Jump to content

Քեռի (Արշակ Գավաֆյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեռի (ֆիդայի)ից)
Քեռի
Արշակ Գավաֆյան
Դիմանկար
(ֆիդայի, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ)
Ծնվել է1858
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1916 թվականի մայիս
Մահվան վայրՌավանդուզ, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, Իրաք
ԳերեզմանԽոջիվանք
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն, թուրքերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունռազմական գործիչ
Գործունեություն1880-1915 թվականներ
Զբաղեցրած պաշտոններգնդի հրամանատար
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն
 Arshak Gavafian Վիքիպահեստում

Քեռի, իսկական անունը՝ Արշակ Գաւաֆեան (1858, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 15, 1916(1916-05-15)[1], Ռավանդուզ, Էրբիլ, Իրաքյան Քուրդիստան, Իրաք, թաղված է Թբիլիսիում), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հայ կամավորական չորրորդ գունդը, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1915-1917 թթ. հայկական կամավորական ջոկատների ղեկավարները. Քեռի, Խանասորի Վարդան և Համազասպ (կանգնած)

Քեռին ծնվել է 1858 թվականին Կարինում (Էրզրում), որտեղ ավարտել է տեղի հայկական դպրոցը։ 1882 թ. անդամագրվել է Կարինի Պաշտպան Հայրենյաց կազմակերպությանը։ 1889 թ. անցել է Կաղզվան։ Համագործակցել է Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյան) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։ Այնուհետեւ անդամագրվել է Երկիր անցնելու նպատակով կազմավորված Սարգիս Կուկունյանի խմբին։ Կուկունյանի արշավանքի 1890 թ. ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Շատ չանցած անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 1891-1892 թթ. գործելով Կարսի մարզում։ 1893 թ. մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին, իսկ 1895 թ. կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում, պաշտպանել ժողովրդին և հոգևոր առաջնորդին։ XX դարասկզբին նա կրկին Կարսի մարզում էր՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ։ 1903 թ. հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն, մասնակցել 1904 թ. Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։ 1905 թ. Վասպուրականից անցնում է Արևելյան Հայաստան։

Հայ-թաթարական բախումների ժամանակ (1905-1906 թթ.) Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվելով հիմնականում Անգեղակոթի հատվածում։ Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին, դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։ Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։

Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրեին անցել է Կովկաս։ Պատերազմի սկսվելուց և հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել է 1915 թ. Սարիղամիշի ճակատամարտին։

1916 թ. մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։

Քեռու աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։ Խորհրդային տարիներին գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչացվել է նաև Քեռու շիրիմը։ Նրան է նվիրված «4-րդ գնդի հրամանատար քաջ Քեռին...» երգը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]