Կայծոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայծոն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԼոռու մարզ
Վարչական միավորՇնող գյուղ
ԵրկիրՀայաստան
Կազմված է մասերիցԳաղտնուղի, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի Սբ. Գևորգ, Զանգակատուն և Մատուռ Սբ. Աստվածածին («Տերունական խաչարձան»)
Կառուցված10-11-րդ դարեր
ԿառուցողԳրիգոր Մագիստրոս
Բաց է հանրության համարայո

Կայծոն կամ Ամանակ, միջնադարյան ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր գավառում (այժմ՝ Լոռու մարզի Շնող գյուղի տարածքում, Ալավերդի քաղաքից 24 կմ արևելք), Դեբեդ գետի աջափնյա եռանկյունաձև հրվանդանի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծոն ամրոցը գտնվում է ներկայիս Շնող գյուղի տարածքի հյուսիս-արևմտյան մասի եռանկյունաձև հրվանդանին։ Տեղացիները այդ վայրը անվանում են Վենձ քարի գլուխ։ Գյուղի ընդհանուր տարածքի նկատմամբ ոնի իշխող դիրք։ Աչքի է ընկնում բնական պաշտպանական հուսալի և նպաստավոր պայամններով, պարագծով եզերված է բարձր, մեծ մասամբ անմատչելի ժայռերով։ Հրվանդանը հյուսիս-արևմտյան երկարությամբ հարում է Դեբեդ գետի կիրճին, հարավային կողմից Առվի ձորն է՝ փոքրիկ գետակով, իսկ արևելյան կողմից շրջափակված էհեղեղատներից առաջացած ոչ խորը ձորակով։

Հրվանդանը եզերող ժայռերի տարբեր աստիճաններում կան դժվարամերձ քարայրեր, որոնց ապավինել են տեղի բնակիչները հարձակումների և ավարառությունների ժամանակ։ Հետաքրքիր է, որ վերջին տարիներին ամրոցի տարածքում և մերձակայքում ի հայտ են բերել բրոնզե և պղնձե իրեր, խեցեղեն քարարկղային թաղումներ և այլն, որոնք վկայում են,որ այս վայրերը բնակեցված են եղել վաղնջական ժամանակներից։ Անշուշտ, վաղ է այդ մասին որոշակին խոսք ասել, քանի դեռ ամրոցի տարածքը չի ենթարկվել հնագիտական մանրազնին ուսումնասիրության։

Երզնկյացը նշում է, որ «ինչպես ավանդաբար պատմում են, Գրիգոր մագիստրոս Պահլավունին գաջ ու կրիա ամուր պարիսպ է կառուցել տվել, որի հաստությունը երկու արշինից ավելի է, ունեցել է կամարակապ ընդարձակ դուռ, կողքերին երկու մեծ աշտարակներ։ Բայց ափսո՜ս, որ այժմ գյուղացիք քանդել են թե՛ պարիսպը, թե՛ դուռը, քարը իրանց շինությանց վրա գործածելով, իսկ տեղերն էլ իրանց տների համար բռնելով․ այժմ հենց այս թամքուցումն կան և շատ մեծությամբ թափված հին պարսպի շաղախներ»։ Ինչպես պատերի մնացորդների շրջանում, այնպես էլ ամրոցի տարածքի այլ մասերում չհաջողվեց հայտնաբերել պարսպապատի շաղախի հետքեր։ Սակայն դա չի բացառում ամրոցի պատերում (հատկապես «կամարակապ» մուտքի և կողքի աշտարակների շարվածքում) շաղախի օգտագործման հանգամանքը։

Ամրոցը ուշ շրջանում հիշվում է Սանահինի վանքի առաջնորդ Հարություն Տեր-Բարսեղյանցին նվիրվածի հիշատակագրությունում, որ թվագրված է 1834-ով։ Կայծոն ամրոցը առ այսօր ճարտարապետական և հնագիտական հատուկ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ամրոցի հիմնական մուտքի ընտրությունը կատարված է ռազմա-պաշտպանական խնդիրները, նաև բնական պայմանները վարպետորեն հաշվի առնելով, ինչպես Հայաստանի շատ ամրոցներում(որոնց եզրագծով կառուցված եղել պարսպատերը), ուղղվում է դեպի հրվանդան, դրանով իսկ հնարավորություն տալով ամրոցի պաշտպաններին շատ նպաստավոր դիրքերից, հենց ամրոցի մատույցներում դիմագրավել հակառակորդի ուժերին։

«... ունի քարափի մեջ ցցած փայտե սեպեր, որոնց բռնելով և թե վրան կանգնելով, բարձրանալից են եղել»
- Գ Երզնկյանց, Հնությունք հայրենյաց. Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895 թվական, համար 30, էջ 3

Ամրոցի տարածքը անմատչելի է հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերից, որտեղ ուղղաձիգ, գահավեժ ժայռերն ունեն ավելի քան 35 մ բարձրություն։ Տափարակի չափը ամենաերկար մասում 580 մ է, ամենալայն մասում՝ 256 մ, մակերեսը կազմում է 6.5 հա։ Այն ունի ոչ մեծ թեքություն՝ արևելք-արևմուտք ուղղությամբ։ Ներկայումս տափարակը կառուցված է բնակելի տներով, հիմնականում շինված վերջին տասնամյակներում.Միջնադարյան Հայաստանի գրեթե բոլոր ամրոցները և բերդերը իրենց պաշտպանական համակարգում ունեցել են գաղտնուղիներ, որոնք ծառայել են ինչպես ջուր վերցնելու, այպես էլ պաշարման ժամանակ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու նպատակով։ Այդ առումով Կայծոն ամրոցը բացառություն չի կազմել․ մոտ մեկ տասանամյակ առաջ ամրոցի հարավ-արևմտյան մասում ավտոժանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ բացվել է հրվանդանի կողմից դեպի ձորն իջնող գաղտնուղի, թունելի ձևով, առանց ամրացման և արհեստական ծածկի(պատահարներից խուսափելու նպատակով այն ներկայումս փակված է։

«Ինչպես ավանդաբար պատմում են, Գրիգոր մագիստրոս Պահլավունին գաջ ու կրի ամուր պարիսպ է կառուցել տվել, որի հաստությունը երկու արշինից ավելի է, ունեցել է կամարակապ ընդարձակ դուռ, կողքերին երկու մեծ աշտարակներ։ Բայց ափսո՜ս, որ այժմ գյուղացիք քանդել են թե՛ պարիսպը և թե՛ դուռը, քարը իրանց շինությանց վրա գործածելով, իսկ տեղերն էլ իրանց տների համար բռնելով. այժմ հենց այս թամքուցումն կան և շատ մեծությամբ թափված հին պարսպի շաղախները։»
- Գ. Երզնկյանց, Հնությունք հայրենյաց. Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895 թվական, համար 30, էջ 3

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի շինարարությունը վերագրում են Հոլում Վասակին, ով ապրելիս է եղել Բագրատունիների ժամանակաշրջանում և գտնվել է նրանց հովանու ներքո[1][2][3][4] և հանդիսացել է նրան զորավարներից մեկը։ Նրա նախնիները պատկանել են Կամսարականների տոհմին[5]։

Պատմություն և հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի շինարարության ժամանակին վերաբերվող ամենավաղ տեղեկատվությունը հայ մատենագրության մեջ պատկանում է 13-րդ դարի պատմիչ Մխիթար Այրիվանեցուն, որը խոսելով Գրիգոր Մագիստորսի մասին, գրում է.

«Սա է որդին Հոլում Վասակայ՝ շինողին Բջնոյ, Կայենոյ և Կայծոնոյ»
- Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860 թվական, էջ 58-59

Կայծոնը մի շարք բերդերի հետ պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան շառավիղներին։ Վարդան պատմիչը հիշատակում է, որ Աշոտ Ողորմածի մահից (977 թվական) հետո նրա կալվածքները բաժանվում են երեք որդիների՝ Սմբատի, Գագիկի և Գուրգենի միջև.

«... և կրտսեր եղբայրն ժառանգէ զՏաշիր Սեւորդւովքն Ձորոյգետին. և զԿայեն և զԿայծոն, զԽորխոռունիք՝ որ ի Խոռայ շինեցաւ, որ է Խոշոռնի ր Խոռակերա, և զբզնունիք՝ որ է Բազկերտ՝ ի գաւառն Տաշրայ. և այլ բերդք անուանիք եհաս Գուրգենայ, զոր Վիրք Սոմխէթ կոչեն[6]»
- «Մեծին Վարդանայ Բարձրբերդեցւոյ Պատմութւին տիեզերական», Մոսկվա, 1861 թվական, էջ 122

Գագիկ Ա-ի (990-120 թվականներ) մահից հետո նրա ավագ որդուն՝ Հովհաննես–Սմբատին (1020-1041 թվականներ) բաժին է ընկնում

«... զԱնի և զՇիրակ, զսուրբ Գրիգոր Ձորովն Աշոցաց, զԱնբերդ և զդաշտն Այրարատեան, զԿայեան և զկայծոն և զՏավուշ գավառն Սեւորդեաց»
- Վարդան Արևելցի, Հաւաքումն պատմութեան, էջ 92

Կայծոն ամրոցի տերերի շարքում հիշատակվում է նաև Գրիգոր Մագիստրոսը (990-1058 թվականներ), որն իր իշխանության կենտրոն ունենալով Բջնի բերդը, տեր է դառնում նաև Կայան և Կայծոն բերդերին։ Գրիգոր Մագիստրոսը երկար չի իշխում.

«... տայ զԲջնի՝ ի Մոնոմախն, զԿայեան և զԿայծոն, զոր ընդ ձեռամբ իւր ունէր, և առնու զդքսութիւնն Միջագետաց[7]»
- Հ. Մանանդյան, «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. Գ, Երևան, 1952 թվական, էջ 405

Համաձայն 1063 թվականին գրված վավերագրերից մեկի՝ Կայծոնը մի շարք այլ բնակավայրերի և բերդերի հետ նվիրվել է Հաղպատի վանքին.

«... և մեր հայոց ազգքս ետուք սրբոյ Նշանին Հաղբատայ վիճակն Աղուանից Տայօղն, Գօրականն, Ձորագեղն, Կայեանն, Կայէծօնն, Աղէստաֆէն, Խօջաբազարն, Մահակն, Գաքէն, Շամքօրն, Շաքեն...»
- «Լումա», գիրք Ա, 1898 թվական, Տփղիս, էջ 263

Սելջուկ-թուրքերը սուլթան Արփ-Արսլանի գլխավորթույամբ 1064-1065 թվականներին գրավեցին Հայաստանի զգալի մասը, այդ թվում՝ Գուգարքը։ Վրաց թագավորությունը՝ Դավիթ Շինարարի օրոք հզորանալով, խլեց այն սելջուկներից և միացրեց Վրաստանին։ 13-րդ դարի անանուն վրացի պատմիչի վկայությամբ, Թամար թագուհին (1184-1213 թվականներ) Իվանե Զաքարյանին արքունի մեծ վեզիր նշանակելիս նվիրում է նրան մի շար քաղաքներ և բերդեր, որոնց թվում նաև Կայծոն բերդը.

«Ողորմած լինելով հավատարիմների և յուրայինների հանդեպ՝ [Թամար թագուհին] ... շնորհեց Սարգսի որդի Հովհաննին (Իվանեին) առաջնություն և գործակալի (մսախուրթուխուցեսի) և ի պատիվ՝ Կայենն և Կայծոնը, Գեղարունիքով և այլ բազում հարկատուքաղաքներով, բերդերով ու երկրներով...»
- Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրներ Հայաստանի և հայերի մասին, հատոր Բ, Երևան, 1936 թվական, էջ 13

Գեղարդի վանքի արձանագրություններից մեկում ևս նշվում է, որ Իվանեի տիրապետության սահմանները տարածվում էին.

«առ ի Կայենով եւ Կայծոնով մինչև /ի Բարկուշատ եւ մինչ/ ի Յականա եւ մինչ ի Նախճաւան եւ անդի մինչ ի Կարս...[8]»
- Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոյշանք հայոց պատմության մեջ, հատոր Բ, Երևան, 1936 թվական, էջ 13

1063 թվականին գրված մի վավերագրից իմացվում է, որ Կայծոնը՝ մի շարք այլ բնակավայրերի և բերդերի հետ, նվիրված է եղել Հաղպատի վանքին։

Սելջուկ-թուրքերը սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ 1064-1065 թվականներին գրավեցին Հայաստանի զգալի մասը, այդ թվում՞ Գուգարքը, որը նրանց ձեռքում մնաց մինչև 1118-1123 թվականները, երբ վրաց թագավորությունը, Դավիթ շինարարի օրաք հզորանալով, խլեց այն սելջուկներից և միացրեց Վրաստանին։ 18-րդ դարի Անանուն վրացի պատմիչի վկայությամբ, Թամար թագուհին Իվանե Զաքարյանին արքունի մեծ վեզիր նշանակելիս նվիրում է նրան մի շարք քաղաքներ ու բերդեր, որոնց թվում՝ Կայծոն ամրոցը. «Ողորմած լինելով հավատարիմների և յուրայինների հանդեպ՝ Թամար թագուհին... շնորհեց Սարգսի որդի Հովհաննին առաջնություն և գործակալի պաշտոնը և ի պատիվ՝ Կայենն ու Կայծոնը, Գեղարքունիքով և այլ բազում հարկատու քաղաքներով, բերդերով ու երկրներով...»: Գեղարդի արձանագրություններից մեկում ևս նշվում է, որ Իվանեի տիրապետության սահմանները տարածվում են «առ ի Կայենով և Կայծոնով մինչև ի Բարկուշատ և մինչ Յականա և մինչ ի Նախճավան և անդի մինչ ի Կարս...»:

13-րդ դարի առաջին կեսին թաթար-մոնղոլների ասպատակությունները կասեցրին երկրի տնտեսական-մշակութային զարգացումը և պատճառ դարձան բնակչության զանգվածային արտագաղթի։ Առանձնապես տուժեցին այն գավառները, որոնք գտնվում էին Զաքարյանների տիրապետության տակ։ Այդ ժամանակ Կայծոն ամրոցն կորցրել էր իր պաշտպանական հենակետային նշանակությունը, քանի որ դրանից հետո ամրոցի այդօրինակ դերի վերաբերյալ հիշատակություններ չկան։

18-րդ դարի երկրորդ կեսին լեզգիների պարբերական արշավանքների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ.

«Ծերունիք մեր դեռ ևս յիշեն ղամեհի արձակումն Օմար-խանին Աւարիոյ ի 1772 ամի 30000 հատընտիր լեկզի զօրօք, որ ոտնակոխ արարեալզՎրաստան և զբոլոր նահանգս Բօրչալուի... ապա խուռն բազմութեամբ ասպատակ սփռեալ ի Ձորագետն ի վեր, գերի արարեալ զբազմութիւնս ժողովրդոց էած ի Դագստան»
- Ռոստոմ-Բեդ Երզնկյանց, Հնախոսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից սրբոյ Նշանի, Վաղարշապատ, 1886 թվական, էջ 10

Նույնանման ողբերգության մասին, այս անգամ պարսից Աղա Մահմեդ խանի կողմից 1795-1797 թվականներին՝ Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ, հիշատակում է Վարդան Օձնեցին[9]։

Վրաց Գեորգի թագավորը Աղա Մահմեդ խանի հրոսակներից խույս տված և Վրաստանին ապավինած Ղարաբաղի մելիքներին, 1799 թվականին ռուսաց կայսեր հրովարտակի համաձայն, շնորհում է մի շարք գյուղեր, որոնց թվում և Շնողը[10]։

Ամրոցը ուշ շրջանում հիշվում է Սանահնի վանքի առաջնորդ Հարություն Տեր-Բարսեղյանցին նվիրված հիշատակագրություններից մեկում, որը թվագրված է 1834 թվականով[11]։

Կայծոն ամրոցն առ այսօր ճարտարապետական և հնագիտական հատուկ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ամրոցի վերաբերյալ նկարագրական բնույթի համառոտ տեղեկություններ են հանդիպում 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հեղինակների (Ս. Ջալալյանց, Մ. Բարխուդարյան, Գ. Երզնկյանց, Ե. Լալայան և ուրիշներ) ուսումնասիրություններում, որոնց մի մասը որոշ տվյալներ է պարունակում նաև ամրոցի պաշտպանական համակարգի և պահպանվածության վիճակի վերաբերյալ։ Նա տեղ է գտել Ալավերդու շրջանի ճարտարապետական հուշարձանների ուղեցույցում, Հայաստանի պատմական հուշարձաններին նվիրված աշխատություններում, Կայծոն-Շնողի հնագիտական և ճարտարապետական հուշարձանների արժեքվորմանն նվիրված Վ. Ավետյանի շահեկան հոդվածը։

Կայծոն ամրոցը գրավելիս է եղել Շնող գյուղի ներկայիս տարածքի հյուսիս-արևմտյան մասի եռանկյունաձև հրվանդանը, որ տեղի խոսվածքով կոչվում է «Վենձ քարի գլուխ»։ Գյուղի ընդհանուր տարածքի նկատմամբ այն ունի իշխող դիրք։ Ինչպես հայկական մյուս ամրոցների, այնպես էլ Կայծոնի տարածքն աչքի է ընկնում բնական պաշտպանական հուսալի ու նպաստավոր պայմաններով, պարագծով եզերված է բարձր, մեծ մասամբ անմատչելի ժայռերով։ Հրվանդանը հյուսիս-արևմտյան երկարությամբ հարում է Դեբեդի կիրճին, հարավային կողմից Առվի ձորն է՝փոքրիկ գետակով, իսկ արևելյան կողմից շրջափակված է հեղեղատներից առաջացած ոչ խոր ձորակով։ Իր շրջագծով և բնական պաշտպանական համակարգով Կայծոնը շատ նման է Գառնիի, Անիի, մասամբ նաև Լոռի ամրոցին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծոն ամրոցի պաշտպանական կառույցներից շատ քիչ մասն է պահպանվել։ Դրանք պարսպապատերի մնացորդներն են մոտ 10 մ երկարությամբ՝ ամրոցի տարածքի արևելյան անկյունաձև մասի երկու կողմերում։ Հյուսիսային կողմի մնացորդներն ունեն 3-3.5 մ, իսկ հարավային կողմինը՝ 1.5-1.8 մ բարձրություն։ Պատը տեղական բազալտե քարի խոշոր անմշակ կտրոններից է, կիկլոպյան տիպի (առանց շաղախի օգտագործման) միաշերտ շարվածքով։ Առանձնապես խոշոր են հյուսիսային կողմի քարերը, որոնց զգալի մասը ունի 1 մ x 0.9 մ x 1.2 մ չափեր։

Ամրոցի հիմնական մուտքը գտնվել է արևելյան կողմում, որտեղ տափարակը նեղ պարանոցով միանում է գյուղի ընդհանուր տարածքին։ Ամրոցի հիմնական մուտքի ընտրությունը կատարված է ռազմա-պաշտպանական խնդիրները, նաև բնական պայմանները վարպետորեն հաշվի առնելով, ինչպես Հայաստանի շատ ամրոցներում (Գառնի, Ամբերդ, Անի)։ Ճանապարհը, հրվանդանին չհասած, թեքվում է հարավ և ընդհուպ մոտենալով ժայռերին, ուղղվում է դեպի հրվանդան, դրանով իսկ հնարավորություն տալով ամրոցի պաշտպաններին շատ նպաստավոր դիրքերից, հենց ամրոցի մատույցներում դիմագրավել հակառակորդի ուժերին։ Հիմնական մուտքից բացի ամրոցն ունեցել է օժանդակ մուտք հարավային կողմից, որտեղ ժայռերը նվազ թեքությամբ իջնում են դեպի ձորը։

Ամրոցի ջրամատակարարման խնդիրը լուծվել է Սուրբ Սարգիս բլրի արևելյան կողմի («Խէչի եդի կըռան») ձորում բխող աղբյուրի շնորհիվ։ Աղբյուրը գտնվում է ամրոցից բարձր տեղում, որը հնարավորություն է տալիս բլրի լանջով գցված կավե խողովակներով ջուրը ինքնահոսով հասցնել ամրոց։

Միջնադարյան Հայաստանի գրեթե բոլոր ամրոցները և բերդերը իրենց պաշտպանական համակարգում ունեցել են գաղտնուղիներ, որոնք ծառայել են ինչպես ջուր վերցնելու, այնպես էլ պաշարման ժամանակ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու նպատակով։ Կայծոն ամրոցը ևս ունեցել է գաղտնուղի։ Ամրոցի հարավ-արևմտյան մասում ավտոճանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ բացվել է հրվանդանի կողմից դեպի ձորն իջնող գաղտնուղի՝ թունելի ձևով, առանց ամրացման և արհեստական ծածկի[12][13]։

Ամրոցում գտնվող հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի տարածքում պահպանված հուշարձանները փոքրաթիվ են՝ երկու եկեղեցիներ, խաչքարեր և տապանաքարեր։ Հնարավոր է, որ ամրոցը ստորը ներկայացված հուշարձաններից բացի, ունեցել է այլ կառուցվածքներ՝ ջրամբար, բաղնիք, պալատական շենք և այլն, սակայն նրանց մասին որևէ տեղեկատվություն չի պահպանվել։

Անանուն եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է ամրոցի արևմտյան մասում, հարավային քարափից ընդամենը 6 մ հեռավորության վրա։ Եկեղեցուց պահպանված է պատը և աբսիդի մասը։ Այն երկթեք կտուրով միանավ դահլիճ է՝ 690 սմ x 430 սմ ընդհանուր չափերով։ Աղոթասրահը (380 սմ x 282 սմ) արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան աբսիդով, որի երկու կողմերում գրեթե սիմետրիկ դասավորված են 40 սմ x 35 սմ չափեր ունեցող պատուհաններ։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան կողմից։ Բեմի մասը լուսավորվում է 22 սմ և 60 սմ չափով պատուհանից։

Եկեղեցին կառուցված է տեղական բազալտի կոպտատաշ մանր քարերից՝ կապակցված կրաշաղախով։ Ստորին շարքերը և անկյունային մասերը համեմատաբար խոշոր, կիսամաքրատաշ քարերից են, որոնց մեծը մասը ներկայումս հանված է և եկեղեցու հիմքերի հետ կապված են միայն պատի կես հաստությամբ։ Պատերը բարակ են՝ 70-75 սմ։ Ծածկը եղել է կիսագլանաձև թաղից՝ առանց ենթաթաղային կամարների։ Թաղի ստորի շարքի մանացորդներ պահպանվել են հյուսիսային պատի վրա։ Թաղը շարված է եղել երկայնական շարքերով մանր քարերից։ Եկեղեցին եղել է սվաղված. աբսիդի և հյուսիսային պատի վրա ներքուստ կան սվաղի մնացորդներ։ Կտուրի ծածկից ոչինչ չի պահպանվել։

19-րդ դարի վերջին եկեղեցին ամբողջական ձևով կանգուն է եղել[14]։ Նրա շուրջը հին գերեզմանատունն է։ Հարավ-արևմտյան մասում գտնվել է Ավետիս քահանայի տապանաքարը՝ ՈԽԷ (1198 թվական) թվագրությամբ։ Եկեղեցին կառուցվել է ավելի վաղ՝ 10-րդ դարից ոչ ուշ։

Սուրբ Գևորգ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցին տեղադրված է հրվանդանի կենտրոնական մասում՝ գրեթե երկայնական առանցքի վրա և համեմատաբար լավ է պահպանված։ Պատկանում է երկթեք կտուրով եռանավ դահլիճների տիպին։ Հատակագծում այն ուղղանկյուն է՝ 1633 սմ x 986 սմ չափերով։ Աբսիդը և ավանդատները արևելյան կողմից սահմանափակված են ընդհանուր պատով։ Աղոթասրահը (1085 սմ x 812 սմ) երկու զույգ սյուներով բաժանված է երեք նավերի։ Կենտրոնական նավը կրկնակի անգամ լայն է եզրայիններից։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից։ Աղոթասրահը լուսավորվում է հարավային ճակատի զույգ և ամրևտյան ճակատի կենտրոնական մեկ պատուհաններից։ Եկեղեցու նավերը, ավանդատները, ծածկված են կիսագլանաձև թաղերով։ Նավերի թաղերի տարածական կոշտությունը մեծացվում է ենթաթաղային զույգ կամարների միջոցով, որոնք թաղի հարթությունից դուրս են գալիս 16 սմ չափով։

Եկեղեցու պատերը ներսից շարված են բազալտե մանր կոպտատաշ, իսկ դրսից՝ խոշոր սրբատաշ քարերով։ Կամարները, որմնակամարները, սյուների միակտոր բները, ինչպես նաև աբսիդի, դռների և պատուհանների եզրերը նույնպես սրբատաշ բազալտից են։ Ճակատային հարթություններ պարզ են՝ առանց դեկորատիվ հնարքների։ Եկեղեցու քիվը պահպանվել է միայն երկայնական ճակատներում. այն դեղնականաչավուն ֆելզիտից է՝ պարզ գոգավոր արմատով։ Հարավային մուտքի առանցքով՝ մուտքից 1 մ բարձրության վրա գտնվող քարի վերին ձախակողմյան անկյունում նշված է եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1893 թվական։

Սուրբ Աստվածածին մատուռ («Տերունական խաչարձան»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռ Սբ. Աստվածածին («Տերունական խաչարձան»)

Կայծոն ամրոցի հետ ժամանակագրական կապի մեջ է ամրոցի տարածքի հյուսիս-արևելյան գոգավոր մասում գտնվող խաչարձան-մատուռը՝ միմյանց կից երեք խաչքարեր, ագուցված ուղղանկյուն կառուցվածքի խորշի մեջ։ Խորշը արևմտյան կողմից է և վերևից ավարտվում է կիսաշրջանագծային կամարով։ Ի տարբերություն կառուցվածքի մյուս մասերի, որոնք մանր կոպտատաշ բազալտից են, կամարի ճակատային քարերը դեղնականաչավուն ֆելզիտից են։ Միջին խաչքարից վերև պատի մեջ թողնված է խորշ՝ 57 սմ x 47 սմ չափերով, որի մեջ տեղադրված է հավասարաթև խաչ։ Խաչքարերն աչքի են ընկնում շքեղ քանդակազարդումներով, որոնք հորինվածքային գտնվում են փոխադարձ կապի մեջ։ Երեք խաչքարերի համար էլ հորինվածքային հիմնակազմ մոտիվը ծաղկած խաչն է՝ զուգակցված բուսական տարրերի (նռան, խաղողի ողկույզների, ոստերի) հորինվածքների հետ։ Հյուսիային կողմի վերնամասում և միջին կաչքարերը պսակված են հավասարաթև զույգ խաչերի և երկրաչափական ձևերի համադրական մոտիվով, իսկ հարավային կողմինը՝ ցանցկեն նրբին հյուսվածքով։ Քանդակներն աչքի են ընկնում հստակ գծագրությամբ, նկարվածքի պարզությամբ։ Հարավային խաչքարի քիվի վերին գոտում կա արձանագրություն՝ Ս[ՈՒՐ]Բ Տ[Է]ՐՈՒՆԱԿԱՆՈՂ, որից և խաչքարը ստացել է Տերունական անունը։ Հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անվամբ։ Խաչաթևերը եզերող կիսակլոր շրջանակից դուրս՝ անկյունային մասերում փորագրված է խաչքարի թվականը՝ ՈՀԱ (1222 թվական)։ Խաչքարերի հորինվածքային փոխադարձ կապից երևում է, որ դրանք նույն ժամանակի գործեր են։ Խաչքարերի առջևի մասում մեկ շարքում խոշոր բազալտե սալերից տապանաքարեր են, որոնցից մեկի վրա հստակորեն կարդացվում է ՎԱՆԵՆԻ անունը։ Խաչքարերը ծառայել են որպես մահարձաններ կամ գերեզմանական կառույցի մաս։ Խաչքարերի տեղադրությունից երևում է, որ դրանք իրենց տեղում չեն՝ նախապես եղել են առանձին պատվանդանների վրա։ Խաչարձան-մատուռն առնված է մոտ 10 մ x 13 մ արտաքին չափերով ուղղանկյուն պարսպի մեջ, որի արևմտյան կողմից դուռն է։

Հնարավոր է, որ ամրոցը, բացի վերը նշվածներից, ունեցել է և այլ կառուցվածքներ՝ ջրամբար, բաղնիք, թերևս նաև պալատական շենք, սակայն դրանց մասին պատմական ու մատենագրական տվյալներ առայժմ հայտնի չեն։

Հոլում Վասակը, որին վերագրվում է նշված ամրոցների շինարարությունը, ապրել է Բագրատունիների շրջանում, եղել է նրանց զորավարն ու թագի հովանավորը։ Նրա նախնիները պատկանել են Կամսարականների տոհմին, որը քաղաքական ասպարեզից մոտ երկու դար հեռանալուց հետո՝ 10-րդ դարի երկրորդ կեսին հայտնվել է Պահլավունի տոհմանունով։ Նշվում է, որ Վասակ Պահլավունին իր հարազատների հետ մասնակից է շատ շինարարությունների. կառուցել է շատ եկեղեցիներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգոր Մագիստրոսի թթերը», Առաջարան, Ալեքսանդրապո;, 1910 թվական, էջ ԻԷ
  2. «Սմբատայ Սպարապետի տարեգիրք», Վենետիկ, 1956 թվական, էջ 6-7
  3. Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Ե, Երևան, 1962 թվական, էջ 49
  4. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973 թվական, էջ 8-9
  5. Ղ. Ալիշան, Շնորհալի եւ պարագայ, Վենետիկ, 1873 թվական, էջ 23
  6. «Հավաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ», Վենետիկ, 1862 թվական, էջ 90
  7. Վարդան Արևելցի, Հաւաքումն պատմութեան, էջ 99
  8. Ղ. Ալիշան, Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890 թվական, էջ 340
  9. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 4331, էջ 70ա
  10. Ռոստոմ-Բեդ Երզնկյանց, Հնախոսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից սրբոյ Նշանի, Վաղարշապատ, 1886 թվական, էջ 125
  11. Հիշատակագրությունը 1.8 մ x 0.2 մ չափերով մարմարե սալի վրա է, որը ներկայումս գտնվում է Սանահնի վանքի Ամենափրկիչ եկեղեցում։
  12. Ս. Զալալյանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Ա, Տփղիս, 1842 թվական, էջ 82-83
  13. Գ. Երզնկյանց, Հնությունք հայրենյաց. Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895 թվական, համար 30, էջ 3
  14. Մ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895 թվական, էջ 388

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երզնկյանց Գ., Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895, N30
  • Շախկյան Գ., Կայծոն ամրոցը, «ՊԲՀ», 1977, N1
  • Մաթևոսյան Ռ., Կայծոն բերդի տեղադրությունը, «Երևանի համալսարան», 1978, N3:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 222