Մխչյան (նախկին անվանումը` Իմանշալու),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանԱրարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մխչյան է վերանվանվել 1935 թվականին, գյուղի անվանումը կապված է 1921 թվականի քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված Լիպարիտ Մխչյանի անվան հետ։
Գյուղը գտնվում է Հրազդան գետի հովտում, ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը` 4208 մարդ[2]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[3], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[4]։
Բնակիչների նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։
Մխչյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Գյուղն ունի առկա 1304 տնտեսություն։ Ունի 2 դպրոց, դրանցից առաջինը հիմնադրվել է 1883 թվականին, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։
Արդյունաբերության ոլորտում զարգացած են սննդի արդյունաբերությունը, այստեղ գործում է կոնյակի հումքի մշակման արտադրամաս։ Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը, որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում են Արտաշատի ջրանցք և դրանով ոռոգում տեղի գյուղատնտեսական հողահանդակները։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 657 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։