Եղիշե Պահլավունի
Եղիշե Պահլավունի | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | ՀՅԴ | |
Մասնագիտություն՝ | ֆիդայի | |
Ծննդյան օր | օգոստոսի 1, 1884 | |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | փետրվարի 3, 1961 (76 տարեկան) | |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան | |
Դինաստիա | Պահլավունիներ | |
Հայր | Մկրտիչ Պահլավունի | |
Մայր | Ծովինար Պահլավունի (Կամսարական) | |
Ամուսին | Նվարդ Պահլավունի (Մալենցյան) | |
Զավակներ | Սանդիկ Պահլավունի, Սեդա Պահլավունի, Նորայր Պահլավունի, Ռուբինա Պահլավունի |
Եղիշե Պահլավունի (օգոստոսի 1, 1884, Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1961, Թեհրան, Իրան), Հայ հեղափոխական մարտիկ, վաշտապետ, ֆիդայի, Բաքվի հայոց գումարտակի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Պահլավունին ծնվել է 1884 թվականի օգոստոսի 1-ին, Երևանի նահանգի, Սուրմալույի գավառի, Իգդիր քաղաքում։ Նա Մկրտիչ Պահլավունու (1841-1918) և Ծովինար Թադևոսի Կամսարականի (1845-1939, Երևան) նահապետական և բազմանդամ ընտանիքի 12-րդ զավակն է։ Իգդիրում է եղել Մկրտիչ Պահլավունու ավագ եղբայրը՝ Եղիշեն (որի անունն էլ կրում է հայդուկը), ապա նաև Արսենը, Մուշեղը, Գրիգորը, Մելիտոսը, Վահանը, Հակոբը և Նիկողոսը։ Նրանց տան ուսուցիչն է եղել Սարգիս Գնունին։
Պահլավունիների ընտանիքը ունեցել է կալվածքներ Բարդողյան լեռնաշղթայից դեպի հարավ ընկած Կոգովիտ գավառում՝ Մոլլա Ղամար, Գյուլլիջա և Աբասգյոլ գյուղերը։
Մասնակցությունը ֆիդայական կռիվներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացել է ֆիդայական շարժմանը, գործակցել է Անդրանիկի, Ռոստոմի և Սեպուհի հետ։ Սուրմալուի գավառի դեպքերում կարևոր դեր է ունեցել որպես Անդրանիկի և Իշխան Հովսեփ Արղությանի կամավորական գնդերի մարտիկ։ 1918 թվականի ամռանն ու աշնանը եղել է Գանձակի և Բաքվի հայության ինքնապաշտպանության ղեկավարներից իբրև Բաքվի հայոց զորային 20-րդ գումարտակի հրամանատար։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Եղիշե Պահլավունի մնացել է հայրենիքում։ Սակայն նախկին դաշնակցականների դեմ հալածանքների ժամանակ երեք անգամ ձերբակալվել է և վաղեմի բարեկամ, հայտնի համայնավար գործիչ Գայի երաշխավորությամբ ազատ արձակվել և ապաստանել Պարսկաստանում։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալիք» օրաթերթի 1961 թվականի փետրվարի 4-ի համարի առաջին էջում հրատարակված մահազդով ՀՅԴ Բյուրոն, Թեհրանի և շրջանի ընկերները, «Ալիք»-ի խմբագրությունը և հրատարակչական մարմինը գուժում էին հետևյալը՝
«Այսու յայտնում ենք ընկերներին, բարեկամներին եւ ծանօթներին, որ ուրբաթ, Փետրւար 3-ին, երեկոյեան ժ. 5.1/2-ին երկարատեւ հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն կնքեց Հ.Յ. Դաշնակցութեան մարտական սերնդի լաւագոյն ներկայացուցիչներից, վեթերան՝ ընկ. Եղիշէ Պահլաւունին»[1]։
2 օր անց՝ երկուշաբթի օրը, փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 9-ին, Եղիշե Պահլավունու դին, «Ալիք»-ի շենքից փոխադրվում է Դուլաբի գերեզմանատուն և ամփոփվում ՀՅԴ պանթեոնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յուշամատեան», կազմեց եւ խմբագրեց՝ Նորայր Պահլաւունի, Երևան, 2006
|