Մարգար Վարժապետ
Մարգար Վարժապետ | |
---|---|
Ծնվել է | 1858 |
Ծննդավայր | Վարդենիս, Թիլ, Մուշի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1893 |
Մահվան վայր | Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ֆիդայի և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մարգար Վարժապետ (Մարգար Ամիրյան) (1858, Վարդենիս, Թիլ, Մուշի մարզ, Թուրքիա - 1893, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։
Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։
1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|