Մեծն Մուրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Համբարձում Բոյաջյանից)
Jump to navigation Jump to search
Համբարձում Պոյաճյան
Hampartsoum Boyadjian-1.jpg
1860 - 1915
ԾննդավայրԿիլիկիա Հաճըն
Մահվան վայրԿեսարիա
ՔաղաքացիությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894)

Մեծն Մուրադ (Համբարձում Պոյաճյան) (1860, Հաճըն, Կիլիկիա - 1915, հուլիսի 30, Կեսարիա), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության ղեկավարներից։ Ժիրայրի եղբայրը։ Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարը Միհրան Տամատյանի ձերբակալությունից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերության վարժարանում, 1885 թվականին մեկնել է Կ. Պոլիս և շարունակել կրթությունը տեղի բժշկական ուսումնարանում,

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Պոլսում ընդգրկվել է զեյթունցի Հարություն Չաքըրյանի ստեղծած «Հայոց հայրենյաց միություն» գաղտնի խմբակի մեջ։ 1888 թվականին անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը[1]։ Քիչ անց դառնում է Հնչակյան կուսակցության Կ. Պոլսի ղեկավարը[2]։

1890 թվականի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր. նա է ստանձնել սուլթանին հայոց պահանջները ներկայացնելու անձնազոհ գործը։ Իր եռանդուն գործունեության պատճառով Մուրադը հետապնդվում է օսմանյան ոստիկանության կողմից։ Մուրադի նկարը փակցրված էր թուրքական ոստիկանության պետ Նազըմի ընդունարանում։ Բացի այդ բոլոր ոստիկաններին բաժանել էին մեծն հայորդու նկարները[2]։ Թուրքական կառավարությունը Մուրադի գլխի համար խոստացել էր 2000 ոսկի պարգև։

Մուրադին հաջողվում է ձերբակալությունից խուսափել և փախչել Հունաստան։ 1892 թվականին հասնում է Ալեքսանդրեթի նավահանգիստ, իսկ այդտեղից էլ ոտքով հասնում է Սասուն[1]։

Սասունի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին Սասունում համագործակցում է Միհրան Տամատյանի հետ։ 1893 թվականին եղել է Կովկասում, որտեղից զինված փոքրաթիվ խմբով վերադարձել է Սասուն։ 1893 թվականին թուրք կառավարության կողմից Տամատյանին ձերբակալելուց հետո Մուրադն ինքն է ստանձնում Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը։

Մեծն Մուրադը ղեկավարել է 1894-ի Սասունի ապստամբությունը, որի ընթացքում Մեծն Մուրադի զինակիցներն են եղել և իրենց մարտական մկրտությունը ստացել Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի օգոստոսի վերջին Մեծն Մուրադը փոքրաթիվ խմբով պաշարվել է, երեք օր տևող կռվից հետո ձերբակալվել է։ Նրա հետ կռվում էին Գասպարը, Գևորգ Չաուշը և Ադամը։ Գասպարն առաջարկել է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժեցին։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։ Թուրքերից մեկն Մեծն Մուրադին տեսնելով բացականչում է. «Մուրադ, հա Մուրադ։ Սա՞ է Մուրադը, այս պստիկ մարդը»[3]։

Մուրադի հարցաքննությունը կայացել է սուլթանական «Յըլդըզ» պալատում, որտեղ վարագույրի հետևից հարցազրույցին հետևել է սուլթան Աբդուլ Համիդը։ Մուրադին դատապարտել են 101 տարվա բանտարկության[1]։

Հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ[3]։

Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից[4]։

Մուրադին այնուհետև Բաղեշի բանտից տեղափոխում են Կ. Պոլիս, ապա աքսորում Տրիպոլի։

1904 թվականին իր եղբորը բանտից ազատելու փորձ է անում Հայկանուշ Պոյաճյանը, բայց ապարդյուն[1]։

Գործունեությունն արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին փախել է բանտից, անցել Եվրոպա, հաստատվել Փարիզում։ Հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է արել։ Վերակազմյալ հնչակյանների հետ համերաշխություն ստեղծելու նպատակով 1907 թվականին այցելել է Եգիպտոս, տեսակցել Միհրան Տամատյանի հետ, ապա մեկնել է ԱՄՆ. ամենուրեք արժանացել է ժողովրդի խանդավառ ընդունելության։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Թուրքիա, ընտրվել ազգային երեսփոխան և օսմանյան խորհրդարանի անդամ։

Մուրադը պառլամենտում խիստ քննադատության էր ենթարկում երիտթուրքերի քաղաքականությունը։ Նա ջանում էր ձախողել ոչ մուսուլմաններին բանակ զորակոչելու օրենքի նախագիծը[1]։

1915 թվականին Մեծն Մուրադը ևս ձերբակալվել է հայ մտավորականների հետ, աքսորվել Կեսարիա։ 1915 թվականի հուլիսի 30-ին նրան կախաղան են բարձրացնում[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրվարդ «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան. կեանքն ու գործունէութիւնը)», Փրովիտէնս, 1955, 134 էջ, 2-րդ հրտ., Երեւան, 1991, 56 էջ։
  • Կարօ Սասունի «Պատմութիւն Տարօնի աշխարհի», Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Հայկազ Պողոսյան «Սասունի պատմություն (1750-1918)», Երևան, 1985, 360 էջ։
  • Չելեպեան Անդրանիկ «Յեղափոխական դէմքեր», Միշիկըն, 1991, 464 էջ, 2-րդ հրտ., Սաութֆիլդ, 1994, էջ 79–124:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մեծն Մուրադ»։ Վերցված է 2015 Մարտի 6 
  2. 2,0 2,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 108
  3. 3,0 3,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png