Սասունի ապստամբություն (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow.png  Տե՛ս նաև Սասունի հերոսամարտ (այլ կիրառումներ) 

Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությունը 1904 թ.-ին խոշոր արշավանք է ձեռնարկում։

1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։

Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշուի գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Դժոխք Հրայրը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։

Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ.-ի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թ.-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ ։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Սասունցիների հերոսական պաշտպանությունը և գերտերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թառոյան Կ., «ժողովրդական շարժումները Սասունում», 1890-1894, Երևան, 1966։
  • Саркисян Е К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, 1972
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png