Սարգիս Կուկունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Կուկունյան
250x350px
Ծնվել է հունվարի 23, 1863(1863-01-23)
Ծննդավայր Նուխի գավառի Նիժ գյուղ
Մահացել է նոյեմբերի 26, 1913(1913-11-26) (50 տարեկանում)
Մահվան վայր Օրյոլի բանտ, Օրյոլ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն ուտի
Մայրենի լեզու հայերեն, ռուսերեն
Կրոն քրիստոնյա
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն ֆիդայի
Գործունեություն ազատագրական շարժման գործիչ
Քաղաքական կուսակցություն Հայ հեղափոխական Դաշնակցություն

Սարգիս Մովսեսի Կուկունյան (հունվարի 23, 1863(1863-01-23) - նոյեմբերի 26, 1913(1913-11-26), Օրյոլի բանտ, Օրյոլ, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թվականի հունվարի 23–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում), մի չքավոր ուտի[փա՞ստ] ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա 1877 թվականին ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ուշիմ ու աչքաբաց Սարգիսին վիճակված չէր ավարտել ճեմարանական դասընթացը: 1883 թվականին տեղի ունեցած աշակերտական խռովությունների պատճառով ճեմարաանից հեռացվեցին շուրջ 80 աշակերտ, որոնց թվում էր 6–րդ դասարանցի Սարգիսը, ով դեռ կրում էր Ավետիսյան ազգանունը: Էջմիածնից Սարգիսը գնում է Երևան, փորձում մտնել Ուսուցչական սեմինարիա, բայց չի հաջողվում: Հորեղբոր աջակցությամբ նա տեղափոխվում է Թիֆլիս, մտնում զինվորական դպրոց: Այստեղ նա երկար չի մնում և, թողնելով զինվորական դպրոցը, փորձում է ընդունվել Թիֆլիսի Ներսիսյան դպրոց: Սակայն վերջինիս ղեկավարությունը Գևորգյան ճեմարանի վարչության կողմից արդեն տեղեկացված էր արտաքսվածների մասին: Այդ ժամանակ նա դիմում է ներկայացնում Կուկունյան ազգանունով և ընդունվում Ներսիսյան դպրոց: 1884 թվականին մեկնում է Բաքու և մասնավոր դասեր տալիս: Շուտով, թողնելով Բաքուն, մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ուսումը շարունակում տեղի համալսարանում, որտեղ, տարվելով հայրենասիրական գաղափարներով, շուտով դառնում է Պետերբուրգի հայ ուսանողության կենտրոնական դեմքերից մեկը: Ուսանելուն զուգընթաց Ս. Կուկունյանն ազատ ժամերին շուրջ մեկ տարի զբաղվում է զինավարժությամբ իր ընկերներ Կոստանդին Լիսինյանի և Ռուբեն Հովհաննիսյանի հետ: Այստեղ էլ Ս. Կուկունյանը համակվում է Արևմտյան Հայաստան տեղափոխվելու գաղափարով:

Կուկունյանի խմբի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Կուկունյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում և իր աջակցությունը հայտնում Կարապետ Եզյանը, որը խիստ պահպանողական գործչի համբավ ուներ: Սարգիս Կուկունյանը օգնել է Կարապետ Եզյանին՝ կազմել «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» (1898թ.) վավերագրական ժողովածուն։ Կարապետ Եզյանը Սարգիս Կուկունյանին առաջարկում է գնալ Պարսկաստան, այնտեղ անցնել ծառայության, ստանալ խանի տիտղոս, իր` Եզեանի աջակցությամբ հաստատվել թուրք–պարսկական սահմանների մոտ, և, բավականաչափ ուժ հավաքելուց հետո կազմակերպել շարժումներ Վասպուրականում: Բայց Կարապետ Եզյանի ծրագրի կենսագործումը երկարատև ժամանակ էր պահանջում, իսկ Սարգիս Կուկունյանը շտապում էր օր առաջ նետվել պայքարի ասպարեզ: Եվ, ահա, 1890 թվականի մայիսին մի քանի երիտասարդների գլուխ անցնելով, Սարգիս Կուկունյանը գալիս է Թիֆլիս: Այստեղ Կոջոր ամառանոցում նա հանդիպում է «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: Վերջինս նրան խորհուրդ է տալիս հրաժարվել Կարապետ Եզյանի առաջարկած ծրագրից, որը երկար ժամանակ էր պահանջում: Փոխարենը Գրիգոր Արծրունին առաջարկում է Կովկասում կազմավորել խումբ, տեղափոխվել Արևմտյան Հայաստան և «Հայկական դատին» միջազգային ճանաչում տալու համար կատարել մի քանի հարձակումներ: Իսկ «Դեյլի նյուս» թերթի թղթակից Ֆից-Ջերալդը խոստանում է թղթակցություններով հասարակական կարծիք ստեղծել մեծ տերությունների մեջ:

Թիֆլիսում, այնուհետև Ալեքսանդրապոլում տեղի է ունենում խմբի համալրում: Խմբին են միանում Ռուբեն Դերձակյանը, Հովսեփ Մովսիսյանը, Եփրեմ Դավթյանը, Արամայիս Ազնավուրյանը, Արշակ Գավաֆյանը, Սարդար Ավետիսյանը, Աբրահամ Տեր-Անդրեասյանը, Ստեփան Ստեփանյանը (Բալաջան), Մեսրոպ Վարդանյանը և ուրիշներ: Խմբի անդամները տեղակայվում են Կարսի մարզի Բերնա, Չորուք, Շադևան, Արմուդլի գյուղերում և զբաղվում զինավարժությամբ:

Օգոստոսի 14-ին Կարսի Ճալա գյուղի ձորում Սարգիս Կուկունյանի հանձնարարությամբ սպանվում է մշեցի Հակոբ գալֆա Սարկավագը (Հակոբ Տեր-Ղևոնդյան), որը Կուկունյանի օգնականն էր և տարաձայնություններ ուներ վերջինիս հետ: Նույն օրը Սատաշանյան բաժանմունքի կողմից Չորուք գյուղում խմբի անդամներից մեկը սպանվում է, իսկ 6-ը` ձարբակալվում:

Միևնույն ժամանակ Թիֆլիսում հրավիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սահմանադիր ժողովը» որոշում է ուժ տալ և միաժամանակ ղեկավարել Կուկունյանի արշավախմբի նախապատրաստական աշխատանքները, բայց Արևմտյան Հայաստանից Հովսեփ Արղությանի և Մարտիրոս Մարգարյանի վերադարձից հետո ՀՅԴ-ն փոխում է իր դիրքորոշումը Կուկունյանի արշավախմբի հանդեպ և հանձնարարում է Կարսում գտնվող Մարտին Շաթիրյանին` հետաձգել արշավանքը, որևհետև ռուսական ժանդարմերիան մանրամասն տեղյակ է Կուկունյանի խմբի մարտիկների տեղակայման վայրերի, նրանց զինվածության, Արևմտյան Հայաստան անցնելու մտադրության և այլնի մասին:

Մարտին Շաթիրյանի, Հովսեփ Արղությանի, Կոստանդին Խատիսյանի և Սիմոն Զավարյանի բոլոր ջանքերը` հետաձգելու Կուկունյանի արշավախմբի սահմանանցումը, անցնում են ապարդյուն: Հետևելով Գրիգոր Արծրունու` հնարավորինս շուտ Արևմտյան Հայաստան տեղափոխվելու հորդորներին` Սարգիս Կուկունյանն իր 107 հոգուց բաղկացած խմբով սեպտեմբերի 23-ի գիշերը Սաաթվերան գյուղի վերնամասով անցում է Արաքս գետն ու ափով ուղղվում դեպի Չիչակլու կիրճը:

Թոփրակկալեի թուրքական կայազորի հրամանատարությունն ու ռուս սահմանապահներն արդեն տեղյակ էին խմբի նպատակի մասին: Իսկ Երկրի խորքերը տանող լեռնալանջերը ծածկված էին քրդական աշիրեթներով: Սահմանանցումից շատ չանցած խումբը երեք կողմից շրջապատվում է թուրքական ուժերով, իսկ չորրորդ կողմից` ռուսական սահմանի երկարությամբ կանգնած էին ռուս սահմանապահները: Սկսվում է կռիվ, որը տևում է մինչև երեկո: Երեկոյան թուրքերը նահանջում են Ալաշկերտ: Առանց սննդի և ռազմամթերքի մնացած խումբը որոշում է վերդառնալ ռուսական սահման: Խումբը իջնում է Արաքսի հովիտը, անցնում գետը և հանգիստ է առնում Խառ գյուղի այգիներում, որտեղ էլ Կաղզվանի գավառապետի օգնական Կուգուշևի և նրան օգնության եկած ռուսական 154-րդ գնդի զինվորների կողմից խմբի անդամների մի մասը ձերբակալվում է, իսկ մյուս մասը, կռվով ճանապարհ բացելով, հեռանում՝ խուսափում ձերբակալությունից:

Դատավարությունն ու աքսորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալվածներին 25 օր Կաղզվանի բանտում պահելուց հետո` հոկտեմբերի 23-ին շղթայակապ փոխադրում են Կարսի բանտ: Այն միտքը, թե իրենց այսօր-վաղը ազատ կ'արձակեն, խմբի անդամներին զերծ է պահում փախուստի մտքից: Հակառակ այս սպասումների` ցարական իշխանությունները խմբի անդամների հանդեպ ընդունում են խստագույն վճիռներ` նրանց մեղադրելով, , սպանության, ավազակության և իշխանությանը դիմադրելու մեջ’’:

Երկու տարի տևած նախաքննությունից հետո` 1893 թ. ապրիլի 7-ին Կարսում սկսվում է 43 ձերբակալվածների դատավարությունը, որտեղ ձերբակալվածներից 16-ը ազատ են արձակվում, իսկ 26-ը դատապարտվում են, որոնցից Սարգիս Կուկունյանը դատապարտվում է 20, խմբի անդամներից 19-ը` 15, 1-ը` 12, 4-ը` 8, 1-ը` 3 տարվա տաժանակիր աշխատանքի: Թիֆլիսի վերաքննիչ ատյանը 1893 թ. մայիսի 26-ին, իսկ սենատը 1894 թ. հունվարի 28-ին անփոփոխ են թողնում Երևանի շրջանային դատարանի որոշումը: 1895 թ. մարտի 1-ին բանտարկյալները շղթայակապ աքսորվում են Սիբիր:

Չնայած Կուկունյանի արշավանքը գործնականում ձախողվեց, բայց արևելահայերի շրջանում առաջ բերած աննախադեպ ոգևորության և, , դեպի Երկիր’’ գաղափարախոսության տարածման առումով  Կուկունյանի արշավանքը կարևոր դեր խաղաց:

Բանտարկյալ Սարգիս Կուկունյանը կամավոր մասնակցում է 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմին: Սրա շնորհիվ Սարգիս Կուկունյանն ազատվում է բանտարկությունից և իր հայազգի կնոջ հետ, որի հետ ծանոթացել էր Սախալինում, վերադառնում է Կովկաս:

Վերադարձ աքսորից (Կյանքի վերջին տարիները)[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թ. օգոստոսին Կուկունյանն արդեն Թիֆլիսում էր, իսկ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին վերադառնում է իր հայրենի գյուղը՝ Նիժ։ Այստեղ Կուկունյանը ձեռնամուխ է լինում սոցիալական պայքարին՝ հանուն աղքատների բարօրության ընդդեմ հարուստ գյուղացիների։ Նա անդամակցում է 1907 թ. սեպտեմբերից Նիժում իր գործունեությունը ծավալած «Գյուղացիական միություն» ընդհատակյա կազմակերպությանը։

1908 թվականից հեղափոխականների հանդեպ Կովկասում ծայր առած քաղաքական բռնաճնշումները չանտեսեցին նաև Սարգիս Կուկունյանին։ Մեղադրվելով «Գյուղացիական միությանն» անդամակցության մեջ՝ 1909 թ. փետրվարի 6-ին նա Բաքվում դարձյալ ձերբակալվում է և հինգ տարով աքսորվում Ռոստով։ Բայց, ընկերների օգնությամբ Կուկունյանն ազատվում է վարչական աքսորից և 1909 թ. վերջերից կրկին աշխատանքի է անցնում Բաքվում։

1910 թ. հոկտեմբերի 15-ին Նիժում ձերբակալվում են ութ հոգի։ Նրանց մոտ հայտնաբերվում են ռումբեր և այլ զենքեր։ Իշխանությունները նրանց ճանաչում են որպես հեղափոխականներ, որոնք իբրև Կուկունյանի հրահանգով Բաքվից եկել էին Նիժ՝ պատժելու համար գյուղի վաշխառուներին։ 1910 թ. հոկտեմբերի 18-ին Բաքվում Սարգիս Կուկունյանը ձերբակալվում է արդեն երրորդ անգամ։ 1911 թ. նոյեմբերի 11-ին Գանձակում կայացած դատական վարույթում Թիֆլիսի դատական պալատը, չնայած իրենց հետ կապ չունենալու ամբաստանյալների պնդումներին, Սարգիս Կուկունյանին դատապարտում է 15 տարվա տաժանակրության: Տարբեր տարիների ազատազրկման դատապարտվեցին նաև խմբի ձերբակալված մյուս անդամները։

1912 թ. փետրվարի 4-ին ՀՅԴ անդամների աջակցությամբ Սարգիս Կուկունյանը փախչում է Գանձակի բանտից։ Սակայն, փախուստից 17 օր անց նա կրկին ձերբակալվում է Նոր Բայազետ գավառի Նորադուզ գյուղում և վերադարձվում է Գանձակի բանտ։ 1913 թ. մարտի 9-ին Կուկունյանն իր երեք ընկերների հետ հայցում է Թիֆլիսի դատական պալատի արդարադատությունը, սակայն, ապարդյուն։

Դատավճիռը համարելով վերջնական՝ Սարգիս Կուկունյանին տեղափոխեցին Ռուսաստանի Օրիոլ քաղաքի բանտը: Երկարատև աքսորը, բանտային ծանր պայմաններն, ի վերջո, կատարեցին իրենց սև դերը։

1913 թ. նոյեմբերի 26-ին Օրյոլի բանտում 50 տարեկան հասակում Սարգիս Կուկունյանը կնքեց իր մահկանացուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]