Սպիտակի երկրաշարժ
| Սպիտակի երկրաշարժ | |
|---|---|
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ | |
| Տեսակ | երկրաշարժ |
| Երկիր | |
| Տարեթիվ | դեկտեմբերի 7, 1988 |
| Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,0 |
| Հիպոկենտրոնի խորություն | 10 կմ |
| Էպիկենտրոնի տեղագրություն | 40°59′13″N 44°11′06″E / 40.987°N 44.185°E |
| Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | |
| Ցունամի | ոչ |
| Տուժածներ | 25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1] |
| Զոհվածներ | 38 000 մարդ |
| Տնտեսական վնաս | 10 միլիարդ USD |
| 40°59′00″N 44°11′00″E / 40.983333333333°N 44.183333333333°E | |
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։
Երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրը եղել է 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող խզվածքի ճեղքվածքը Կովկասյան լեռնաշղթայից, որը ձևավորվել է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի մերձեցման հետևանքով։ Տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտու երկայնքով, որը ձգվում է հարավային Եվրոպայի Ալպերից մինչև Ասիայի Հիմալայներ։ Այս գոտու երկայնքով սեյսմիկությունը նշանավորվում է Էգեյան ծովից, Թուրքիայի և Իրանի միջով և դեպի Աֆղանստան հաճախակի ուժեղ երկրաշարժերով։ Թեև Հայաստանում սեյսմիկ իրադարձությունների կրկնությունը չի հասնում այն բարձր հաճախականությանը, որը նկատվում է այս գոտու մյուս հատվածներում, կեղևի արագ դեֆորմացիան կապված է ակտիվ հրաբխային խզվածքի և հրաբխային ակտիվության հետ։ Արարատ լեռը, որը 5,137 մ բարձրությամբ հանգած հրաբուխ է, գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 100 կմ դեպի հարավ՝ Թուրքիայի տարածքում[6]։
Երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի 60 կմ երկարությամբ հրող խզվածքի երկայնքով, որը ձգվում է Կովկասյան լեռնաշղթայի հետ զուգահեռ և թեքվում դեպի հյուսիս-հյուսիսարևելք։ Սեյսմոլոգ և Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) երկրաբանական ու մոլորակային գիտությունների պրոֆեսոր Բրյուս Բոլթը 1992 թվականին քայլել է խզվածքի մակերևութային ճեղքի ամբողջ երկարությամբ և պարզել, որ ուղղահայաց տեղաշարժը մեծ մասում կազմել է 1 մ, իսկ հարավարևմտյան ծայրում հասել է 1.6 մ[7]։ Երկրաշարժի ժամանակ Սպիտակի հատվածի հյուսիս-արևելյան կողմը բարձրացել է դեպի վեր և դեպի հարավ-արևմուտք[8]։
Ձայնալիքային մոդելավորումը ցույց է տվել, որ խզվածքի շարժումը սկսվել է 5 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ալավարի հրող խզվածքի վրա՝ Փոքր Կովկասի լեռների լանջերին, Արագած լեռից հյուսիս։ Գլխավոր ցնցումը առաջացրել է մակերևութային ճեղքում և տարածվել է դեպի արևմուտք, իսկ երկու վայրկյան անց տեղի է ունեցել առանձին սահող ենթաշարժ, որը տարածվել է դեպի հարավարևելք։ Արևմուտք շարժվելիս խզվածքը բաժանվել է երկու ճյուղի՝ հյուսիս թեքվող հակադարձ խզվածք (հյուսիսային ճյուղ) և աջ ուղղաձիգ սահող խզվածք (հարավային ճյուղ), սակայն երկուսն էլ մակերևութային ճեղքում չեն առաջացրել։ Ընդհանուր առմամբ, առաջին տասնմեկ վայրկյանում տեղի է ունեցել հինգ ենթաշարժ, իսկ չորս րոպե քսան վայրկյան անց գրանցվել է 5.8 (տեղային մեծությամբ) ուժգնության հետցնցում[9][10]։
Սեյսմոլոգիական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК - 64 սանդղակի,
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
- Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
- Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը- 0,7-1‚0 մ։
Ավերման գոտու բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի,
- Ավերված քաղաքների թիվը - 11,
- Ավերված գյուղերի թիվը - 58,
- Տուժած քաղաքների թիվը - 21,
- Տուժած գյուղերի թիվը - 342,
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
| Սպիտակի երկրաշարժ | Լոմա-Փրիետա երկրաշարժ | |
| Թվական | դեկտեմբերի 7, 1988 | հոկտեմբերի 17, 1989 |
| Ուժգնություն | 6.9 | 7.1 |
| Վայր | Հայաստան | Հյուսիսային Կալիֆորնիա |
| Մահացածներ | >25,000 | 67 |
| Վիրավորներ | 31,000 | 2,435 |
| Անօթևան մնացածներ | 514,000 | 7,362 |
| Գույքային վնաս | Անհայտ | ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար |
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
- ↑ «Earthquakes». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
- ↑ Информация с сайта http://www.epicentrum.ru
- ↑ Информация с сайта www.demoscope.ru
- ↑ К катастрофе самолёта Ил-76 в Иране
- ↑ Bolt, Bruce (2005 թ․ օգոստոս), Earthquakes: 2006 Centennial Update – The 1906 Big One (Fifth ed.), W. H. Freeman and Company, էջեր 65–67, ISBN 978-0-7167-7548-5
- ↑ Bolt, Bruce (2005 թ․ օգոստոս), Earthquakes: 2006 Centennial Update – The 1906 Big One (Fifth ed.), W. H. Freeman and Company, էջեր 65–67, ISBN 978-0-7167-7548-5
- ↑ Monastersky, Richard (1989 թ․ հունվարի 21). «Lessons and questions emerge from Armenian quake». Science News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում) (subscription required)
- ↑ Cisternas et al. 1989, էջ. 676
- ↑ Yeats, Robert (2012), Active Faults of the World, Cambridge University Press, էջ 310, ISBN 978-0-521-19085-5
- ↑ Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակի երկրաշարժ - դասարան․ամ
- Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը կնշանավորվի նաև «Սպիտակ» լայնակտավ ֆիլմով
- spitakseism.tk - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածու Արխիվացված 2023-01-30 Wayback Machine
- Վահան Ամատունու ',,ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,, հոդվածը' 9-13 դեկտեմբերի 1988 թ.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակի երկրաշարժ» հոդվածին։ |
|
