Ալաշկերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ալաշկերտ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՔաղաքապետՄեհմեդ Նուրի Չելիկ
Այլ անվանումներԱլաշգերտ, Էլիշկերտ, Թոփրագգալե, Թոփրագդալա, Թոփրախկալա, Թոփրակկալա, Թոփրաղկալա, Թոփրաքկալե, Թոփրաքքալե, Վալաշակերտ, Վաղարշակերտ, Վաղարշկերա
ԲԾՄ1820 մետր
Բնակչություն34 180 մարդ (2018)
Խտություն25 մարդ/կմ²
Ազգային կազմԹուրքեր, քրդեր
Կրոնական կազմՇիա մուսուլման
Տեղաբնականունալաշկերտցի
Ժամային գոտիUTC+3
Ալաշկերտ (Թուրքիա)##
Ալաշկերտ (Թուրքիա)

Ալաշկերտ, քաղաք Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), Ալաշկերտի դաշտի հյուսիսային ծայրաշրջանում, Սուկավետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում։ Ծովի մակերևույթից բարձրությունն ավելի քան 1700 մ է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային։ Պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի կենտրոնը։ Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է որպես Անաշտ կամ Ալաշա, հետագայում հայտնի է դարձել Վաղարշակերտ, ապա՝ Ալաշկերտ անունով։ Արևմտյան Հայաստանի հազարավոր անունների նման Ալաշկերտի անունը ևս «թուրքացվել» է։ 15-րդ դարից թուրքերն այն կոչել են Թոփրախկալա (հողե բերդ)։ Նրանք այդ անունն են տվել նաև ուրարտական ժամանակներից ժառանգված Վանի միջնաբերդին և Վաղարշավան քաղաքին (որը հետագայում կոչվեց Հասնակալա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ մ.թ.ա.VIII դարից։ Ըստ հայկական աղբյուրների՝ Ալաշկերտը հիմնադրվել է մ.թ.II դարի վերջում Վաղարշ Ա թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Համանուն շրջանի հետ միասին Վաղարշակերտ-Ալաշկերտը մինչև 439 թվականը պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին, որոնց վերջին ներկայացուցիչ Սահակ Պարթևի մահից հետո, նրանց պատկանող մյուս տիրույթների հետ միասին, Վաղարշակերտը նույնպես անցնում է Մամիկոնյանների ձեռքը։ 7-րդ դարում այն գրավում են արաբները։ X դարի սկզբին Ալաշկերտ դիմադրեց երկիր ներխուժած արաբներին և նրանց հետ դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ՝ հակառակորդը «բազում օրեր ամրոցի դեմ մարտեր մղելով ոչնչով չկարողացավ վնասել նրան»։ IX-XI դարերում մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ, XI-XII դարերում այստեղ իշխում էին սելջուկ-թուրքերը, XIII դարում գրավում են մոնղոլները, XIV-XV դարերում ընկնում է թուրքմենական ցեղերի, իսկ դրանից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության տակ։ Նոր ժամանակներում Ալաշկերտը ռուսների կողմից մի քանի անգամ (1828, 1877-1878, 1914) ազատագրվում է թուրքական լծից, բայց շատ կարճատև ժամանակով և նորից անցնում Թուրքիայի տիրապետության տակ։

Ուրարտական սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններից և հնագիտական նյութերից երևում է, որ Ալաշկերտը մ.թ.ա. VIII-VII դարերում եղել է բերդաքաղաք և ուրարտական կայազորի տեղադրավայր։ Ալաշկերտը զգալի դեր է խաղացել նաև իբրև հոգևոր կենտրոն, երբ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ալաշկերտում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Ալաշկերտը, մյուս գյուղաքաղաքների նման ունեցել է մինչև 10.000 բնակիչ։ Ըստ հիշատակությունների՝ XVIII դարի վերջերին Ալաշկերտն ունեցել է 1300 տուն կամ 6500-7000 բնակիչ։ 1877-1878 թվականներին նա ուներ 1869 բնակիչ, որի մոտավորապես կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ քրդեր ու թուրքեր[1]։ XX դարի սկզբին նրա բնակչության թիվը շուրջ երկու հազար մարդու էր հասնում, իսկ 20-րդ դարի 60-ական թվականներին մոտ 4000 մարդու, գրեթե բացառապես քրդեր ու թուրքեր։

Ալաշկերտում այժմ հայեր չկան։ Թուրք և քուրդ կեղեքիչների կողմից գործադրվող հարստահարության պատճառով հայերի մի մասը 1829 թվականին և 1878 թվականին գաղթել է և տեղավորվել հիմնականում ներկայիս Մարտունու և Հոկտեմբերյանի շրջաններում; Նրանց բնակեցրած տարածքները կոչվեց Նոր Բայազետ և Լիճք։ Մնացած մասը բնաջնջվել և տեղահանվել է հայկական կոտորածների տարիներին (1890 - 1895, 1915

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով։ Արհեստներից Ալաշկերտում հայտնի էին պղնձագործությունը, թիթեղագործությունը, դարբնությունը, կոշկակարությունը, կավագործությունը, ներկարարությունը, համետագործությունը, զինագործությունը, դերձակությունը և այլն։ Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Էրզրում-Մակու ճանապարհը։ Քաղաքն ուներ երեք շուկա, ճաշարաններ, չորս գինետուն, սրճարաններ և այլն։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտի հնություններից և պատմական հուշարձաններից են բերդը, եկեղեցիների ավերակները, ուրարտական սեպագիր մի քանի արձանագրություններ։ Նրա բերդը, որ հիմնադրվել էր տակավին ուրարտական ժամանակներում, գտնվում էր բուն քաղաքից 2-2.5 կմ հեռավորության վրա, Սուկավետ լեռնագագաթի մոտ, մի սրածայր լեռան վրա։ Ավանդության համաձայն՝ որպեսզի բերդի պարիսպը չքանդվի, նրա կառուցման ժամանակ իբր շարվածքի մեջը դրել են մի ողջ աղջկա և երբ հետագայում պարիսպը քանդվել է, իբր շատերը տեսել են աղջկա գլխի տեղն ու պահպանված մազերը։ Այդ բերդը մեծապես տուժել էր 1828 թվականին ռուսական զորքերի գրոհի հետևանքով և ապա միանգամից փլվել։

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին տակավին պահպանվել էին նաև 7-րդ դարում կառուցված և մի քանի դար եպիսկոպոսանիստ դարձած՝ գմբեթավոր սբ. Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև սբ. Կիրակոս վանքի ավերակները։ Ալաշկերտը նոր ժամանակներում ուներ նաև մի կիսավեր փայտածածկ եկեղեցի, որ մի քանի անգամ քանդվել էր թուրքական և քրդական խուժանի կողմից, իսկ 1889 թվականին՝ հրդեհվել։ Քաղաքի սբ. Խանում կոչված աղբյուրի մոտ կար ընդարձակ հին հայկական գերեզմանոց, որտեղ պահպանվել էին նաև մի ոչ պակաս հին եկեղեցու հիմնապատկերը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտում 1880-ական թվականներին գործում էր մի հայկական վարժարան, իսկ նույն դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղ կային երկու հայկական և մեկ թուրքական կրթարաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Հայկունի, Բագրևանդ։ Ջրաբախշ գավառ, մասն Ա, Վաղարշապատ, 1894 թ. էջ 16 և 52

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», 25-30։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137