Սիմենթալ տավարի ցեղ
Սիմենթալ տավարի ցեղ (գերմ.՝ Simmental - Զիմենթալի հովիտ անվանումից), տավարի կաթնամսատու ցեղ։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմացկուն է։ Թույրը՝ առավելապես հարդախայտաբղետ, տարբեր երանգներով, հաճախ գլխի մազածածկը՝ սպիտակ, քթի հայելին՝ բաց վարդագույն։ Մարմինը հոծ է, ոսկրակազմը՝ ամուր, մկանակազմը՝ փարթամ զարգացած, կրծքավանդակը՝ խորը և լայն։ Ցուլերի կենդանի զանգվածը 1000-1250 կգ է, կովերինը՝ 600-700 կգ։ Հորթերը արագ են աճում։ 12 ամսական հասակում ցուլիկների կենդանի զանգվածը 400-420 կգ է, 18 ամսականում՝ 500-600 կգ, իսկ սպանդային ելքը՝ 58-63%։ Կովերի տարեկան միջին կաթնատվությունը 3500-4000 կգ է (լավագույնը՝ 5000 կգ, ռեկորդայինը՝ 14430 կգ), կաթի յուղայնությունը՝ 3, 9-4, 0%։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում բուծվում է Շվեյցարիայում։ Լավ կլիմայավարժման և բարձր մթերատու հատկանիշների շնորհիվ տարածված է շատ երկրներում․ Եվրոպայում (շուրջ 35 մլն), վերջին տարիներին նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Արևելյան և Արևմտյան Աֆրիկայում, Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային, Մերձվոլգյան, Հարավային Ուրալի գոտիներում, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում, Հեռավոր Արևելքում։ Նախկին ԽՍՀՄ-ում ձևավորվել են 7 ենթատիպ, որոնք զանազանվում են տոհմային և մթերատու հատկություններով, տվյալ բնատնտեսական պայմաններին հարմարվելու ունակությամբ և նրա ածանցյալ սիճովյան ցեղերի կազմում էին ցեղային տավարի գրեթե 1/3-ը (կամ ավելի քան 18 մլն)։
Սիմենթալ տավարի ցեղի ցուլ Հայաստան է ներմուծվել XIX դարի կեսերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |