Մթնոլորտային տեղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթնոլորտային տեղումներ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց և այլն)։ Առաջինները կոչվում են ուղղաձիգ մթնոլորտային տեղումներ, իսկ երկրորդները՝ հորիզոնական։ Մթնոլորտային տեղումների քանակը չափում են թափված ջրի շերտի բարձրությամբ, արտահայտված մմ-եր֊ով, ինտենսիվությունը՝ մմ-֊ով րոպեում, ժամում, օրում։ Երկրագնդի վրա տարվա ընթացքում թափվող մթնոլորտային տեղումների միջին քանակը մոտ 1000 մմ է (ավելի քան 500 հազար Կմ3 ջուր)։ Մթնոլորտային տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։ Այսպես, արևադարձային գոտում մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը գերազանցում է 1000 մմ-ից, որոշ վայրերում հասնում մինչև 12000 մմ, իսկ մերձարևադարձային գոտում (պասսատների զոնայում) և բարեխառն գոտու անապատներում չի գերազանցում 250 մմ-ից։ Բարեխառն գոտում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը տատանվում է 250-1000 մմ-ի սահմաններում, իսկ աշխարհագրական բարձր լայնություններում՝ 250 մմ-֊ից պակաս։ Մթնոլորտային տեղումների տարածական բաշխման պրոցեսում զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը։ Լեռները դանդաղեցնում են ցիկլոնների շարժման արագությունը և նպաստում մթնոլորտային տեղումների տևողության մեծացմանը։ Մթնոլորտային տեղումների քանակը հողմակողմ լանջերին ավելի Է, քան հողմատակ լանջերին։ Ըստ տարեկան ընթացքի տարբերում են մթնոլորտային տեղումների հետնյալ տիպերը՝ հասարակածային (առավելագույն արժեքը նկատվում է գարնանային և աշնանային օրահավասարներից հետո), արևադարձային (ամառային առավելագույն արժեքով), մուսսոնային (ամռանը խիստ ցայտուն արտահայտված առավելագույն արժեքով և չոր ձմեռով), մերձարևադարձային կամ միջերկրածովյան (ձմռան առավելագույն արժեքով և չոր ամառով)։ Մթնոլորտային տեղումը Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից մեկն Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 519