Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դոստլուղ, Կարակշլաղ, Զարազշլազ, Դոստլուգ անվանումները։ Հայանիստ վերանվանվել է 1991 թվականին։
Գյուղը տեղադրված է Հրազդան գետի աջ ափին, Միջին-արաքսյան գոգավորությունում։ Ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։
1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում ազգային կազմը դառնում է միատարր, տեղի ադրբեջանցիները տեղափոխվում են Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններ։
Գյուղն ունի առկա 490 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 374 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 231 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արոտավայրերը զբաղեցնում են 41 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։