Շապին Գարահիսարի հերոսամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շապին Գարահիսարի հերոսամարտ, Շապին Գարահիսարի հայ բնակչության գոյամարտը թուրքական զորքերի ու հրոսակախմբերի դեմ 1915 թվականի հունիսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին շուրջ 300 շապինգարահիսարցի երիտասարդներ զորակոչվել են թուրքական բանակ, իսկ մյուսները, վճարելով պահանջվող հարկը, ժամանակավորապես ազատվել։ Սակայն շուտով նրանց էլ են զորակոչել և ճանապարհաշինության ու շինարարական ծանր աշխատանքներում օգտագործելուց հետո, բոլորին կոտորել։ Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավել են հայերի խանութները, խլել նրանց ունեցվածքը, ապրուստը։ Իսկ 1915 թվականի մայիսից սկսվել են զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրդերով շրջապատված քաղաքի հայության վիճակն օրավուր ծանրացել է։ Մերձռազմաճակատային թուրքական բանակը և բանտից ազատված հանցագործները շրջակա հայկական գյուղերում զբաղվել են կողոպուտով ու սպանություններով։ Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թվականի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և ոչնչացրել շուրջ 400 մարդու։ Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության, որն սկզբում կրել է տարերային բնույթ, բայց շուտով դարձել համընդհանուր ու կազմակերպված։ Ամրացվել է թաղամասը, կառուցվել են պատնեշներ, կազմավորվել ու դասավորվել մարտական ուժերը։ Պաշտպանության գործը գլխավորել է Ղուկաս Դեովլեթյանը, աչքի են ընկել նաև Ավագ Տյուրիկյանը, Գարեգին Կարմիրյանը, Շապուհ Օգանյանը, Իսրայել Օզանը, Գասպար Ղուկասյանը, Հմայակ Կարագյոզյանը և ուրիշներ։

Բուն հերոսամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին իսկ օրերին տեղի են ունեցել թեժ մարտեր, և հայերն արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին։ Բայց երբ թուրքերը թնդանոթներից ռմբակոծելով հրդեհել են հայկական թաղամասը, հայերի վիճակը վատացել է։ Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել ավելի քան 3 հազար տուն։ Հայերը (ավելի քան 5 հազար մարդ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և մարտերով նահանջել Շապին Գարահիսարի հինավուրց բերդը մերձակա լեռան գագաթին։ Նրանք տարել են նաև որոշ չափով պարեն, անասուններ, եղած զինամթերքը։ Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող զինվորական խորհուրդ Ղ. Դեովլեթյանի գլխավորությամբ։ Բերդի և նրա մատույցների կարևորագույն կետերի պաշտպանությունը հանձնվել է 5-25 հոգանոց մարտական խմբերի։ Բնակչությունն ամրացրել է բերդի շրջապարիսպը, որը դարձել է պաշտպանության առաջին գիծը։ Ռազմիկ կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար։ Պահանջվել է խնայողաբար ծախսել պարենն ու ռազմամթերքը։ Պարենավորումը կարգավորելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։

Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ուղեկցությամբ, գնդակոծել են բերդը։ Սեբաստիայի վալի Մուամմարը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով «ներում շնորհել նրանց»: Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը։ 3 օր անց վալին նորից հայերին հանձնվելու պահանջ է ներկայացրել, բայց մերժում ստանալով ձեռնարկել է ավելի կատաղի հարձակում (20 հզ հոգով)։ Հայերը համառորեն ղիմադրել են և հետ մղել թշնամուն։ Թուրքական մի ջոկատի (մոտ 70 հոգի) հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ և որոշ խուճապ առաջացնել պաշտպանների շարքերում։ Հայերի դրությունն օրավուր ծանրացել է (սպառվել էին պարենը, զինամթերքը, ջուրը)։ Այդ անհուսալի վիճակում, հունիսի 25-ին գիշերային հարձակումով որոշ գոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են թշնամու պաշտպանական գիծը և դուրս եկել՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու, թուրքերի վրա ճնշում գործադրելու և բերդում գտնվողներին փրկելու հույսով։ Բերդում մնացածները թշնամուն հանձնվելու փոխարեն թույն են ընդունել։ Չնայած հաջորդ օրերի լռությանը, թուրքերը չհամարձակվեցին մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժեցին բերդ, այնտեղ հանդիպեցին միայն երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորեցին գազանաբար։ Բերդից հեռացածները թեև չկարողացան օգնություն կազմակերպել, բայց տարբեր վայրերում շարունակեցին պայքարը։

Մարտեր հարակից գյուղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ մարտեր տեղի ունեցան Շապին Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում։ Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը։ Կռիվը խիստ անհավասար էր, և թվով գերակշռող թուրքերը բնաջնջեցին գյուղի հայ բնակչությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png