Արշակ Տեր-Ղուկասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Տեր-Ղուկասով
Արզաս Արտեմի Տերղուկասով
Tergukasov Arzas Artemievitch.jpg
ռուսական բանակի հայազգի զորավար
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս
 
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ծննդյան օր 1819 թ.
Ծննդավայր Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունվարի 8, 1881 թ.
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն

Արշակ Հարությունի Տեր-Ղուկասով (Արզաս Արտեմի Տերղուկասով, 1819, Թբիլիսի - դեկտեմբերի 27 1880 (հունվարի 8 1881)), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ /1874/, գեներալ-համհարզ /1880/, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1839 թվականին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1842-50 թվականներին, որպես ճարտարագետ, աշխատել է Կովկասում՝ Ռազմավարական ճանապարհի շինարարությունում, ապա նշանակվել Կովկասի հաղորդակցության վարչության 2-րդ վարչության կառավարիչ։ 1850 թվականին անցել է զինվորական ծառայության։

Ռազմական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականից, որպես Ապշերոնյան գնդի 3-րդ գումարտակի հրամանատար (կոչումով՝ մայոր), մասնակցել է կովկասյան լեռնականների դեմ մղվող մարտերին (Դիլիմ և Բուրդալա աուլներ). ցուցաբերած անօրինակ խիզախության համար նշանակվել է նույն գնդի հրամանատար (1859)։ 1859 թվականի օգոստոսին Տեր-Ղուկասովի գլխավորած 1-ին և 4-րդ գումարտակները արյունահեղ մարտերից հետո գրավում են կովկասյան իմամ Շամիլի ապաստան Գունիբ ավանը, ինչի համար նա պարգևատրվում է Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 1865 թվականին Տեր-Ղուկասովն արժանանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հրետանային դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1868 թ նա ստանձնում է Թերեքի մարզի ղեկավարումը, իսկ 1869 թ մարտին նշանակվում 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Այս պաշտոնում էլ 1874 թ-ին արժանացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման։

Տեր-Ղուկասովի զորավարական տաղանդը ավելի ակնառու է դրսևորվել 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրա հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877 թ ապրիլի 18-ին մտել է թուրքական զորքերից դատարկված Բայազետ։ Փոքրաքանակ պահակազոր թողնելով բերդում՝ Տեր-Ղուկասովը շարժվում է Էրզրումի ուղղությամբ, նույն ամսին գրավում Դիադինը և Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը (ամսի 28) և Զեդկանը։ Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախջախել է Մուխտար փաշայի գլխավորած մեծաքանակ ուժերին։ Հունիսի 15-ին կովկասյան բանակային կորպուսի հրամանատար Միքայել Լորիս-Մելիքովից հրաման ստանալով՝ հմտորեն կազմակերպել է իր զորաջոկատի 8-օրյա նահանջը (շուրջ 200 վերստ) և մոտ 20, 000 հայ բնակիչների գաղթը Իգդիր։ Նահանջն իրագործելու համար պարգևատրվել է Սպիտակ արծիվ շքանշանով։ Գերմանացի ռազմագետները այդ նահանջը համեմատել են Քսենոփոնի նահանջի հետ։ Շուտով, Սամսոն Տեր-Պողոսյանից (Րաֆֆիի համանուն վեպի նախատիպ Խենթից) լուր ստանալով Իսմայիլ փաշայի 25-հազարանոց ուժերի կողմից Բայազետի բերդի պաշարման մասին, շտապում է բերդի կայազորին (մոտ 1600 հոգի, բերդի պարետ կապիտան Ֆ. Շտոկվիչ) օգնության։ Հենց այս ժամանակ նա արտասանում է իր նշանավոր կոչը.

Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում։ Գնանք նրանց հետ մեռնելու։

Հունիսի 28-ին Տեր-Ղուկասովի զինվորները ազատում են Բայազետի 27 օրվա պաշարվածներին։ Հոկտեմբերի 23-ին Տեր-Ղուկասովի և Վասիլի Հեյմանի գլխավորած ուժերը Դևեբոյնի ճակատամարտում գլխովին ջախջախում են Մուխտար փաշայի թվական առավելություն ունեցող ուժերին։ Բայազետի պաշարումը ճեղքելու համար 1878 թվականի հուլիսի 22-ին հայազգի գեներալը պարգևատրվում է Սբ. Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով։ 1878 թվականի հունվարին Տեր-Ղուկասովը նշանակվել է Ախալցխայի ուղղությամբ գործող ռուսական զորքերի հրամանատար, պատերազմի ավարտից հետո գլխավորել է Անդրկասպիական զորքերը, այնուհետև՝ Կովկասյան 2-րդ կորպուսը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Սակայն լրիվ չապաքինված վերադարձել է Թիֆլիս և 1881 թվականի հունվարի 8-ին 62 տարեկան հասակում մահկանացուն կնքել քաղաքի «Լոնդոն» հյուրանոցում։ Թաղումը կատարվել է կառավարության ծախսերով, 1881 թվականի հունվարի 11-ին Թիֆլիսի հայկական Սբ. Գևորգ եկեղեցու բակում։ Զինվորական հանճարի դագաղը տանողների մեջ էր նաև Կովկասի փոխարքա, ցարի եղբայր, մեծ իշխան Միխաիլ Նիկոլայևիչը։ Գերեզմանին դրվել էր երկու պսակ՝ «Թիֆլիս քաղաքի կողմից» և «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սալ-Ման, Ռուս-տաճկական պատերազմը 1877-78 թթ. և նրա հայազգի հերոսները, գիրք 3, Բայազետի հերոս գեներալ-լեյտենանտ Տեր-Ղուկասյան, Թիֆլիս, 1915 թ.։
  • Պարսամյան Վ., գեներալ-լեյտենանտ Ա. Հ. Տեր-Ղուկասով, Երևան, 1942 թ.։
  • Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ. էջ 650։
  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 263-264։
  • Кишмишев С. О., Война в Турецкой Армении 1877-1878гг., СПБ, 1884 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]