Jump to content

Հայաստանի չորրորդ բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայաստանի չորրորդ բաժանում, 1639 թվականին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը չորրորդ անգամ[Ն 1] կիսվեց երկու մասի։

Հաշտության պայմանագիրը կնքվել է Իրաքի Ղասրե Շիրին (պարս.՝ قصر شيرين` «Շիրինի բերդ») բնակավայրում։ Այն 1555 թվականի Ամասիայի պայմագրի վերահաստատումն էր՝ Օսմանյան կայսրության ընդլայնմամբ։ Թուրքիային էր անցնում ամբողջ Միջագետքը՝ Բաղդադ կենտրոնով, ինչպես նաև Կարսի շրջակայքն ու Վանը՝ Հայկական լեռնաշխարհից։ Սահմանագիծը սկսվել է Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի թագավորություն) տարածքում գտնվող Ջավախքի լեռներից, Ախուրյանի հունով հասել է Արաքս գետ, թեքվել արևմուտք, ապա՝ Հայկական Պարի ջրբաժան գծով, Մասիսների գագաթներով ձգվել մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայով անցել Իրանի ժամանակակից սահմանագծով։

Այս սահմանը անփոփոխ է մնացել մինչև 1723 թվականի թուրքական արշավանքը, որի ընթացքում Արևելյան Հայաստանը և Ատրպատականը մեկ տասնամյակով բռնակցվել են Թուրքիային։ Իրանում բարձրացած Նադիր շահը 1736 թվականին վերականգնում է Ղասրե Շիրինում ամրագրված պետական սահմանները։

1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի մեծագույն մասը միացել է Ռուսական կայսրությանը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVդ. վերջին Իրանում բավական հզորացել էին Արդեբիլում իշխող Սեֆյան շեյխերը, որոնք համարվում էին իսլամի շիա դավանանքի առաջնորդ: Նրանց կոչում էին ղզլբաշներ կամ սեֆիներ: 1502թ. Սեֆյան Իսմայիլը գրավեց Թավրիզը եւ հռչակվեց Շահնշահ: Այսպիսով, Շահ Իսմայիլը (1501-1524թթ.) ստեղծեց ընդարձակ ու հզոր Սեֆյան պետությունը, որի մեջ մտան Իրանը, Ատրպատականը, Իրաքը, Հայաստանը, Անդրկովկասը: Այս շրջանում մեծ տարածում ստացավ շիիզմը[1]: Շահ Իսմայիլը բավական լավ էր տրամադրված հայերի նկատմամբ, քանի որ փոքր տարիքում թշնամիներից փրկվելու համար ապաստանել էր Աղթամարում, ապա` Ղարաբաղում: Նույն շրջանում մեծ հզորության հասավ դեռեւս 1299թ. ստեղծված Օսմանյան Թուրքիան, որը XVդ. երկրորդ կեսին գրավել էր Հայաստանի արեւմտյան մի քանի շրջաններ: 1512թ. պատերազմ սկսվեց Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆյան Իրանի միջեւ: Այն փոփոխակի հաջողություններով շարունակվեց մի քանի տասնամյակ: Դրա գլխավոր թատերաբեմը Հայաստանն էր, որը ոտնակոխ էր լինում ու ավերվում հակառակորդ բանակների կողմից: 1555թ. Ամասիայում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով առաջին անգամ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի եւ Իրանի միջեւ[1]: Արեւմտյան Հայաստանն անցավ թուրքերին, արեւելյանը` Իրանին: Թուրքերը 1578թ. վերսկսեցին պատերազմը եւ գրավեցին ամբողջ Հայաստանը, Անդրկովկասը եւ Ատրպատականը: Շահ Աբաս I-ը (1587-1629թթ.) հաշվի առնելով երկրի ճգնաժամային վիճակը 1590թ. Կ. Պոլսում կնքեց հաշտություն, որով թուրքերին զիջեց նրանց գրաված բոլոր տարածքները: Հաշտություն կնքելուց հետո շահ Աբասը ձեռնամուխ եղավ Իրանի հզորության վերականգնմանը: Նա ընկճեց կենտրոնախույս ուժերին, ստեղծեց կենտրոնացված պետական ապարատ, վերականգնեց քայքայված տնտեսությունը, բանակը վերակառուցեց, զինեց հրետանիով ու մարզեց անգլիացի ռազմական մասնագետների օգնությամբ: 1603թ. թուրք-իրանական պատերազմը վերսկսվեց: Շահ Աբասը գրավեց Թավրիզը, Նախիջեւանը, Ագուլիսը, Ջուղան: Տեղի հայ բնակչությունը խանդավառությամբ ընդունեց նրան: Ջուղայի հայերը, որոնք աչքի էին ընկնում միջազգային առեւտրում ունեցած խոշոր դերակատարությամբ, ճոխ ընդունելություն կազմակերպեցին շահի համար: 1604թ. ամռանը պարսիկները գրավեցին Երեւանը[1]: 1604թ. աշնանը սուլթանը պարսիկների դեմ ուղարկեց խոշոր բանակ: Շահ Աբասը, խուսափելով վճռորոշ ճակատամարտից, որոշեց նահանջել եւ ամայացնել թուրքերի ճանապարհին գտնվող Կարսից մինչեւ Նախիջեւան ընկած տարածքները, բնակչությանը քշել Պարսկաստան: Բնակչության տեղահանությունն իրականացվեց հապճեպորեն ու դաժան մեթոդներով, բռնագաղթեցրին ավելի քան 300.000 հայերի: Հազարավոր մարդիկ զոհվեցին ճանապարհին կամ խեղդվեցին Արաքսում: Ջուղայի հայերին շահը բնակեցրեց մայրաքաղաք Սպահանի մոտ, ուր ստեղծվեց Նոր Ջուղա ավանը: Հայ արհեստավորներին ու առեւտրականներին բնակեցրին Պարսկաստանի քաղաքներում, գյուղացիներին` երկրի հյուսիսում ու հարավում` շերմապահությունն ու այգեգործությունը զարգացնելու նպատակով: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մինչեւ 1639թ.: Այդ ընթացքում ավերվում էր Հայաստանի տարածքը, սպանվում ու գերվում էին հայ բնակիչները: 1639թ. Կասրե Շիրինում Թուրքիան ու Իրանը կնքեցին հաշտության պայմանագիր, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջեւ: Սահմանագիծը հյուսիսում սկսվում էր Ախուրյանի ակունքներից, նրա հոսանքով իջնում Արաքս, այն կտրելով հասնում Հայկական պարին, ապա Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում հարավ եւ ուղիղ գծով իջնում Միջագետք: Այդ բաժանումը պահպանվեց մինչեւ XIX դ. սկիզբը[1]: Արեւելյան Հայաստանը գրավելուց հետո պարսից շահերը փորձեցին այնտեղ հաստատել կայուն վարչական համակարգ: Ստեղծվեցին մի շարք խանություններ, որոնց գլուխ կանգնեցին շահի նշանակած խաները: Վերջիններս անսահմանափակ իշխանություն ունեին իրենց տիրույթներում: Արեւելյան Հայաստանը մտավ Երեւանի, Նախիջեւանի, Մակուի, Գանձակի խանությունների եւ վրաց թագավորության կազմի մեջ: Գեղարքունիքում, Արցախում, Սյունիքում եւ Ղարադաղում որպես առանձին վարչական միավորներ կազմավորվեցին մի շարք մելիքություններ: Մելիքները հայ իշխանական տների մնացորդներն էին: Երկրում տիրող սանձարձակություններն ու կամայականությունները, ազգային ու կրոնական հալածանքները հայերի համար ստեղծել էին չափազանց ծանր վիճակ, տնտեսական ու մշակութային կյանքը գրեթե կանգ էր առել: Օսմանյան կայսրությանն անցած Արեւմտյան Հայաստանում կազմավորված վարչական միավորները կոչվում էին վիլայեթներ կամ փաշայություններ: XVIIդ. ստեղծվեցին Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցխայի, Սեբաստիայի, Դիարբեքիրի վիլայեթները: Փաշայությունը կառավարում էր սուլթանի նշանակած վալին կամ փաշան, որը հանդիսանում էր նաեւ տվյալ նահանգի զորքերի հրամանատարը: Կիլիկիան գտնվում էր Մարաշի եւ Ադանայի վիլայեթների կազմում: Հայկական իշխանություններ էին պահպանվել Սասունում, Մոկսում, Շատախում, Ճապաղջուրում, Խնուսում, Համշենում, Զեյթունում եւ այլ վայրերում: Օսմանյան կայսրությունը հետամնաց ռազմա-ֆեոդալական երկիր էր, ուր ամեն քայլափոխի ոտնահարում էին հայերի իրավունքները: Այդ երկրում խիստ արատավոր էր պաշտոնյաների նշանակման կարգը, որից բխում էին տիրող անօրինականություններն ու բռնությունները: Հայերը համարվում էին իրավազուրկ ռայա, որին ցանկացած մուսուլման կարող էր անպատիժ կերպով սպանել կամ թալանել: Հարկերը հիմնականում հավաքում էին ավելի շատ, քան սահմանված էր: Հայ բնակչության համար պատուհաս էին մանկահավաքները: Թուրքերը քրիստոնյաներից խլում էին առողջ ու գեղեցիկ պատանիներին, կրոնափոխ էին անում եւ հատուկ ռազմական դպրոցներում վարժեցնելով, նրանցից ստեղծում էին ենիչերիական զորամասեր, որոնք թուրքական բանակի հիմնական հիմնական հարվածային ուժն էին դառնում: Գեղեցիկ հայ աղջիկներին ու կանանց խլում եւ տանում էին սուլթանների, փաշաների ու բեկերի հարեմները: Սովորական երեւույթ էին հայերին բռնի կրոնափոխ անելը կամ կոտորելը, եկեղեցիները մզկիթների վերածելը կամ քանդելը: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության համար դժոխային պայմաններ էին ստեղծված, տնտեսական ու մշակութային զարգացման որեւէ հնարավորություն չկար:

1603-1604 թվականների պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի վերջին Իրանում գահակալական կռիվներից հետո շահ է դառնում Աբբաս I Սեֆին (1587-1629)։ Նա 1590 թվականին հաշտության պայմանագիր կնքեց Օսմանյան սուլթան Մուրադ III-ի (1574-1595) հետ։ Իրանի նոր շահը կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Հաղթելով ուզբեկներին՝ նա ապահովեց պետության սահմաններն արևելքից։ Պետության հզորացմաան համար կարևոր քայլ էր բանակի վերակազմումը, որի հարցով նա դիմեց անգլիացիներին։ Իրանական բանակում մտցվեց ռազմական հատուկ ուսուցում։

Նույն ժամանակահատվածում Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում բռնկվեցին գյուղացիական ապստամբություններ, իսկ Մուրադ III-ի որդի և հաջորդ Մուհամմեդ III-ի օրոք (1595-1603) գահակալական կռիվներ սկսվեցին։ Առիթը օգտագործելով՝ Շահ Աբասը 1603 թվականին վերսկսեց պատերազմը։ 17-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը և Սեֆյան Պարսկաստանը մշտական հակամարտության մեջ էին՝ պայքարելով Միջագետքի, Կովկասի և Հայկական լեռնաշխարհի վերահսկողության համար։ Այս տարածքները ունեին ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։ 1623 թվականին պարսկական բանակը Շահ Աբբաս I-ի գլխավորությամբ գրավեց Բաղդադը, ինչը հանգեցրեց լայնածավալ պատերազմի։[2]

1603 թվականին պարսկական զորքերը գրավեցին Ատրպատականի կենտրոն Թավրիզը և անցան Արաքս գետը։ Հաջորդ տարվա գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան։ Շահին հայերը ճոխ ընդունելության արժանացրին։ Դրանից հետո գրավվեցին Նախիջևանը և պաշարեցին Երևանը։

1583 թվականին Ֆարհադ փաշայի կողմից կառուցված Երևանի բերդը 9 ամիս դիմադրեց պարսկական զորքին։ Այդ ընթացքում պարսկական բանակի այլ զորամասերր արշավեցին Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ։ Այդ գավառների բնակչության մի մասը բերվեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Հանձնվեց նաև Երևանի բերդը[3]։

Շահ Աբբասի բռնագաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսում տեղի ունեցող գահակալական կռիվները ավարտվեցին, և գահ բարձրացավ սուլթան Ահմեդ I-ը (1603-1617)։ Հաջորդ տարում նա ձեռնամուխ եղավ կորցրած տարածքների վերանվաճմանը։ Օսմանյան զորքերը Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ նպատակ ունենալով ստեղծել բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի, որպեսզի թուրքական բանակը ապաստան և մթերք չունենա Պարսկաստանի դեմ արշավանքը շարունակելու համար։ Ուստի դեռ 1603 թվականին Շահ-Աբբասը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան։ Շահ-Աբբասը նպատակ ուներ։ Հայ բնակչությանը բռնագաղթը ուներ նաև տնտեսական կարևոր նշանակությոուն. նրանց տեղափոխելով Պարսկաստանի կենտրոնական մասեր՝ զարկ կտրվեր մետաքսի միջազգային առևտրի զարգացմանը, իսկ արհեստավորների և արվեստագետների միջոցով՝ երկրի մշակույթը։

Շահ Աբբասի արձանը. ապամոնտաժվել է 1978-1979 թվականների հեղափոխության ժամանակ

Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը պարսիկները տեղափոխում են Արաքս գետին զուգահեռ՝ մինչև Ջուղա։ Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում ոչնչացնում են տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։ Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։

Ջուղա քաղաքի մոտ Արաքսն անցնելու համար եղած կամուրջներն ու մյուս միջոցները բավարար չէին։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Նրանց թույլատրեցին բնակվել Սպահան մայրաքաղաքում, իսկ գյուղացիներին ու արհեստավորներին՝ քաղաքի շրջակա գավառներում։ Սպահանում կառուցվեց առանձին թաղամաս՝ Նոր Ջուղա։

1603-1604 թվականների բռնագաղթը ամայացրեց երկիրը։ Հայաստանից տեղահանվեցին ավելի քան 300 հազար հայեր[4]։ Մինչև 19-րդ դարի սկիզբը ամբողջ հայ բնակչությունն Արևելյան Հայաստանում կազմում էր մինչև 40 000 մարդ։

1605 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև վերսկսվում են։ Վճռական ճակատամարտում Շահ Աբբասի զորքերը հաղթանակ են տանում։ Արևելյան Հայաստանը կրկին անցավ Պարսկաստանին։ Բայց պատերազմը այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս 30 տարի։ Այս պատերազմը շարունակվեց տարբեր հաջողություններով, սակայն երկու կողմերն էլ լուրջ կորուստներ ունեցան։ Վերջնականապես Օսմանյան սուլթան Մուրադ IV-ը 1638 թվականին անձամբ գլխավորեց իր բանակը և վերագրավեց Բաղդադը։ Այս հաղթանակը ստիպեց Շահ Սեֆիին բանակցությունների սեղանի շուրջ նստել։[5]

Ղասրե Շիրինի հաշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-պարսկական հերթական պատերազմի ընթացքում գահ էին բարձրանում նոր սուլթաններ ու շահեր։ 1603 թվականին սկսված ռազմական գործողությունները ավարտվեցին 1639 թվականին։ 1638 թվականին օսմանյան բանակը գրավում է Բաղդադը. դրանով Միջագետքը վերջնականաապես անջատվում է Պարսկաստանից։

Կասրե-Շիրինի պայմանագիրը, որը նաև հայտնի է որպես Զուհաբի պայմանագիր, կնքվել է 1639 թվականի մայիսի 17-ին՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Այս պայմանագիրը վերջ դրեց երկու կայսրությունների միջև տասնամյակներ շարունակվող պատերազմներին, որոնք հայտնի են որպես 1623-1639 թվականների օսմանա-պարսկական պատերազմ։[6]

1639 թվականին Իրաքի ու Իրանի սահմանագլխին գնտվող Ղասրե Շիրին քաղաքում կնքվում է 30-ամյան հաշտության պայմանագիր, որը տևում է շուրջ 80 տարի։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Սա Հայաստանի չորրորդ բաժանումն էր։ Այս անգամ սահմանն անցնում էր Ախուրյան գետով մինչև Երասխ, ուղիղ գծով շարունակվում մինչև Հայկական Պարի բարձունքները, Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում դեպի հարավ և, Վասպուրականը բաժանելով երկու մասի՝ Զագրոսի լեռներով հասնում Միջագետք՝ Վանը և Բաղդադը թողնելով թուրքերին։ Նախորդ՝ 1555 թվականին կնքված Ամասիայի հաշտության պայմանագրով, երբ Հայաստանը երրորդ անգամ էր բաժանվում հարևան տերությունների միջև, Կարսի շրջանը դեռ մտնում էր Իրանի կազմում՝ որպես Երևանի կուսակալության մաս։

Հերթական անգամ Հայաստանը բաժանվեց երկու հակամարտող կողմերի միջև. Պարսկաստանին անցավ Արևելյան Հայաստանը՝ Մեծ Հայքի նահանգներ Գուգարքը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը, Փայտակարանը, ինչպես նաև Այրարատի և Վասպուրականի մի մասը՝ Շիրակը, Արարատյան դաշտը, Նախիջևանի հովիտը, Ավարայրի դաշտը։ Արևմտյան Հայաստանում օսմանյան տիրապետությունը ավելի ամրապնդվեց. նրանց անցան ոչ միայն Մեծ Հայքի արևմտյան նահանգները, այլև Փոքր Հայքը և Կիլիկիան։ Արևմտյան Հայաստանի երբեմնի հզոր քաղաքները՝ Կարինը, Կարսը, Վանը, Ադանան դարձան Օսմանյան կայսրության վարչական միավորների՝ փաշայությունների կենտրոններ։

Թուրք-պարսակական սահմանագիծը պահպանվեց մինչև 19-րդ դարի սկզբները, երբ Արևելյան Հայաստանի մեծ մասն անցավ Ռուսաստանին։ Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական տիրապետության տակ[7]։

Պայմանագրի պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը կնքվեց Կասրե-Շիրին քաղաքում (ներկայիս Իրանի Քերմանշահ նահանգում)։ Դրա հիմնական դրույթներն էին.[8]

Տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջագետքը (Մեսոպոտամիա)՝ ներառյալ Բաղդադը, մնում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Սա համարվում էր օսմանցիների համար ամենակարևոր ձեռքբերումը։[9]
  • Արևելյան Հայաստանը՝ ներառյալ Երևանը և Արարատյան դաշտը, մնում էր Պարսկաստանի վերահսկողության տակ։[10]
  • Արևմտյան Հայաստանը և Արևմտյան Վրաստանը մնում էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ։[11]

Սահմանների ամրապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը սահմանազատեց երկու կայսրությունների միջև սահմանը, որը հիմնականում անցնում էր Զագրոսի լեռնաշղթայով։ Այս սահմանը, թեև փոքր փոփոխություններով, հիմք դարձավ ներկայիս Թուրքիայի, Իրաքի և Իրանի պետական սահմանների համար։[12]

Առևտրային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կողմերը պարտավորվում էին վերականգնել և պահպանել խաղաղ առևտրային հարաբերություններ։[13]

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասրե-Շիրինի պայմանագիրը համարվում է շրջադարձային իրադարձություն Օսմանյան-Պարսկական հարաբերություններում։ Այն ավարտին հասցրեց տասնամյակներ շարունակվող արյունալի հակամարտությունները և սահմանեց սահմաններ, որոնք մնացին համեմատաբար կայուն մինչև 20-րդ դարը։ Պայմանագիրը նաև նպաստեց տարածաշրջանի էթնիկ և կրոնական բաժանմանը, մասնավորապես՝ քրդերի և հայերի բնակության վայրերը մնացին բաժանված երկու կայսրությունների միջև։[14]

Այս պայմանագիրը խաղաղություն բերեց տարածաշրջան, թույլ տալով երկու կայսրություններին կենտրոնանալ ներքին խնդիրների և այլ ռազմական մարտահրավերների վրա։ Այն կարևոր դեր խաղաց Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև երկարատև սահմանային կայունություն հաստատելու գործում։[15]

  1. Հայաստանի երրորդ բաժանումը տեղի էր ունեցել 1555 թվականին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Ս․ Պողոսյան, Ա․ Ասրյան, Խ․ Ստեփանյան, Է․ Հովհաննիսյան (2009). Հայոց պատմություն. Երևան. էջեր Էջ՝ 53-54.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Treaty of Zuhab». Wikipedia.
  3. «Շահ Աբասի արշավանքները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Treaty of Zohab, 1639: Foundational Myth or Foundational Document?». Cambridge University Press.
  6. «Treaty of Qaṣr-i Shīrīn». Encyclopaedia Britannica.
  7. «Հայաստանի նոր բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «Treaty of Zuhab». Wikipedia.
  9. «Territorial evolution of the Ottoman Empire». Wikipedia.
  10. «Territorial evolution of the Ottoman Empire». Wikipedia.
  11. «Territorial evolution of the Ottoman Empire». Wikipedia.
  12. «Iran–Iraq border». Wikipedia.
  13. «Treaty of Zohab, 1639: Foundational Myth or Foundational Document?». Cambridge University Press.
  14. «Treaty of Zohab, 1639: Foundational Myth or Foundational Document?». Cambridge University Press.
  15. «Treaty of Zohab, 1639: Foundational Myth or Foundational Document?». Cambridge University Press.