Վանի ինքնապաշտպանություն (1896)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վանի ինքնապաշտպանություն (1896), Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը, Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։ Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) և Ներսհսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հազար զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը։ Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել է։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։ Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ, իսկ մնացածը, այդ թվում և Մ. Ավետիսյանը, զոհվել է։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Պետոյի ու Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը։ Փրկվել է միայն մեկ մարդ, իսկ Վարագա լեռան վրա ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան։

Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրքական զինվորներն ու համիդեականները անարգել ներխուժել են քաղաքի հայկական թաղամասերը և կոտորել խաղաղ բնակչությանը։ Մեկ շաբաթում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք։ Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում։ Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հազար հայ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png