շիրակ), Զարիշատի, Կաղզվանի և Կեչվանի գավառների։ Նրանց 248 գյուղերը 1828 թվականի հունիսի դրությամբ ունեին ունեին 22 000 բնակիչներ (1 842 ընտանիք կամ 14 700 հայեր)։
19-րդ դարի ընթացքում Կարսը 3 անգամ գրավվել է ռուսական զորքերի կողմից՝ 1828-1829, 1853-1856 և 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում։ 1829-1830, 1854-1855 թվականներին Անդրկովկաս, հիմնականում՝ Շիրակի դաշտ գաղթած հազարավոր կարսեցի հայերի փոխարեն թուրքական կառավարությունը վերաբնակեցրել է Կովկասից և Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից եկած թուրքերի, թուրքմենների, կարափափախների, լեզգիների և քրդերի։
Ռուս-թուրքական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1877 թվականի ապրիլին ռուսական ցար Ալեքսանդր II-ը (1855-1881) Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը՝ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը[1]։ 1877 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմը օսմանյան տիրապետության դեմ բալկանյան ժողովուրդների ազգագատագրական պայքարի և արևելյան հարցում միջազգային հակասությունների սրման հետևանք էր։ Ռազմական գործողությունները մղվել են Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։
Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի (70 հազար) հիմնական հարվածող ուժը՝ 52-հազարանոց Կովկասյան կորպուսը, գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ ապրիլի 12-ին անցել է հարձակման Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան ուղղություններով։ Երևանյան զորամիավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավել է Բայազետը և Ալաշկերտը։
Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր Կարսի գրավումը։ Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին։ Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը, հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»։ Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը։ Նոյեմբերի 6-ին ռուսները հայ կամավորների հետ, գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ, գրավել են Կարսը, որը Կովկասյան կորպուսի ամենախոշոր հաղթանակն էր։
Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա։ Այդ պատերազմը ոգևորել էր և' արևմտահայերին, և' արևելահայերին։ Անդրկովկասի տարբեր վայրերում ձևավորվել էին ութ զորամիավորումներ՝ բաղկացած մեծ մասամբ հայերից։ Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար։
Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր։ Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը։ Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում ռուսական զորամասերին թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ։
1878 թվականի հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը։ Փետրվարին ռուսական զորքերը մտել են Կարին (Էրզրում)։ Բալկանյան ռազմաճակատում, երբ ռուսական զորքերը Կոստանդնուպոլիսը գրավելու իրական սպառնալիք են ստեղծել, Թուրքիան հաշտություն է խնդրել։ Պատերազմը մեծ վնաս է հասցրել Արևմտյան Հայաստանին, որտեղ թուրքական իշխանական զորքերին օգնել են պարենով, հանդերձանքով ու փոխադրամիջոցներով։ Կոստանդնուպոլսից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Ստեֆանո ավանում էլ փետրվարի 19-ին կնքվեց զինադադար[2]։
1877 թվականին ռուսական զորքերի գրաված շրջաններից 1878 թվականի դեկտեմբերի 27-ին վերջնականապես կազմավորվել է Կարսի մարզը, որը սկզբում բաղկացած էր մեկ մարզային քաղաքից (Կարս), 6 օկրուգից (Կարսի. Արդահանի, Զարիշատի, Շորագյալի, Կաղզվանի, Օլթիի) և 2 պրիստավությունից (Չըլդրի և Խորասանի)։ 1881 թվականի վարչական վերաբաժանումից հետո Կարսի մարզի վերակազմվել է Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի օկրուգների, որոնք իրենց հերթին տրոհվել են 14 տեղամասերի և 148 գյուղ, համայնքների։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսուլմանական բնակչության արտագաղթի և Արևմտյան Հայաստանի ու Անդրկովկասի տարբեր շրջաններից քրիստոնյաների ներգաղթի հետևանքով մարզում աճել է հայերի տեսակարար կշիռը (1882 թվականին 31 518 հայ, 1887 թվականին՝ 38 184)։ 1890-ական թվականներին համիդեական կոտորածներից հետո ուժեղացել է արևմտյան Հայաստանից հայերի արտագաղթը Կարսի մարզ (1897 թվականի մարդահամարով՝ 73 000, 1906 թվականին՝ 94 000, 1910 թվականին 102 000, 1913 թվականին՝ 113 000 բնակիչ՝ 85 հայաբնակ գյուղերում և Կարս քաղաքում)։
Իր դիրքերն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունը 25 տարում մարզ է տեղավտխել 20 000 ռուսների։ 1914 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կարսի մարզի արևելյան շրջանները ներխուժած թուրքական զորքերը կազմակերպել են հայերի կոտորածներ։ Մինչև 1915 թվականի հունվարի սկիզբը թուրքերից մաքրված մարզի ամբողջ տարածքը 1915-1916 թվականներին վերածվել է հազարավոր հայ գաղթականների հանգրվանի։ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Կարսի մարզը զիջել է Թուրքիային։
1918 թվականի ապրիլի վերջին զավթելով Կարսը և շրջակա գյուղերը՝ թուրքական զորքերը կոտորել են ավելի քան 10 հազար հայ։ Հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են Ալեքսանդրապոլի, Էջմիածնի և Երևանի գավառներ։ Տեղի մուսուլմանական հրոսակախմբերը մի շարք տեղերում փակել են գաղթականների նահանջի ճանապարհը և նոր կորուստներ պատճառել նրանց։ Մի խումբ հայ երիտասարդների համառ դիմադրության շնորհիվ հաջողվել է կոտորածից փրկել հազարից ավելի հայ մանուկների, մայրերի և տեղափոխել Ախալքալաքի գավառ։
1918 թվականի Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Կարսի մարզից։ 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի գարունը հազարավոր կարսեցի գաղթականներ արևելյան Հայաստանում մահացել են սովից ու համաճարակներից։
Գավառ | Հայեր | Թուրքեր | Քրդեր | Հույներ | Կարափափախներ | Ռուսներ | Թուրքմեններ | Ուկրաինացիներ | Լեհեր | այլ ազգեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ամբողջ | 25,3% | 21,9% | 14,8% | 11,2% | 10,3% | 7,7% | 2,9% | 1,8% | 1,1% | … |
Արդահան | 2,9% | 42,6% | 19,1% | 11,9% | 12,0% | 3,0% | 6,6% | … | … | … |
Կաղզվան | 36,5% | 8,7% | 29,9% | 12,2% | … | 4,4% | 1,1% | 2,4% | 1,5% | 1,5% |
Կարս | 34,8% | 7,9% | 6,8% | 11,0% | 16,4% | 12,6% | 1,8% | 2,5% | 1,6% | 1,1% |
Օլթի | 9,9% | 62,6% | 11,1% | 8,6% | … | 2,8% | 3,2% | … | … | … |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսի մարզի տարածքը կազմել է 16 473 քառ. վերստ կամ 18 646,6 քառ.կմ։ Հյուսիսից սահմանակցել է Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներին, արևելքից՝ Երևանի նահանգին, հարավից՝ Էրզրումի վիլայեթին։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է. հարթավայրային բնույթ ունեն միայն Արաքսի ու Կարս գետի հովիտները։ Լեռները հարուստ են արոտավայրերով։ Բարեբեր է Կարսի սարահարթը, որը հարուստ է սևահողով։
Ջրերը պատկանում են Հայկական լեռնաշխարհի խոշորագույն՝ Արաքս, Ճորոխ և Կուր գետերի ավազաններին։ Վերջիններս ամբողջությամբ հոսում են լեռնաշխարհի տարածքով, իսկ Տիգրիսը (ամենաջրառատ) ու Եփրատը (ամենամեծ ջրահավաք ավազան ունեցող), միայն մի մասով են Հայկական բարձրավանդակում։ Կարսի մարզի խոշորագույն լճերից է Չըլդր (Ծովակ Հյուսիսո) լիճը, որը գտնվում է 2000 մետր բարձրության վրա։
Կլիման ցամաքային է, հիմնականում՝ չոր ամառներով ու ցուրտ ձմեռներով։
Հացահատիկային մշակաբույսերից են ցորենը, գարին, բրինձը։ Քրդերի շրջանում տարածված էր անասնաբուծությունը, գլխավորապես՝ ոչխարաբուծությունը։ Ցարական ժամանակ հաշվվել է 800 հազար գլուխ անասուն, որից 265 հազարը՝ խոշոր եղջերավոր, 496 հազար՝ մանր եղջերավոր, 28 հազար ձի և այլն։ Տարածված էին ջրաղացները, բրուտանոցները, ձիթհանները և այլն։ Կաղզվանի ու Օլթիի մոտ արդյունահանել են կերակրի աղ։
Հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այդ ընթացքում Կարսը գրավվել էր թուրքերի կողմից, սակայն անգլիական զորքերը հետ էին գրավել այն և վերադարձրել Հայաստանի նորանկախ հանրապետությանը։
1919 թվականի ապրիլին անգլիացիների դրդմամբ թուրքերը հեռացել են Կարսի մարզից։ Մեկամսյա անգլիական օկուպացումից հետո մարզը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։ 1920 թվականի հոկտեմբերի վերջին քեմալական զորքը գրավել է Կարսի մարզը, որից հետո քրիստոնյա բնակչությունը նորից արտագաղթել է։ Այս անգամ ոչնչացվել է 12 000 հայ (հիմնականում՝ տղամարդիկ)։ Կարսից, ինչպես նաև Սուրմալուից, Շիրակից ու Արևմտյան Հայաստանից Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ հրաժարվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով։
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով մարզը տրվել է Թուրքիային։ 1921 թվականի Կարսի պայմանագրով Ռուսաստանը խորհրդային Հայաստանի կառավարությանը հարկադրել է ընդունել այդ պայմանները, որից հետո քրիստոնյա բնակչությունն ամբողջապես հեռացել է այնտեղից։
1945 թվականին Խորհրդային Միությունը փորձել է Պոտսդամի կոնֆերանսում բարձրացնել Կարսի մարզի վերադարձման հարցը, սակայն հաջողություն չի ունեցել։ Այժմ մարզի տարածքը (փոքր տարբերություններով) կազմում է Թուրքական Հանրապետության Կարսի իլը՝ 18 600 քառ. կմ տարածքով և մոտ 720 000 քուրդ և թուրք բնակչությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատերազմի պատճառները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Պատերազմի ընթացքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան U. Մ., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920, Ե., 1961
- Карсская область в составе России, Е՝., 1983
Արևելյան Հայաստան Երևանի կուսակալություն
(1502-1724)Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)Կարսի վիլայեթ
(1639-1878)
ԹուրքիաԵրևանի խանություն
(1747-1828)Նախիջևանի խանություն
(1747-1828)Ղարաբաղի խանություն
(1747-1822)Գանձակի խանություն
(1747-1804)Հայկական մարզ
(1828-1840)Ղարաբաղի գավառ
(1822-1840)Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)Վրացաիմերեթական նահանգի մաս Կասպիական մարզի մաս Կարսի մարզ
(1878-1918)Երևանի նահանգ
(1849-1918)Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)Հայաստան (1918-1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 346)։ |