Փարամազ ծնվել է Մեղրիում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903 թվականի հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-1906 թվականներիհայ-թաթարական բախումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։