Հակոբ Կոտոյան
| Հակոբ Կոտոյան (Հաջի Հակոբ) | |
|---|---|
| Ծնվել է | 1864 |
| Ծննդավայր | Մուշ |
| Մահացել է | 1915 |
| Մահվան վայր | Մուշ |
| Ազգություն | Հայ |
| Մասնագիտություն | ֆիդայի |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտոյան (այլ կիրառումներ)
Հակոբ Գևորգի Կոտոյան կամ Հաճի (1864, Մուշ - հուլիսի 1, 1915, Մուշ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբի հայրը` Գևորգը հարուստ և հարգված մարդ էր: Հակոբը տան ավագ որդին էր, ուներ երեք եղբայր: Հակոբ Կոտոյանը սովորել է Մուշի կենտրոնական վարժարանում և Դիարբեքիրում։ Մուշի Ներսիսյան վարժարանը 1980-ական թվականներին դարձել էր Տարոնի կրթական և գաղափարական կարևոր կենտրոնը: Հակոբը կրթությունը կիսատ է թողել և ներգրավել է Արաբոյի խմբի մեջ։ Կոտոյանը իր քառասուն այլ ընկերների հետ 1892 թվականին հակաթուրքական գործունեության համար դատապարտվել է 15 տարվա բանտարկության և աքսորվել է Սինոպ (Տրապիզոնի վիլայեթ) ապա` Աքիայի բերդը: 1895 թվականին ընդհանուր ներմամբ վերադարձել է աքսորավայրից։ Նա մեկնել է Երուսաղեմ, ուխտագնացություն կատարել և դարձել «Կոտոյի Հաջի», ապա վերադարձել Մուշ։ Ամուսնացել է, ընտանիք կազմել, սակայն հայրենանվեր գործունեությունից չի հրաժարվել։ 1890-ական թվականներին Տարոնում (Բիթլիսի վիլայեթ) մասնակցել է հայ ազատագրական շարժումներին[1]։
Կապերի մեջ էր Գուրգենի, Անդրանիկի, Հրայրի, Աղբյուր Սերոբի հետ։ Նորից ձերբակալվել է, բայց կաշառքով ազատվել։ Կառավարական հետապնդումներից խուսափելով՝ անցել է Սասուն և միացել է Անդրանիկի խմբին։ Որոշ ժամանակ բնակվել է Սեմալ գյուղում՝ զբաղվելով ծխախոտագործությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականներին Անդրանիկի գլխավորությամբ, Մկրտիչ Պոլեյանի հետ մասնակցել է դահիճ Խալիլի պատժմանը։
1901 թվականի զինված հակամարտության ժամանակ Անդրանիկ Օզանյանի ղեկավարությամբ Առաքելոց վանքի շրջանում մասնակցել է թուրքական 4-5 հազարանոց զորքի դեմ տեղի ունեցած ճակատամարտին, որը տևել է 21 օր։
Վանքի պաշտպանական ծրագրի գաղափարից մինչև դրա իրականացումն ու ավարտը նա Անդրանիկի, Գևորգ Չաուշի և Կայծակ Վաղարշակի կողքին էր։ Այդ պայքարի նպատակը թուրքական իշխանությունների և օտար դիվանագետների ուշադրությունը հայ ժողովրդի քաղաքական ծանր վիճակի և իրավունքների ոտնահարման վրա հրավիրելն էր։ Առաջին անգամ ֆիդայիները երկխոսության մեջ են մտել իշխանությունների հետ և ներկայացրին իրենց պահանջները։
1903-1904-ական թվականներին մասնակցել է սասունցիների ազատագրական պայքարին:
1904 թվականին Սասունի ազատամարտի ժամանակ Կոտոյանը քաջազունների շարքում էր։ Սպաղանաց Մակարի ջոկատի հետ պաշտպանում էր Չայի ճակատը։ Կռիվը անհավասար էր․ Հրայրը զոհվել էր, Մակարը վիրավորվել և ստիպված թողել են Սեմալն ու Շենիկը։ Ֆիդայիներն ու բնակչությունը կենտրոնացել են Գելիեգուզանում։ Որոշվել էր ֆիդայիներին ժամանակավորապես դուրս բերել երկրից, իսկ ժողովրդին տեղափոխել դաշտավայրի գյուղեր։ Կոտոյանը հեռացել է Տարոնից և անցել է Արևելյան Հայաստան՝ գործելով Դարալագյազում, որտեղ կազմակերպել է հայկական գյուղերի պաշտպանությունը հարևան թուրքական հարձակումներից։ Մասնակցել է 1906-1908 թվականներին, Եփրեմ Խանի հետ՝ Իրանի հեղափոխական շարժումներին՝ 1905-1907 թվականներին։ Նա Արշակ Գաֆայանի (Քեռի) հետ աջակցել է սահմանադրական կարգերի հաղթանակին։
1908 թվականին Թուրքիայում սահմանադրության վերականգնումից հետո, 1909-ին, Կոտոյանը վերադարձել է հայրենիք։ Հայրը մահացած էր, եղբայրներից երկուսը՝ նույնպես։ Մեկը մահացել էր վիրավորումից, մյուսը՝ թուրքական բանտում՝ տիֆից։ Չնայած Կոտոյանի հաճախակի բացակայություններին, նրա տունը մշտապես ապաստարան էր հեղափոխականների համար․ այստեղ են եղել Ռուբեն Տեր-Մինասյանը, Գարմենը, Սեբաստացի Մուրադը, Սեպուհը և ուրիշներ[2]։
Մուշում նրան ընդունել են մեծ հարգանքով: 1912-1914 թվականներին ընտրվել է Մուշի քաղաքային ժողովի անդամ։
Ինչպես մյուս հայդուկները, նա նույնպես անցել է խաղաղ աշխատանքի՝ զբաղվելով մեղվաբուծությամբ։ Այնուամենայնիվ, չէր հավատում թուրքական իշխանությունների «ազատության» խոստումներին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914-ին արևմտահայությունը կանգնել է իր գոյության ամենասարսափելի փորձության առաջ։ 1915 թվականի հունիսի վերջին Մշո դաշտի հարյուրավոր գյուղեր արդեն կոտորվել էին։ Մուշը շրջապատվել է թուրքական զորքով։ Հունիսի 24-ին քաղաքը, որն ուներ մոտ 22.000 հայ բնակիչ, շրջափակվել է, տեղադրվում է թնդանոթներ։ Հունիսի 26-ին հրաման է տրվել 14-70 տարեկան հայերին ներկայանալ «տարագրման» համար։
Կոտոյանը հանդիպել է Տարոնի առաջնորդ Վարդան վարդապետ Հակոբյանին, փորձել է համոզել դիմադրել, քանի որ արդեն հայտնի էր՝ այլ վայրերում հայությունը տեղում էր կոտորվել։ Սակայն վարդապետը հույս ուներ, որ գոնե կանայք ու երեխաները կփրկվեն։ Երկու օր անց նրան և քաղաքի երևելիներին դաշտում այրել են։ Զինված ուժերը քիչ էին, իսկ ժողովրդի մի մասը պատրաստվում էր հանձնվել թուրքական իշխանություններին, Հակոբ Կոտոյանը, այլ ելք չգտնելով, որոշել է հունիսի 27-ի գիշերը զենք ունեցող մի փոքր խմբով բարձրանալ Սասուն։ Նրա նպատակը այնտեղ կռվելն ու մեռնելն էր՝ չտեսնելու հարազատների ողբերգական վախճանն ու հայկական թաղերի կործանումը։ Սակայն խիստ շրջափակման պատճառով ծրագիրը չի հաջողվում։
Որպես երկարամյա զինվորական փորձ ունեցող և անվիճելի հեղինակություն վայելող առաջնորդ՝ Կոտոյանը ստանձնել է Մուշի ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Նա տեղաբաշխել է ուժերը Զորո, Վերին և Սուրբ Մարինեի թաղերում, ամրացրել է պաշտպանական դիրքերը, տվել հստակ հանձնարարություններ, ապահովել թաղամասերի միջև կապը և հրամայել կտրել Ձորո թաղով անցնող թուրքական ջրաղացների ջրերը։
Կռիվները սկսվել են Վերին թաղից։ Թնդանոթների արկերը ամբողջ օրը պայթել են հայկական տների և դիրքերի վրա։ Մոտեցող թուրք զինվորներին գնդակահարում էին: Հաջի Հակոբի դիպուկ կրակոցներից շարքից դուրս էին գալիս թնդանոթաձիգները և թուրքերը ստիպված անընդհատ տեղափոխում էին հրետանին։ Թշնամին զգալի կորուստներ է կրել, սակայն պաշտպանների մոտ սուր փամփուշտի պակաս է զգացվել։ Թնդանոթի արկերից Հաջին թեթև վիրավորվել է։
Բնակչությունը հուսալքվում էր, սակայն մարտիկների՝ մինչև վերջ կռվելու վճռականությունը անսասան էր։ Օգնության հույս չկար։ Հակոբը մտահոգ էր․ երկու օր դիմադրել էին, բայց հետո ի՞նչ պետք է անեին, ինչպե՞ս փրկեին կանանց, երեխաներին, հազարավոր հայրենակիցներին։
Այդ ծանր պահին նրան հայտնել են, որ կինը՝ Յուղաբերը, տղա է ունեցել։ Սակայն ուրախանալու փոխարեն նրա աչքերից արցունք է հոսել։ Նա արդեն ուներ մեկ աղջիկ և տասնչորսամյա որդի՝ Կյուլպենկը, որը այդ օրերին կապավորի պարտականությունն էր կատարում[3]։
Կոտոյանի կարգադրությամբ ժողովրդի մեծ մասին գաղտնի անցքերով տեղափոխել են այն տները, որոնք դուրս էին անմիջական մարտական գոտուց։ Նա թույլ է տվել , որ զինյալ և անզեն երիտասարդները գիշերով, հնարավոր ու անհնար միջոցներով, փորձեն դուրս գալ քաղաքից։ «Իմ տարիքը հիսունը կանցնի,— ասում է նա,— դուք ավելի երիտասարդ եք։ Եթե ազատվեք, ազգին նորից օգտակար կլինեք և այս արյունարբու ազգից մեր վրեժը կլուծեք»։
Հունիսի 30-ի գիշերը մոտ 700 հոգու հաջողվել է ճեղքել շրջափակումը և հեռանալ քաղաքից։ Սակայն Մուշի մնացած հայությունը մնացել է իր ավերակված ու հրդեհված օջախների տակ՝ հավիտյան։
Փախչողների թվում էր նաև Կյուլպենկը։ Գիշերով Մուշի գետն անցնելիս նա գլուխը հարվածել է քարին և տեղում զոհվել «1»։ 1915 թվականի հուլիսի 13-ին, եռօրյա արյունահեղ մարտերից հետո, Կոտոյանը և նրա մի քանի զինակիցներ ընտանիքներով այրվել են թուրքերի հրդեհած շենքերում։ Կոտոյանը այսպիսով կնքել է իր մահկանացուն 51 տարեկան հասակում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բեգլարյան Ի., (2008). Հայդուկներ,. Երևան. էջեր էջ 273-276.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Բեգլարյան Ի., (2008). Հայդուկներ,. Երևան. էջեր էջ 273-276.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Բեգլարյան Ի., (2008). Հայդուկներ,. Երևան. էջեր էջ 273-276.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Բեգլարյան Ի., (2008). Հայդուկներ,. Երևան. էջեր էջ 273-276.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)