Տավարաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական գորշ տեսակի կով

Տավարաբուծություն, անասնաբուծության ճյուղ, զբաղվում է կաթնատու և մսատու տավարի բուծման, դրանց տոհմային ու մթերատվության հատկանիշների բարելավման հարցերով։ Տավարը բուծում են կաթ, միս, կաշվի հումք ստանալու, առանձին երկրներում՝ նաև աշխատեցնելու և սպորտային (ցլամարտ) նպատակների համար։ Գիտականորեն հիմնավորված սննդի նորմերի համաձայն կաթնամթերքները կազմում են մարդու օրական կերաբաժնի էներգետիկական արժեքայնության մոտ 20%-ը և ապահովում են օրգանիզմի սպիտակուցի պահանջի մոտ 30%-ը։ Երկրագնդի բնակչության օգտագործած կաթնամթերքի ընդհանուր քանակի 90%-ը պատրաստվում է կովի կաթից։ 1981 թվականին աշխարհում խոշոր եղջերավորների գլխաքանակը եղել է մոտ 1150 միլիոն, արտադրվել է մոտ 400 միլիոն տոննա կաթ։ Աշխարհում արտադրվող մսի (բացառությամբ թռչնի) մոտ 50%-ը ստացվում է տավարից։

Տավարաբուծության սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը տավարաբուծությամբ զբաղվել է դեռես նախապատմական ժամանակներից՝ վարժեցնելով, ապա և ընտելացնելով տավարը։ Երկար ժամանակ տավարաբուծությունն ուներ քոչվորային բնույթ, կենդանիներին պահում էին բաց երկնքի տակ և արածեցնում։ Երկրագործության զարգացման և նստակեցության անցնելու հետ աստիճանաբար սկսեցին կիրառել մսուրային պահվածքի ձևը (տափաստանային շատ շրջաններում քոչվորությունը պահպանվեց մինչև 20-րդ դարը)։ Նախասկզբնական շրջանում տավարը բուծվում էր միս ստանալու և աշխատեցնելու համար։ Վարժեցրած կենդանիների և դրանց վայրի նախնիների կաթնատվությունը եղել է շատ ցածր։ Աստիճանաբար, երբ մարդն սկսեց կաթն օգտագործել սննդի մեջ և դրանից պատրաստեց զանազան սննդամթերքներ (կարագ, պանիր և այլն), կարևորվեց կաթնատվության բարձրացման խնդիրը։ Գոմաղբն օգտագործվեց որպես պարարտանյութ, իսկ աթարը՝ առանձին շրջաններում որպես վառելիք։

Տավարաբուծությունը Ցարական Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոսսա ցեղատեսակի կով

Ցարական Ռուսաստանում տավարաբուծությունը գյուղատնտեսության հետամնաց ճյուղերից էր։ Գյուղացիական շատ տնտեսություններում խոշոր եղջերավորները օգտագործվում էին որպես բանող կենդանիներ։ Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական նահանգներում կովերի տարեկան միջին կաթնատվությունը 19-րդ դարում կազմում էր 300-320 կգ։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում հնարավորություններ ստեղծվեցին խոշոր քաղաքների և արդյունաբերական կենտրոնների, ինչպես նաև յուղագործարան շրջանների (Մերձբալթիկա, ոչսևահողային գոտու հյուսիսային և կենտրոնական շրջաններ, Արևմտյան Սիբիր և Ուրալ) շուրջը զարգացնելու ինտենսիվ տավարաբուծություն։ Կաթնամթերքների նկատմամբ պահանջարկի ավելացման հետ կապված, ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել կենդանիների ցեղայնության, կերակրման ու խնամքի պայմանների բարելավման հարցերին։ Ստեղծվեցին խոլմոգորյան, բեստուժևյան, տագիլյան, տափաստանային կարմիր, յարոսլավլյան տավարի ցեղերը։ Առանձին շրջաններում ինտենսիվ տավարաբուծության կազմակերպումը էական ազդեցություն չթողեց ամբողջ երկրի տավարաբուծության զարգացման վրա։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը Ռուսաստանի եվրոպական մասում 1900 թվականի համեմատությամբ 1913 թվականին ավելացավ ընդամենը 1%-ով։ Տավարաբուծական շրջանների գերակշռող մասում բուծվում էին ոչ ցեղական, ուշահաս, փոքր և ցածր մթերատու կենդանիներ։ Կովերի միջին կենդանի զանգվածը 250-300 կգ էր, տարեկան միջին կաթնատվությունը՝ մոտ 982 կգ (1913 թվական)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և քաղաքացիական կռիվներից հեւոո տավարի գլխաքանակը խիստ կրճատվեց (1916 թվականի համեմատությամբ 1922 թվականին մոտ 24% ֊ով)։ Գյուղատնտեսության վերականգնման համար իրագործված կազմակերպական և տնտեսական մի շարք միջոցառումների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց կարճ ժամկետում ավելացնել կենդանիների գլխաքանակը (1928 թվականին 1916-ի համեմատությամբ այն ավելացավ 14%-ով, այդ թվում կովերինը՝ 15%-ով)։

Կոլեկտիվացման շրջանում և դրանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական սպիտակ կով

Կոլեկտիվացման սկզբնափուլում (1928-1930) կենդանիների գլխաքանակը խիստ կրճաավեց։ Հետագա տարիներին, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ամրապնդման շնորհիվ կենդանիների գլխաքանակը զգալիորեն վերականգնվեց (1928 թվականի համեմատությամբ 1941 թվականին կազմեց մոտ 82%, այդ թվում կովերինը՝ 84,3%)։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) կենդանիների գլխաքանակը կրճատվեց 13%-ով, իսկ կովերինը՝ 18-ով։ Ետպատերազմյան տարիներին կենդանիների գլխաքանակն աստիճանաբար ավելացավ։

Տավարաբուծության բարելավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների որակական բարելավման աշխատանքներն սկսվեցին խորհրդային իշխանության առաջին տարիներին։ ժողկոմխորհը տոհմային անասնաբուծության մասին 1918 թվականի հուլիսի 19-ին հրապարակեց դեկրետ, դրանից հետո մշակվեցին անասնապահության բարելավման պլանային միջոցառումներ, կազմակերպվեցին տոհմաբուծարաններ և տոհմային գործարաններ։ Կովերի կաթնատվության բարձրացման գործում մեծ դեր խաղաց կաթնային կոոպերացիայի համակարգի (տարբեր շրջաններում ստուգիչ ընկերությունների) ստեղծումը։ Այդ ընկերությունների տնտեսություններում կովերի տարեկան միշին կաթնատվությունն աճեց և կազմեց 2000-3000 կգ։ Ընտրվեցին տավարի արժեքավոր խմբեր, որոնց հիմքի վրա կազմակերպեցին պետական տոհմաբուծարաններ։ Տոհմային ռեսուրսների ուսումնասիրությունը հնարավորություն ստեղծեց մշակելու տեղական ցածր մթերատու կենդանիների որակական բարելավման պլան՝ տրամախաչման ժամանակ օգտագործելով բարձր մթերատու ցեղերի ցուլեր։ ՀամԿ(բ) կ կենտկոմի 1934 թվականի պլենումն առաջադրեց երկրում տոհմային գործի կազմակերպման հիմնական միջոցառումները։ Հետևողական պլանային տոհմային աշխատանքների շնորհիվ տեղական ցածր մթերատու տավարը բարելավվեց, և ստեղծվեցին կոառրոմայի, լեբեդինյան, կովկասյան գորշ, ալաթաույան, սիչեյան, սեաբղետ, կուրգանի կաթնատու, ինչպես նաև ղազախական սպիտակագլուխ մսատու ցեղերը։

1980-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին երկրի խոշոր եղջերավորների ընդհանուր գլխաքանակի 99%-ը կազմել են ցեղական կենդանիները։ Տավարի որակական վերափոխման, կերակրման և խնամքի պայմանների բարելավման շնորհիվ ավելացավ կենդանիների մթերատվությունը։ Լավագույն տնտեսություններում կովերի տարեկան միջին կաթնատվությունը կազմել է 5000-5500 կգ (1984 թվականին ԽՍՀՄ-ում միջին կաթնատվությունն եղել է 2289 կգ)։ 1984 թվականին արտադրվել է 97600 հազար տոննա կաթ, 6,9 միլիոն տոննա տավարի միս։

Տավարաբուծության ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կաթի ու մսի արտադրության փոխհարաբերության տարբերում են կաթնային, կաթնամսային, մսակաթնային և մսային ուղղության տավարաբուծություն։ Կաթնային տավարաբուծության տնտեսություններում 100 կգ կաթի դիմաց արտադրում են 2-3 կգ միս, մատղաշն իրացնում են վաղ հասակում(կաթնամսային և մսակաթնային տավարաբուծության ժամանակ համապատասխանաբար՝ 4-6 կգ միս՝ 11-18 ամսականում և 7-11 կգ միս՝ 1,5 և ավելի տարեկանում)։ Մսային տավարաբուծության տնտեսություններում կովերին չեն կթում, հորթերին թողնում են կովերի հետ և արտադրում են միայն միս։ Կաթնային տնտեսությունների նախիրում կովերը կարող են կազմել ընդհանուր գլխաքանակի 60% և ավելի, իսկ մսատու տավարաբուծության դեպքում՝ 35-40% (ճյուղի բարձր ինտենսիվության ժամանակ)։

Տավարաբուծության հետագա զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կով

Բնակչությամբ խոշոր արդյունաբերական կենտրոնների զարգացումը տնտեսական հնարավորություններ ստեղծեց քաղաքամերձ շրջաններում կազմակերպելու կաթի ծավալային արտադրություն։ Ավելի հեռավոր և նոսր բնակչություն ունեցող շրջաններում զարգացած է մսատու տավարաբուծությունը։ ԽՍՀՄ պարենային ծրագրին համապատասխան տավարաբուծության հետագա զարգացումը ընթանում էր արտադրության ինտենսիվացման և կոնցենտրացման ուղիով։ ԽՍՀՄ առանձին գոտիներում տավարաբուծության ինտենսիվացումը զուգակցվում է գլխաքանակի ավելացմամբ, իսկ կոնցենտրացումը ենթադրում է միջճյուղային մասնագիտացում (կազմակերպվում են մասնագիտացված՝ կաթնային կամ մսային, նորոգման մատղաշի աճեցման, մսացու մատղաշի բտման տնտեսություններ և ֆերմաներ)։ ԽՍՀՄ-ում ինտենսիվ կաթնային և կաթնամսային տավարաբուծության շրջաններում ստեղծվում են կաթի արտադրության խոշոր ֆերմաներ։ Դրանց գործունեությունը զուգակցվում է նորոգման մատղաշի աճեցման տնտեսությունների ու ֆերմաների հետ։ Տնտեսության յուրահատկությունից կախված մատղաշներն իրացվում են 15-20 օրականում կամ 4-6 ամսականում՝ դրանց հետագայում աճեցնելով կամ բտելով մասնագիտացված տնտեսություններում։ Կաթնամսային և մսակաթնային տավարաբուծության շրջաններում հաճախ մասնագիտացված տնտեսությունների հետ կազմակերպում են ներտնտեսային մասնագիտացված խոշոր ֆերմաներ (կաթնային, նորոգման մատղաշի աճեցման, մսացու կենդանիների աճեցման ու բտման)։ Բնատնտեսական պայմանների առանձնահատկություններից կախված մսային տավարաբուծության համար գոյություն ունի նախիրի ավարտուն շարժով, ռեպրոդուկտորային (հիմնական խնդիրն է սերնդի ստացումը և դրա իրացումը մասնագիտացված տնտեսությանը), նորոգման մատղաշի աճեցման և բտման երեք տիպի արտադրական տնտեսություն։ Խոշոր մասնագիտացված տնտեսությունների ու ֆերմաների ստեղծումը դյուրացնում է կենդանիների տարբեր խմբերի կերակրման և խնամքի կազմակերպման աշխատանքները, հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել մեքենաները, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։

Գիտահետազոտական աշխատանքներ տավարաբուծության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարաբուծության բնագավառի գիտահետազոտական աշխատանքները տարվում են անասնաբուծության և գյուղատնտեսական համամիութենական, հանրապետական և զոնալ գիտահետազոտական ինստիտուտներում, փորձակայաններում։ Տավարաբուծությունը՝ որպես ուսումնական առարկա դասավանդվում է գյուղատնտեսական, անասնաբուծական, անասնաբուժական և անասնաբուծական-անասնաբուժական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններում։ Տավարաբուծության հարցերը լուսաբանվում են «ժիվոտնովոդստվո» («Животноводство», 1939 թվականից) և «Մոլոչնոյե ի մյասնոյե սկոտովոդստվո» («Молочное и мясное скотоводство», 1956 թվականից) ամսագրերում։

Տավարաբուծությունն արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանում տավարաբուծությունը զարգացած է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Նիդերլանդներում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Բելգիայում և այլուր։ 1970-ական թվականներից սկսած կաթնային տավարաբուծության ինտենսիվացումն ուղեկցվում է կովերի գլխաքանակի կրճատումով և խոշոր տնտեսություններում կաթի արտադրության կենտրոնացումով։ Արտադրության կենտրոնացում է տեղի ունենում նաև մսային տավարաբուծությունում։ Աշխարհի տարբեր երկրներում առավել տարածված են սեաբղետ (հոլանդական, բրիտանական և ֆրանսիական ֆրիզներն ու սեաբղետները, շվեդականը, էստոնականը և այլն), կարմիր (կարմիր տափաստանային, դանիական կարմիր, լեհական կարմիր, էստոնական կարմիր են), խայտաբղետ (սիմենթալ են), գորշ (շվից, կովկասյան գորշ են) կաթնատու, կաթնամսատու ցեղերը։

Մսատու մասնագիտացված ցեղերից բուծում են հերեֆորդները, աբերդինանգուսները, շորթհոռները, կիանյանները, ռոմանոլները, շարոլեզները, լիմուզինները, սանտագերտրուդները, կալմիկականները, ղազախական սպիտակգլուխները, կիրգիզականները և այլն։

Տավարաբուծությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիական կով

Տավարաբուծությունը Հայաստանում պատմական հնագույն ժամանակներից սկսած եղել է հայերի հիմնական զբաղմունքներից մեկը։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստանում տավարաբուծությունը կրում էր զուտ էքստենսիվ բնույթ։ Տեղական փոքր կովկասյան տավարը (իր այլատեսակներով), կերակրման ու պահվածքի անբավարար պայմանների պատճառով, մանր էր և ցածր մթերատու։ Կովերի կենդանի զանգվածը 240-270 կգ էր, կաթնատվությունը՝ 400-460 կգ։ Միայն առանձին կալվածատիրական տնտեսություններում էին կենտրոնացված տոհմային ու մթերատու որոշակի արժեք ունեցող, 1000-1500 կգ կաթնատվությամբ սակավաթիվ նախիրներ։ Կաթ և միս արտադրվում էր հիմնականում արոտային կանաչ կերի հաշվին, իսկ ձմեռվա համար կուտակվող կերերը (խոտ, ծղոտ, դարման) հազիվ էին բավարարում կենսապահ կերաբաժնի պահանջը։ Արտադրվող մթերքների մեծ մասն սպառվում էր տեղում, վերամշակումը կատարվում էր տնայնագործական եղանակով։ Տավարաբուծությունը հայ գյուղացուն ապահովում էր նաև քարշող ուժով և փոխադրամիջոցով։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո սաղմնավորվեց տավարաբուծության զարգացման ինտենսիվացումը։ 1923 թվականին կազմակերպվեց առաջին տավարաբուծական խորհրդային տնտեսությունը, հետագայում՝ Լոռու տոհմաբուծարանը, որը դարձավ կովկասյան գորշ տավարի ցեղի ստեղծման և բարելավման հիմնական օջախ։ Ներկայումս ամրապնդվել է տավարաբուծության նյութատեխնիկական բազան, մեքենայացվել են բազմաթիվ աշխատատար պրոցեսներ, գործարկվել նոր տեխնոլոգիաներին համապատասխանող արտադրական կառույցներ, համակցված և այլ կերերի արտադրության խոշոր հզորություններ, մթերքների վերամշակման ձեռնարկություններ։ Ստեղծվել է տոհմային-սելեկցիոն աշխատանքների, վերարտադրությոան, անասնաբուժական և այլ ծառայությունների իրականացման լայն ցանց։

Հայաստանում տավարաբուծությունից ստացվում էր անասնապահական բոլոր մթերքների համախառն արտադրանքի շուրջ 50%-ը կամ գյուղատնտեսական արտադրանքի 1/5 մասը։ Հանրապետության բոլոր կարգի տնտեսություններում 1983 թվականին տավարի գլխաքանակը 864 հզ էր, իսկ կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 553 հզ էր, այդ թվում կովեր՝ համապատասխանաբար՝ 331 հզ և 180 հզ։

Տավարի`Հայաստանում տարածված տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ամենատարածված տեսակներից

Պլանային է կովկասյան գորշ տավարի ցեղը, որն ամբողջ գլխաքանակի 90,8%-ն է, ինչպես նաև շվից ցեղի ածանցյալ կոստրոմյան, լեբեդինյան, գորշ կարպատյան ցեղերը՝ 3,9%, սիմենթալը՝ 1,6, սև-խայտաբղետը՝ 2,8%: 1970-ական թվականներին աննշան գլխաքանակով ներմուծվել են նաև ֆրանսիական և անգլիական մի շարք մսատու ցեղեր։ Տավարի ցեղերի ավելի քան 96%-ն ունեն կաթնամսային ուղղություն և բուծվում էին Հայաստանի բոլոր շրջաններում։ Կաթնատու սև-խայտաբղետը ցեղը տարածված էր կաթի արտադրության համալիրներում և այն տնտեսություններում, որտեղ արմատավորվել է կովերի շուրջտարյա մսուրային պահվածք։

Կերի բազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարաբուծության կերի բազան ընդգրկում է բնական և դաշտային կերհանդակների ծավալային տեսակները (արոտ, կանաչ կեր, խոտ, սենաժ, սիլոս, ծղոտ, արմատապալարապտուղներ), համակցված կերերը, արտադրության մնացորդները և թափոնները, հանքային, վիտամինային և կենսաբանական ծագման մի շարք լրացակերեր։ Կերերի արտադրության և դրանց բաշխման աշխատանքները հիմնականում մեքենայացված են։ Կերարտադրության ինտենսիվացման շնորհիվ անընդհատ ավելանում է կերի տարեկան ծախսը մեկ պայմանական գլխի հաշվով (1983 թվականին՝ 25 ց միավոր)։

ԽՍՀՄ վերջին տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարաբուծությունն աստիճանաբար փոխադրվում էր արդյունաբերական հիմքերի վրա, ստեղծվում են մեքենայացված խոշոր համալիրներ և ապրանքային ֆերմաներ։ Տոհմային աշխատանքներում առանցքային տեղ են գրավում արտադրող ցուլերի ընտրման, աճեցման, գնահատման և լայն օգտագործման խնդիրները։ Լավագույն արտադրող ցեղերից առավելագույն սերունդ ստանալու նպատակով կիրառվում է արհեստական սերմնավորում, որի շնորհիվ յուրաքանչյուր արտադրողից ստացվում է 3000 և ավելի սերունդ (բնական զուգավորման 70-100 սերնդի փոխարեն)։ Տոհմային-սելեկցիոն աշխատանքներն իրականացվում էին մասնագիտացված տոհմային ֆերմաներում, պետական տնտեսությունների, միջտնտեսային ձեռնարկությունների, համալիրների, տոհմային աշխատանքի և արհեստական սերմնավորման պետական կայանների, գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կողմից՝ գյուղատնտեսության մինիստրության ղեկավարությամբ։ Տոհմային նպատակադիր աշխատանքի շնորհիվ 1960 թվականին հաստատվեց կովկասյան գորշ ցեղը։ Տավարաբուծական մթերքների աճը տեղի է ունեցել հիմնականում կենդանիների մթերատվության բարձրացման հաշվին։ 1983 թվականին մեկ կովի կաթնատվությունը եղել է 2076 կգ (1970 թվականին՝ 1495 կգ), իսկ պետությանը վաճառած մսացու տավարի միջին կենդանի զանգվածը՝ 316 կգ (1970 թվականին՝ 231 կգ)։ Կոլտնտեսություններում և պետական տնտեսություններում տավարի մսի տարեկան արտադրությունը (կենդանի զանգվածով) շուրջ 43, կաթինը՝ 364 հզ․ տոննա է։ Աբովյանի, Ախուրյանի, Արտաշատի, Աշտարակի, Կալինինոյի, Հրագդանի, Հոկտեմբերյանի, Շահումյանի, Նաիրիի և այլ շրջանների մի շարք տնտեսություններում կովի միջին կաթնատվությունը 3500-5000 կգ է, մսացու տավարի կենդանի զանգվածը՝ 400-500 կգ (1983

Տավարաբուծությունը թեև ավելի ցածր տեմպերով, սակայն շարունակում է զարգանալ նաև այժմ՝ Հայաստանում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 596