Բաշգառնեցի Մարտիրոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոս Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բաշգառնեցի Մարտիրոս | |
---|---|
Մարտիրոս Աբրահամյան | |
![]() | |
սեպտեմբերի 18, 1885-նոյեմբերի 9, 1957 | |
Ծննդավայր | Բաշ Գառնի, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | Խմբապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ֆիդայական շարժում, Հայ-թաթարական ընդհարումներ, Իրանի սահմանադրական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, Բաշ-Ապարանի ճակատամարտ, Թուրք-հայկական պատերազմ (1920) և Փետրվարյան ապստամբություն |
Պարգևներ | Գեորգևյան խաչի շքանշանակիր ասպետ |
Մարտիրոս Աբրահամյան կամ Բաշգառնեցի Մարտիրոս (սեպտեմբերի 18, 1885, Երևանի նահանգ, Բաշ Գյառնի (այժմ՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի), Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1957, Թեհրան, Իրան), հայ ֆիդայի, խմբապետ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ՀՅԴ կուսակցության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 18-ին (հ.տ.), Երևանի նահանգի Բաշ Գյառնի (այժմ՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի) գյուղում։ 1903 թվականից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Մարտական մկրտությունն ստացել է 1904-ին՝ Բաբերդցի Միհրանի գլխավորած «Մասիս» խմբի կազմում մասնակցելով Մոսուն-Զորի կռվին։ Այդ արշավանքի նպատակն էր պատժել ռուս-թուրքական սահմանագլխին տեղակայված թուրքական զորամասերին և քրդական ցեղախմբերին, որոնք խոչընդոտում էին դեպի Երկիր գնացող կամավորական խմբերի մուտքը։ 1905-06 թթ. մասնակցում է թաթարական հարձակումներից հայրենի Բաշ Գառնիի, Կոտայքի, Սյունիքի և Նախիջևանի հայկական գյուղերի պաշտպանությանը։ 1908-09 թթ. Նիկոլ Դումանի, ապա Քեռու ընդհանուր հրամանատարությամբ Մարտիրոսը մասնակցում է պարսկական Սահմանադրական հեղափոխությանը՝ ընդդեմ շահական վարչակարգի։ Իրանից վերադարձի ճանապարհին խմբի մյուս անդամների հետ ձերբակալվում է սահմանագլխին և 2 տարուց ավելի՝ մինչև 1911-ի աշունը, անցկացնում Նախիջևանի, Երևանի, ապա Նովոչերկասկի բանտերում։ 1914-1916 թթ. որպես վաշտապետ՝ Դրոյի գլխավորած 2-րդ կամավորական գումարտակի կազմում մասնակցում է Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մղվող կռիվներին։ Այդ ընթացքում դրսևորած քաջության և հրամանատարական հմտությունների համար պարգևատրվում է Գեորգևյան 4 խաչերով՝ դառնալով «Գեորգևյան խաչի շքանշանակիր ասպետ»[2]։ 1915-ին խմբապետ Մարտիրոսի վաշտը՝ որպես 2-րդ գումարտակի առաջապահ, առաջինն է մտնում Վան, իսկ հետագա մարտերի ընթացքում առաջինն է հասնում նաև Մուշ և Սասունի լեռները։ 1917-1918 թթ. Դրոյի առաջնորդությամբ մասնակցում է ներքին թշնամու՝ Արարատյան նահանգի թուրքական տարրի ըմբոստությունները ճնշելու պատժիչ գործողություններին։ Իբրև հեծյալ վաշտի հրամանատար՝ Բաշգառնեցի Մարտիրոսը մասնակցում է Բաշ-Ապարանի հերոսամարտին՝ աչքի ընկնելով անկոտրում խիզախությամբ և հրամանատարական բարձր որակներով։ Առաջին հանրապետության երկուսուկես տարիների ընթացքում նրան կարելի է տեսնել երկրի գրեթե բոլոր թեժ կետերում՝ տարբեր մարտական առաջադրանքներ կատարելիս։ Այդ թվում՝ 1920-ին նրա գլխավորած զորամասը թուրքական տարրից ազատագրում է Միլլի դարայի (Գեղամա լեռնաշղթայի Գառնին եզերող հատվածը) կիրճն ու լեռները։ Եվ միշտ անվեհեր, միշտ անմնացորդ զոհաբերող[3]։ 1920-ի աշնանը՝ հայ-թուրքական պատերազմի ժամանակ, Սուրմալուի ռազմաճակատում նրան վստահված էր Մարգարայի կամուրջի պաշտպանությունը, որը դեպի Երևան տանող ամենակարճ ճանապարհն էր։ Թշնամուն ոչ մի կերպ չի հաջողվում գրավել կամուրջը՝ չնայած գերակշիռ ուժերին և բազմաթիվ կատաղի գրոհներին։
Մարտիրոս Աբրահամյանի նվիրվածությունը ազգային դատին և այդ ճանապարհին դրսևորած զինվորական կարողությունները բարձր են գնահատվել ժամանակակիցների կողմից[4]։
Խմբապետ Մարտիրոսը մահանում է 1957 թվականի նոյեմբերի 9-ին և հուղարկավորվում Թեհրանի Դուլաբի հայկական գերեզմանատան պանթեոնում։
Բաշգառնեցի Մարտիրոսը և Փետրվարյան ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբապետ Մարտիրոսի դերը բացառիկ էր Փետրվարյան ապստամբությունը կազմակերպելու և որպես Երևանի վրա արշավող ուժերի հրամանատար՝ բոլշևիկյան Հեղկոմի լծից Երևանը ազատագրելու գործում։ Նրա առաջնորդությամբ Գառնիի և Կոտայքի ապստամբ ուժերը 1921 թվականի փետրվարի 18-ի լուսաբացին Քանաքեռի և Նորքի բարձունքներից մտնում են քաղաք և Չեկայի ու քաղաքային բանտերից ազատագրում հարյուրավոր ձերբակալվածների, այդ թվում՝ պետական, կուսակցական և մշակութային ղեկավար գործիչների (Հ. Քաջազնունի, Հ. Օհանջանյան, Լ. Շանթ, Ն. Աղբալյան և ուրիշներ)։ Հայրենիքի փրկության կոմիտեի վարած 40-օրյա գոյամարտերի ընթացքում խմբապետ Մարտիրոսը ղեկավարել է Ղամարլուի, ապա՝ Աղբաշի ռազմաճակատները, որոնց ուղղությամբ գործում էին բոլշևիկների ենթակայության տակ գտնվող երկու զրահապատ գնացքները։ Փետրվարյան ապստամբության, ապա նաև Լեռնահայաստանի պարտությունից հետո նա հազարավոր ապստամբների հետ անցնում է պարսկական սահմանը և մնացյալ ողջ կյանքը ապրում հյուրընկալ Իրանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրուարեան ապստամբութիւնը (Բաշգեառնեցի խմբապետ Մարտիրոսի յուշերը), Գրի առաւ` Եր. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, 1956, թիւ 2, էջ 3-12[5], թիւ 3, էջ 25-34, թիւ 4, էջ 17-27, թիւ 5, էջ 39-49, թիւ 6, էջ 59-69, թիւ 7, էջ 32-40, թիւ 8, էջ 52-59, թիւ 9, էջ 49-57, թիւ 10, էջ 68-78, թիւ 11, էջ 78-89, 1957, թիւ 1, էջ 58-66, թիւ 2, էջ 59-71, թիւ 3, էջ 98-104[6], թիւ 4, էջ 67-72, թիւ 5, էջ 47-57, թիւ 6, էջ 61-71, թիւ 8, էջ 70-80[7]։
- Աբրահամեան Մարտիրոս խմբապէտ, «Իմ յիշելի յուշերը», Գիրք Ա, Թեհրան, 1978[8], 482 էջ, Գիրք Ա, Բ, Երեւան, 2016, 616 էջ։
- Մարտիրոս Աբրահամյան (Բաշգառնեցի Մարտիրոս), «Իմ հիշելի հուշերը», Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Վարդան Պետրոսյան, Եր., 2016, 640 էջ[9]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտիրոս Աբրահամյան (Բաշգառնեցի Մարտիրոս), «Իմ հիշելի հուշերը», Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Վարդան Պետրոսյան, Եր., 2016, 640 էջ[10]։
- Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից, «Ալիք», Թեհրան, Թիւ 38, 39[11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան. Գեորգեւյան խաչի շքանշանակիր ասպետը»
- ↑ «Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան. Գեորգեւյան խաչի շքանշանակիր ասպետը»
- ↑ «Վալադյան Վ., «Գաղափարի և գործի մարդը» (Բաշգեառնեցի Մարտիրոս)»։ Հայրենիք։ 1958 թ․, Vol. 36
- ↑ «Բաշգառնեցի Մարտիրոսի և նրա նմանների շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն»
- ↑ «Փետրուարեան ապստամբութիւնը»։ Հայրենիք։ 1956թ․
- ↑ «Փետրուարեան ապստամբութիւնը»։ Հայրենիք։ 1957
- ↑ «Հայրենիք»
- ↑ Աբրահամեան-Բաշգառնեցի Մարտիրոս, Մամեան Արսէն, Ամուրեան Ա (1978)։ Իմ յիշելի յուշերը. Գիրք առաջին։ Հայ դատի մատենաշար։ Թեհրան: տպ. Ալիք
- ↑ Աբրահամյան Մարտիրոս, Պետրոսյան Վարդան Զ (2016)։ Իմ հիշելի հուշերը։ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հուշերը և մարտական կենսագրությունը։ Երևան: Փրինթինֆո։ ISBN 978-9939-831-88-6
- ↑ Աբրահամյան Մարտիրոս, Պետրոսյան Վարդան Զ (2016)։ Իմ հիշելի հուշերը։ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հուշերը և մարտական կենսագրությունը։ Երևան: Փրինթինֆո։ ISBN 978-9939-831-88-6
- ↑ «Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից»։ Ալիք։ 1957թ., 18 փետրվարի
- ↑ «Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից»։ Ալիք։ 1957 թ., 19 փետրվարի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրահամյան Մարտիրոս, «Հայազգ էլեկտրոնային հանրագիտարան»
- Առաջին հանրապետությունը` ժամանակակիցների հուշերում. խմբապետ Մարտիրոս
- ԿԱՎՐԵ ՇԱՄԵ ԿՌԻՎԸ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|