Աղբյուր Սերոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերոբ Վարդանյան
Serob.jpg
1864 - 1899
Ծածկանուն Աղբյուր Սերոբ
Ծնվել է 1864
Ծննդավայր Արևմտյան Հայաստան, Սողորդ
Վախճանվել է նոյեմբերի 1, 1899({{padleft:1899|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:1|2|0}})
Մահվան վայր Արևմտյան Հայաստան, Գելիգուզան
Մարտեր/պատերազմներ Բաբշենի ինքնապաշտպանություն

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սողորդ, Խլաթ - 1 նոյեմբերի, 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»[1]։

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։

Երիտասարդություն[խմբագրել]

Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Ախլաթ) գավառի Սողորթ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։

Սերոբն ամուսնացել է 17 տարեկան հասակում` Սոսեի հետ։ Սոսեն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր։[2]

Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. 18 տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։

Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք։ Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դուն լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։ Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։ Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությունը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացրեց Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, նույնպես ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։ Մի օր, երբ սովորույթին համաձայն լեռներում զբաղվում էր որսորդությամբ, երկու քրդեր նկատելով նրան, տուրք տալով հային թալանելու հարազատ ավանդույթին՝ փորձում են խլել Սերոբի ձին, հագուստներն ու զենքերը։

Սերոբը համարձակորեն կռվի է բռնվում և հրացանի առաջին իսկ հարվածով տապալում է մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել։ Այդ ժամանակներում հայի կողմից քուրդ սպանելը անօրինակ երևույթ էր։

Արտասահմանում[խմբագրել]

Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակից ների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։

1893 թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ 1894 թ. սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ։ 

Պայքարի սկիզբը[խմբագրել]

Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թվականին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը։ Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ։ Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը։ 1896 թվականին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից։ 1897 թվականին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում։

Սողորդի կռիվը[խմբագրել]

Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»։1895թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։ Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։ Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։ «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»։

Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։ Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։

Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր։ Գյուղացիների մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը։ Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»։ Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»։ Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։

1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ։ Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։

Նեմրութի Ասլանը[խմբագրել]

1887 թ.-ի փետրվարի 27-ին թուրքերն ընկնում են Աղբյուր Սերոբի հետքի վրա։ Մեծ հայդուկն այդ ժամանակ Թեղուտ գյուղում էր։ Սերոբն այնպես է անում, որ թշնամին ուշադրություն դարձնի իր վրա և վերցնում է իր դահուկներն ու ճանապարհ բռնում դեպի Նեմրութ։ Թշնամին սկսում է նրան հետապնդել, բայց 3-4 արշին ձյունը նրանց խանգարում է և նրանք խրվում են ձյան մեջ և շատ առաջ գնալ չի կարողանում։[3]

Սերոբը 2 օր մնում է Նեմրութի տաք աղբյուրների մոտ և դրանից հետո գնում է Դատվան գյուղ։ Բոլորը կարծում էին, թե Սերոբը մահացել է։ Եվ ժողովուրդը հայդուկին տեսնելով նրան տալիս են Նեմրութի Ասլան անվանումը։[2]

Բաբշենի կռիվը[խմբագրել]

Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ Սերոբի 14-16 հոգանոց ֆիդայական ջոկատը կռվում էր թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր ջոկատի դեմ։ Թշնամին անգամ թնդանոթները է գործի։ Սակայն Սերոբն իր սակավաթիվ ջոկատով կարողանում է թշնամուն էական կորուստներ պատճառել։

Բաբշենի կռվի ժամանակ հայդուկները կարողանում եսն սպանել 70 թուրք և քուրդ զինվոր, իսկ հայդուկներից միայն մի հոգի է զոհվում։[4] Մարտի հաղթանակը պայմանավորված էր Սերոբի ռազմագիտական մեծ հմտությամբ և Մոսին հրացանների առկայությամբ։ Բացի այդ թշնամին եկել էր այլ գավառներից և տեղանքին ծանոթ չէր, իսկ Սերոբը լավ գիտեր իր հայրենի գավառի ամեն մի քարը։[2]

Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին։ Հեռանալով Ախլաթից՝ նա ապաստանել է Սասունում։

Սերոբ և Գևորգ Չաուշ[խմբագրել]

Հայակական գյուղերը իրար հետ թշնամանում էին և նույնիսկ արյունալի մարտեր էին մղում միմյանց դեմ, երբ գյուղից աղջիկ էին փախցնում։ Իսկ դա անթույլատրելի է արարք էր, նամանավանդ այն դեպքում, երբ թշնամին ինքն է կոտորում հայերին։ Հայերը պետք է համերաշխ և համախմբված լինեն։

Սերոբը հրամայում է, որ ասյուհետ, ով աղջիկ փախցնի գյուղից, դաժան կերպով կպատժվի։ Եվ Աղբյուր Սերոբի կարգադրությունից որոշ ժամանակ անց աղջիկ փախցնելու համար Տալվորիկն ու Աղբրիկը թշնամանում են միմյանց Փսանաց գավառի հետ։ Պատճառն այն էր, որ Գևորգ Չաուշի հորեղբայր Ավեն փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին։

Սերոբը կարգադրում է, որ Գևորգն արժանի պատիժ տա իր հորեղբորը, քանի որ վերջինս նման բան չէր համարձակվի անել, եթե Գևորգն այդքան մեծ հեղինակություն չվայելեր հայդուկների շրջանում։ Գևորգը ստիպված սպանում է հորեղբորը։ Բայց դրանից հետո մեծ հայդուկի հոգին խռովվում է և նա լքում է Սերոբի ջոկատը և մի քանի օր միայնակ է մնում։[5]

Դավաճանություն և մահ[խմբագրել]

Աղբյուր Սերոբի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր և քաջ գիտենալով նրա տեղը՝ այնուամենայնիվ չհամարձակվեցին առճակատ փորձ անել նրան գերեվարելու, նրան վերացնելու համար դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։

Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց սև գործը։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ Իսկ մինչ այդ հայերի ուշադրությունը շեղելու նպատակով թուրքերը լուրեր են տարածում, թե Թահսի փաշայի զորագունդը պատրաստվում Է արշավել Խութ–Բռնաշեն՝ տեղի քրդական ցեղերի ապստամբությունը ճնշելու։ Բայց իրականում թուրքական զորախումբը Խալիլի հրոսակախմբին միացած արշավում Է Գելիեգուզան, ուր ապաստանել Էր Սերոբն իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով։

Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը։ Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրէք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գէթ ձեր կեանքն ազատել, մնաք բարեաւ»։

Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։ Թուրքերը հայերին ահաբեկելու նպատակով Սերոբի գլուխը ձողին Սասունի լեռներից հասցնում են մինչև Բաղեշ։

Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում։ Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը՝ Սոսեն, սակայն շուտով ազատվել է։ Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։

Սոսե Մայրիկը 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս։ Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում։ 1920 թվականի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում։

Սերոբի մահվան վրեժը[խմբագրել]

Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին` ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվեցին Ավեի դավաճանության մեջ, 1900 թ.-ի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում են Ավեի տուն և նրանից իմանում են բոլոր դավաճանների անունները։

Ավեին վերացնելուց հետո նրանք իրար հետևից ոչնչացնում են մյուս դավաճաններին։

1900 թ.-ի նոյեմբերին Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին։ Սատկեց Խալիլի ձին։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։[6]

Աղբյուր Սերոբն արվեստում[խմբագրել]

Աղբյուր Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը։ Սերոբի մասին իր ,,Հերոսապատում՛՛ /Երևան, 1990/ գրքում ակնարկ-պատում ունի արձակագիր Սուրեն Սահակյանը, իսկ Սերո Խանզադյանը Սերոբ Աղբյուրի մասին հրատարակել է մի գրքույկ ,,Աղբյուր Սերոբ՛՛ վերնագրով։

Գրականություն[խմբագրել]

  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Գ. հատոր, Թեհրան, 1982, Երեւան, 1990։
  • Աղբիւր Սերոբ եւ Գէորգ Չաւուշ, Բոստոն, 1933։
  • Վաղարշակ Օխիկյան, Աղբիւր Սերոբ /կեանքն ու գործունեութիւնը/, Հայրենիք ամսագիր, Բոստոն, 1926 թ., թիւ 11, էջ 38-48, թիւ 12, էջ 75-85:
  • Սերոբ Վարդանեան /Աղբիւր/, Ժընեւ, 1907, 48 էջ։
  • Չիլինկիրեան եպիսկոպոս Եղիշէ, Փնջիկ բարոյական առածներու եւ յիշատակ առաջնորդութենէս, Երուսաղէմ, 1928, 112 էջ։
  • Փափազեան Վահան, Իմ յուշերը, Ա. հատ., Պոսթըն, 1950, 600 էջ։
  • Գևորգյան Համլետ, Էջեր հայոց ազատամարտի, Երևան 2006, երկրորդ հրատ., Երևան, 2010, 363 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
  • Սասունի Կարօ, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Երևան, 1999, 130 էջ։
  • Հակոբյան Կարապետ, Կարսի մարզից Երկիր անցած խմբերն ու դրանց դերը արևմտահայերի ինքնապաշտպանության գործում 1892-1895 թթ., ,,Բանբեր Հայաստանի արխիվների՛՛, Երևան, ՀԱԱ, 2012, թիվ 1-2, էջ 172-183:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005
  2. 2,0 2,1 2,2 «Աղբյուր Սերոբի ծննդյան 150-ամյակը»։ https://www.youtube.com/watch?v=U4d3hzsCMNA։ Վերցված է 2015 Հունվարի 28։ 
  3. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 181
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 184
  5. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 188-189
  6. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են