Քրիստափոր Միքայելյան
Քրիստափոր Միքայելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1859[1] |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս |
Մահացել է | մարտի 1, 1905 (45 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Աշխատությունները Վիքիդարանում |
Քրիստափոր Մկրտչի Միքայելյան (հոկտեմբերի 18, 1859[1], Ներքին Ագուլիս - մարտի 1, 1905, Սոֆիա, Բուլղարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստափոր Միքայելյանը ծնվել է 1859 թ. հոկտեմբերի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1876 թ. ընդունվում է Թիֆլիսի Ուսուցչական ինստիտուտը, որն ավարտում է 1880 թվականին։ 1880-1884 թվականներին ուսուցչություն է արել իր ծննդավայր Վերին Ագուլիսում, ապա՝ Թիֆլիսում։ 1880-ական թթ. հարել է նարոդնիկությանը, անդամագրվում,«Նարոդնայա Վոլյա» կազմակերպությանը։ 1882-1883 թվականներին մասնակցել է ազգային- դեմոկրատական, նարոդնիկական ուղղություն ունեցող Թիֆլիսի գաղտնի խմբակի ստեղծմանը։ Վերջինիս քայքայումից (1886) հետո բռնել է զուտ ազգայնական շարժման ուղին։ 1885-1887 թթ. իբրև ազատ ունկնդիր ուսանում է Մոսկվայի համալսարանում։ 1887 թվականին վերադառնում է Թիֆլիս և դարձյալ ձեռնարկում հեղափոխական գործունեության։ 1889 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվում է «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։
1890 թվականին Թիֆլիսում Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ հիմնադրել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը»՝ դառնալով նրա Կենտրոնական վարչության անդամը և ղեկավար դեմքը։ 1891 թ. նա ձերբակալվում և աքսորվում է Բեսարաբիա՝ Քիշնև։ Սակայն, այստեղ էլ նա հանգիստ չմնաց։ 1891 թվականին գաղտնի անցավ Ռումինիա և կազմակերպեց ՀՅ Դաշնակցության օրգան «Դրօշակ» թերթի հրատարակությունը։ 1892 թ. ամռանը վերադառնում է Թիֆլիս և մասնակցում ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովին։ Այդ ժողովում հաստատվեց ՀՅԴ ծրագիրը, որի հեղինակներից մեկն էր Քրիստափորը։ Նույն ժողովը ընտրեց ՀՅԴ անդրանիկ Բյուրոն, որի անդամ էր նաև Քրիստափորը։
1895 թ. հոկտեմբերին նա ևս մեկ անգամ ձերբակալվում է և մինչև 1896 թ. մարտի 23-ը անցկացնում Բաքվի բանտում։ Քրիստափորն ազատվում է միայն 2000 ռուբլի գրավականով և Թիֆլիսից չհեռանալու պայմանով։ Այնուհետև Քրիստափորը իր ուժերը կենտրոնացնում է Խանասորի արշավանքի կազմակերպման ուղղությամբ, որի նպատակն էր պատժել հայության համար պատուհաս դարձած քրդական Մազրիկ ցեղին։ 1898 թ. կայացած ՀՅԴ երկրորդ ընդհանուր ժողովի որոշմամբ Քրիստափորը մեկնում է Ժնև, ուր զբաղվում է «Դրոշակ» թերթի խմբագրման և քարոզչական գործունեությամբ։ Այս ընթացքում էլ նա գրել է իր «Ամբոխային տրամաբանություն» (հրտ. 1909), «Կովկասահայ տագնապը» (հրտ. 1903) աշխատություններըը, որտեղ պաշտպանել է ցույցերի, արշավանքների, ահաբեկչական գործողությունների միջոցով Արևմտյան Հայաստանն ազատագրելու ՀՅ Դաշնակցության ծրագիրը։
Նրա անմիջական նախաձեռնությամբ է կազմակերպվում «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», որը նշանակալից դեր խաղաց ՀՅԴ գործունեության մեջ։ Քրիստափորի նախաձեռնությամբ 1900 թ. նոյեմբերին Ժնևում սկսվեց հրատարակվել ֆրանսալեզու «Պրո Արմենիա» թերթը, որին թղթակցում էին ժամանակի ֆրանսիական շատ հայտնի հայագետներ և քաղաքական գործիչներ (Անատոլ Ֆրանս, Ժան Ժորես, Դընի Կոշեն, Ժորժ Կլեմանսո և այլն):
Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՅԴ հայտնի «Փոթորիկ» խումբը, որը իր գործունեությունը սկսելով 1901 թվականին՝ հայ մեծահարուստներից հարկադրաբար պահանջում և ստանում էր խոշոր գումարներ, որոնք մինչև վերջին լուման օգտագործվում էին հայ ազատագրական զինյալ պայքարի կարիքների համար։
1904 թ. հրավիրված ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովից հետո, նույն ժողովի որոշումով, Քրիստափորը ձեռնամուխ եղավ արյունոտ սուլթանին՝ Աբդուլ Համիդ 2-ին ահաբեկելուն ուղղված «Նժույգ» գործողության կազմակերպմանն ու ղեկավարմանը։ Նա կազմեց մահափորձի ծրագիրը, ընտրեց գործակիցներ, անձամբ անցավ Կ. Պոլիս, կատարեց նախապատրաստական աշխատանքներ։ Բայց, ցավոք, 1905 թ. մարտի 5-ին (ն. տ. մարտի 17-ին), Սոֆիայի մոտ, Վիտոշ լեռան բարձունքին, ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ նա զոհվեց իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանի հետ միասին։ Նրա շիրիմը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հանրային գերեզմանատան մէջ[2]:Քրիստափորի մահը մեծ կորուստ էր ինչպես ՀՅ Դաշնակցության, այնպես էլ հայ ազատագրական պայքարի համար[3][4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեղափոխականի մտքերը, Երևան 1990:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստափոր Միքայէլեանի նամակները, խմբ. Հր. Տասնապետեան, Պէյրութ, 1993, 414 էջ։
- Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան (1890-1950), խմբ. Սիմոն Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
- Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, 536 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
- Խուդինեան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծնունդը, Երեւան, 2000:
- Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչև 1895 թվականի վերջը), Երևան, ՀՀ ԳԱԱ, 2006, 440 էջ, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf
- Աշոտ Ներսիսեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Պէյրութ, 2008, 400 էջ։
- Գրիգորյան Հովիկ, Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը (1890-1908 թթ.), Երևան, 2004, 112 էջ։
- Ահարոնեան Աւետիս, Քրիստափոր Միքայէլեան, Պոսթըն, 1926:
- Տասնապետեան Հրաչ, ՀՅ Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. ընդհանուր ժողովը (1890-1924 թթ.), Աթէնք, 1988:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Քրիստսփոր Միքայէլեանի Մասին Արա Գրիգորեանի Գիրքին Ներկայացումը Շաւիլի Մէջ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Քրիստափոր Միքայելյանը և Հայկական հարցի լուծման ուղիները
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին այրեր. Քրիստափոր Միքայելյան, - https://www.youtube.com/watch?v=zQiOcbwz9wQ
- Քրիստափոր /կենսագրություն/, - http://www.ayf.am/images/qristapor_1.pdf