Jump to content

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն, Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ, Տերեքյոյ և Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների գոյամարտը՝ ընդդեմ թուրք ջարդարարների։

Դեռևս 1909 թվականի Ադանայի ջարդի օրերին Ֆընտըճագի և մերձակա Տերեքյոյ գյուղի հայերը հերոսական դիմադրությամբ փրկվել են կոտորածից։

1915 թվականի գարնանը թուրքական բռնապետության դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի խումբ ապաստանել է Ֆընտըճագում։ Հուլիսի կեսերին հայ բնակիչները ջախջախել են Ֆընտըճագ ուղարկած ոստիկանների ջոկատը և խլել նրա զենքերը։ Այնուհետև իրենց միացած Տերեքյոյ ու Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների, ինչպես նաև զեյթունցի մարտիկների հետ (մոտ 3800 մարդ, 622 ընտանիք) ֆընտըճագցիները նախապատրաստվել են ինքնապաշտպանության։

Հայերի կռվող ուժի (500 մարդ, ղեկավարներ՝ Վարդեվառ Քեհյան, Մինաս Դոլանճյան, Հովսեփ Զեյթունցյան, Նազարեթ Կոջոյան, Արամ Չոլախյան և ուրիշներ) դեմ թուրքական կառավարությունը դուրս է բերել Կալիպ բեյի 8000-անոց կանոնավոր բանակը, որին աջակցել են շրջակայքի թուրքական բազմահազար բաշիբոզուկները։ Հունիսի 31-ին, հրետակոծելով հայերի դիրքերը, թուրքական բանակը հարավ-արևելքից (Թագալ Օլուխ դաշտի կողմից) հարձակվել է գյուղի վրա, սակայն կրել է զգալի կորուստներ և միայն հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշիտ Տոր լեռը գրավելուց հետո է շարունակել հարձակումը։

Օգոստոսի 1-ին թուրքական գերակշիռ ուժերը ներխուժել են գյուղ, որի անձնազոհ պաշտպանները մարտնչել են մինչև վերջին շունչը։ Հրետակոծումից բռնկած հրդեհը գրեթե ամբողջովին ոչնչացրել է գյուղը, որից հետո թուրքական բանակն ու բաշիբոզուկները գրավել են այն և սրատել բնակիչներին։ Կենդանի մնացածներն աքսորվել են Միջագետքի Անապատները։ Հայերից զոհվել են 2100 մարդ, իսկ թուրքական բանակից՝ մոտ 2000 զինվոր և մի քանի հազար բաշիբոզուկ։

Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ ժողովըրդի մղած գոյամարտի հերոսական էջերից է։

Ֆընտըճագցիները 1920 թվականին ևս քաջարի դիմադրություն են ցույց տվել քեմալական հրոսակներին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆընտըճագ, Մոնտեվիդեո, 1949։
  • Նորաշխարհյան Լ․, Զեյթունը 1914-1921 թթ․, Ե․, 1984, Էջ 61-67։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։