Մեղրաշատ
Գյուղ | ||
---|---|---|
Մեղրաշատ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Մակերես | 11.5 կմ² | |
ԲԾՄ | 1750 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 532[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մեղրաշատ (նախկին անվանումը՝ Ղարամահմեդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։ Մեղրաշատ է վերանվանվել 1946 թվականին[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 367 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 20%[3]։
Մեղրաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1886 | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 329 | 457 | 442 | 425 | 329 | 283 | 292 | 371 | 325[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 87 տնտեսություն։ Ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 507 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 130 և 350 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրաշատում կա 1868 թվականին կառուցված փայտաշեն եկեղեցի։ Գյուղից 10 կմ հյուսիս-արևելք գտնվում է Ծորակ գյուղատեղին։
Համայնքի հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 781
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/657/
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 138» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները