Սասունի ապստամբություն (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սասունի հերոսամարտ (1904)ից)
1rightarrow.png  Տե՛ս նաև Սասունի հերոսամարտ (այլ կիրառումներ) 

Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությունը 1904 թ.-ին խոշոր արշավանք է ձեռնարկում։

1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։

Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշուի գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Դժոխք Հրայրը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։

Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ.-ի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904.-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ ։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայինները մինչև 1904 թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Սասունցիների հերոսական պաշտպանությունը և գերտերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թառոյան Կ., «ժողովրդական շարժումները Սասունում», 1890-1894, Երևան, 1966։
  • Саркисян Е К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, 1972
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png