Սևքարեցի Սաքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սաքո Սևքարեցիից)
Սևքարեցի Սաքո
Սարգիս Սարիբեկի Ծովանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1870(1870-01-14)
ԾննդավայրՍևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 13, 1908(1908-11-13) (38 տարեկան)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունֆիդայի
Գործունեություն1891-1908 թվականներ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (հունվարի 14, 1870(1870-01-14), Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 1908(1908-11-13), Իրան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1890 թվականին Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը և ՀՅԴ հիմնադիր-անդամներ Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին որպես զինատար հայդուկ հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին՝ Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Արևմտյան Հայաստան ճանապարհին), մասնակցել քրդերի դեմ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող հայդուկներին։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ Սևքարեցի Սաքոն 1897 թվականի հուլիսին մասնակցել է Խանասորի արշավանքին։ Այնուհետև անցել է Վաղարշապատ։ 1898 թվականին մասնակցել է Թիֆլիսում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ 1898 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ Սևքարեցի Սաքոն ընտրվել է ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի (Մուշ - Սասուն) Կենտրոնական կոմիտեի անդամ և նույն ժողովի հանձնարարությամբ, մի քանի ուղեկիցներով, Կարսից անցել է Արևմտյան Հայաստան, սակայն, Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ Սևքարեցի Սաքոն սկզբում տեղափոխվել է Մուշի, այնուհետև՝ Կարինի բանտ։ Որպես Սուրբ Կարապետ վանքի ուխտավոր ներկայանալու Սաքոյի բոլոր ճիգերն անցել են ապարդյուն։ Ի վերջո, հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ունեցած նամակագրական կապերի և այլնի համար թուրքական դատարանի կողմից դատապարտվել է նախ 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն, 1901 թվականին ռուսական հյուպատոսարանի ճնշման տակ, Սևքարեցի Սաքոն, որպես ռուսահպատակ, հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։ 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ ակտիվորեն երկու կողմերում հանդես է եկել համերաշխության կոչերով։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել 1905 թվականից Իրանում սկսված հեղափոխությանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիվանդացել է խոլերայով և տեղափոխվել Երևան, ուր և շուտով մահացել է։ Սևքարեցի Սաքոն թաղվել է Երևանում՝ ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ 1938 թվականին խորհրդային իշխանության կողմից նրա գերեզմանը ավերվել է, իսկ սպիտակ մարմարից կերտված գերեզմանաքարը փոխադրվել և դրվել է հայ նշանավոր բոլշևիկյան հասարակական-քաղաքական գործիչ Ասքանազ Մռավյանի շիրմին։

Սևքարեցի Սաքոյի հիշատակին է նվիրված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի «Սաքոյի գեղեցիկ հիշատակին» բանաստեղծությունը։ Սևքարեցի Սաքոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել արձակագիր Իգնատ Մամյանի «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակում (Երևան, 1989) և Իլյիչ Բեգլարյանի «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո» փաստագրական վեպում։ Սևքարեցի Սաքոյի անունով փողոց է անվանակոչվել Երևանի Նոր Արաբկիր թաղամասում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Autobiography of Sevkaretsi Sako (Armenian). Lebanon: Kaytser. 1994. էջ 194.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Dasnabedian, Hratch. History of the Armenian Revolution Federation.
  3. V. Valatian, "Sévkarétsi Sako", in "HAIRENlK", 1959, N°s 2 à 8. 54

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]