Սեդրակ Ջալալյան (Սեթո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդրակ Ջալալյան
Ծնվել է1884
Մահացել է1969
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Սեթո (Սեդրակ Սարգսի Ջալալյան) (1884 - 1969), հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, Ապարանի գավառամասի գավառապետ (1917-1918 թվականներին), Էջմիածնի գավառի գավառապետ (1918-1919 թվականներին), Երևանի միլիցիայի պետ (1919-1920 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի ռուսական գիմնազիան։ Գիմնազիան ավարտելուց մի քանի տարի անց Գալուստ Ալոյանի նախաձեռնությամբ՝ Դրոյի, Տիգրան Դևոյանի, Սմբատ Եղիազարյանի և ուրիշների հետ հիմնել է Հայ երիտասարդների դաշնակցության "Փոթորիկ" մարտական խումբը, որ ղեկավարում էր Նիկոլ Դումանը։ 1905-1906 թվականներին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ մասնակցել է Երևանի, Նախիջևանի, Տավուշի ինքնապաշտպանությանը։ 1906 թվականին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1908 թվականին ցարական պահնորդական գրասենյակը իմացել է "Փոթորիկ" խմբի մասին և նրա անդամներին աքսորել Սիբիր։ Սեդրակը գաղտնի հասել է Թիֆլիս, սակայն ձերբակալվել և նույնպես աքսորվել է։ 1913 թվականին վերադարձել է աքսորից, վերականգնվել Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, ավարտել է 1917 թվականին և իրավաբանի մասնագիտությամբ վերադարձել Հայաստան։ Արարատյան նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը նրան նշանակել է Ապարանի գավառամասի գավառապետ։ Կարճ ժամանակում Ապարանի գյուղերից հավաքագրել է շուջ 700 մարդ և մաքրել Ապարանի թուրքաբնակ գյուղերը, ջարդել Ախուրյան գյուղի շրջակայքի թուրքական խմբավորումը, ապա՝ Էջմիածնի գավառի Մասիս կայարանը գրաված ու հացահատիկի պաշարը բռնագրաված թուրքերին։

Սեդրակ Ջալալյանը Ապարանի հերոսամարտի աշխարհազորի կազմակերպիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Գյումրի և երկու ուղղությամբ՝ Արագածի արևմտյան լանջով դեպի Երևան և Վանաձորի ուղղությամբ դեպի Կասպից ծով առաջացան Արևելյան Հայաստանի խորքը։ Հեռատես Արամ Մանուկյանը Ապարանի գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հանձնարարել է ամրացնել Ապարանի հատվածը, որտեղով, օգտվելով այդ ուղղության անպաշտպանությունից, կարող էին Վանաձորի ուղղությամբ շարժվող թուրքերը առաջանալ դեպի Երևան։ Մայիսի 17-ին գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանը, Երևանի միլիցիայի աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը, Ապարանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանը Ապարանի գավառամասում հատուկ դրություն են հայտարարել, աշխարհազոր կազմակերպելու համար զենք կրելու ենթակա 17 և ավելի տարիքի տղամարդկանց զորակոչել ու Ապարանի հյուսիսային հատվածում պաշտպանության գիծ են ստեղծել։ Արամ Մանուկյանի ենթադրությունն իրականացել է՝ թուրքերը Սպիտակի լեռնանցքի կողմից, ընթացքից վերադասավորվել և Էսադ փաշայի դիվիզիայի ու Քյազիմ փաշայի երկու գնդերի ուժերով /շուրջ 9000 զինվոր և 3000-ից ավելի դրսեկ ու տեղացի քրդեր/, մտել են Ապարանի տարածք ու Սպիտակ-Երևան մայրուղով շարժվել դեպի Երևան։ Մայիսի 22-ի երեկոյան, Ապարանի գավառամասի Միրաք գյուղի հատվածում, նախօրոք ձևավորված ճակատագծում նրանց առաջխաղացումը կասեցրել են Սեդրակ Ջալալյանի կազմակերպած պաշտպանագծի աշխարհազորայինները։ Սկսվել ու մինչև մայիսի 29-ը այդ հատվածում շարունակվել է Ապարանի հերոսամարտը։ Այն ավարտվել է հայերի փառահեղ հաղթանակով։ Եվ անկախ նրանից, որ մայիսի 23-ին նորաստեղծ ռազմաճակատի հրամանատար է նշանակվել Դրաստամատ Կանայանը, հերոսամարտի ամբողջ ընթացքում Սեդրակ Ջալալյանը շարունակել է մնալ ապարանցի աշխարհազորայինների կազմակերպիչը և հաղթանակի ապահովման մեջ ունեցել իր ներկայանալի ներդրումը։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը 1918 թվականի աշնանը Սեդրակ Ջալալյանին Ապարանի գավառամասի գավառապետից փոխադրել է Էջմիածնի գավառապետ, իսկ 1919 թվականի սկզբին՝Երևանի միլիցիայի պետ։ Այս պաշտոնում Սեդրակ Ջալալյանը, հաշված օրերի ընթացքում, Երևանում կարգ ու կանոն է հաստատել։ 1920 թվականի նոյեմբերին Սեդրակ Ջալալյանն անցել է արտասահման։ Միսաք Թորլաքյանն իր "Օրերուս հետ" հուշապատումի մեջ գրել է. "...1920 թվականի վերջերուն իրեն /իմա՝ Սեդրակ Ջալալյանին/ կը յանձնուի կառավարական պաշտօնեությունը երկրէն դուրս հանելու պարտականությունը" /Բեյրութ, 1963 թ., էջ 557-558/։ Սեդրակ Ջալալյանն անցել է Պոլիս, ապա՝ Գերմանիա՝ ցեղասպան թուրք պաշտոնյաների ահաբեկումը կազմակերպելու նպատակով։ Որոշ ժամանակ ուսուցչություն է արել Բուլղարիայում։ Երկրորդ աշխարհամարտի սկզբին ձերբակալվել է որպես անգլո-ամերիկյան լրտես, սակայն Դրոյի միջամտությամբ ազատվել է։ 1946-1951 թվականներին եղել է Շտուտգարդի /Գերմանիա/ Հայ ազգային կոմիտեի նախագահը։ 1951 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 1959 թվականին մահացել և թաղվել է Դետրոյթում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]