Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել Կախեթն ու Հերեթը։ 1121–ին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։