Պաշտպան Հայրենյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պաշտպան Հայրենյաց, ազատագրական-հեղափոխական կազմակերպություն Կարինում (Արևմտյան Հայաստան)։ Հիմնադրվել է 1881 թվականի մայիսին՝ Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից և հայերի համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո։ Մոտակա նպատակն էր հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, վերջնական նպատակը՝ սեփական ուժերով Հայաստանի անկախության վերականգնումը։

Կազմակերպության ղեկավարությունն իրականացնում էր Գերագույն խորհուրդը (Խաչատուր Կերեքցյան, Ալեքսան Էթելեկյան, Հովհաննես Ասատրյան և ուրիշներ)։ Անդամներն էին մտավորականներ, արհեստավորներ, երկրագործներ, կազմված էր տասնյակների համակարգով։ Կազմակերպությանը հովանավորում էր Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը: «Պաշտպան հայրենյացն» իր մասնաճյուղերն ուներ Արևմտյան Հայաստանի մեծ մասում։ Կազմակերպությունը թռուցիկներ էր տարածում՝ միասնական ուժերով թուրքական լուծը թոթափելու կոչերով։ «Պաշտպան հայրենյաց»-ի «արմատական» թևը, ազատագրության միակ ուղին համարելով զինված ապստամբությունը, կողմ էր անհապաղ զինված ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով, զինված ելույթը պետք էր իրականացնել մանրակրկիտ և երկարատև նախապատրաստությունից հետո։ ժողովրդի ինքնապաշտպանության համար զենք հայթայթելու նպատակով «Պաշտպան հայրենյացը» փորձել է նյութական միջոցներ գտնել, կապեր է հաստատել հայ քաղաքական և կրոնական գործիչների՝ Մ. Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ), Գ. Արծրունու, Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի, հայկական համանման կազմակերպությունների հետ։ 1882-ին ոստիկանությունը հայտնաբերել է կազմակերպությունը, ձերբակալել շատ անդամների (գրակ. մեջ նշվում են 72 և 52 մարդ)։ 1883 թ.տեղի է ունեցել դատը՝ հայերի առաջին քաղաքական դատավարությունը Օսմանյան կայսրությունում: Հիմնադիր անդամները դատապարտվել են 5-15 տարվա բանտարկության։ Նրանց մեծ մասը 1884-ին ներում է ստացել։

Ստեղծման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների ռուս թուրքական պատերազմից և դրան հաջորդած Սան Ստեֆանոյի համաձայնագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո, եվրոպական տերությունների օգնության սին խոստումներից հիասթափված, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներից շատերն առաջադրեցին սեփական ուժով Հայաստանի քաղաքական վերածնությունն իրականացնելու խնդիրը։ Անհրաժեշտ էր ստեղծել մի կազմակերպություն, որը նախապատրաստեր հայ ժողովրդի զինված պայքարը։ որպես այդպիսին հանդես եկավ «Պաշտպան Հայրենյաց»-ը։

Կառուցվածքը և խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատեսված «Մասիս լեռների միության» փոխարեն, կոնսպիրատիվ նկատառումներով, այն կոչվեց «Երկրագործական ընկերություն»: Անվանումն առաջացել է կազմակերպության անդամատոմսերի վրա եղած «Պաշտպան Հայրենյաց» դրոշմից։ «Պաշտպան Հայրենյաց»-ի անմիջական խնդիրն էր՝ հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, իսկ վերջնական նպատակը՝ Հայաստանի անկախության վերականգնումը։

Կազմակերպությունը ղեկավարվում էր հինգ հոգուց բաղկացած հեղափոխական շտաբը՝ Գլխավոր կամ Գերագույն խորհուրդը, որը գործում էր առանց գրավոր կանոնադրության։ «Պաշտպան Հայրենյաց»-ը ուներ լավ մտածված կոնսպիրատիվ սիստեմ, կազմակերպության նոր անդամը, Գերագույն խորհրդի ներկայացուցիչներից մեկին հավատարմության երդում տալուց հետո, հանձնարարություն էր ստանում հավաքագրել 10 վստահելի անձ և դառնալ նրանց հրամանատարը։ Տասնյակի անդամները ճանաչում էին միայն իրենց հրամանատարին, իսկ վերջինը գլխավոր խորհրդի միայն այն անդամին, որին երդում էր տվել։ Տասնյակի զինումը հրամանատարի պարտականությունն էր։ Սահմանված անդամավճարով, հանգանակություններով կամ նվիրատվություններով ձեռք բերված լրացուցիչ զենքը, անհրաժեշտության դեպքում, պետք է բաժանվեր բնակչությանը։ Կազմակերպության հիմնական ուժը քաղաքի արհեստավորական դասն էր և աշխատավոր գյուղացիությունը։ Պրոֆեսիոնալ գործիչները իրենց գաղտնի գործունեությունը քողարկում էին որևէ այլ զբաղմունքով։

Տարածումը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաշտպան Հայրենյաց»-ը իր ճյուղավորումները ուներ Արևմտյան Հայաստանի մեծ մասում, որի շատ քաղաքներում ստեղծվել էին հեղափոխական խորհուրդներ։ Սերտ կապեր էին հաստատվել արևելահայերի հետ։ Պատրաստվում և տարածվում էին հեղափոխական թռուցիկներ՝ միասնական ուժով օսմանյան բռնատիրությունը թոթափելու կոչերով։ Ազատագրական միակ ուղին համարելով զինված ապստամբությունը՝ կազմակերպության «արմատական » թևը կողմ էր անհապաղ ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով զինված ելույթը կարելի էր սկսել միայն երկարատև և մանրակրկիտ նախապատաստությունից հետո։

Բացահայտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն 1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը պատահականորեն բացահայտվեց, իսկ 1883 թվականի ապրիլի 7-ին սկսվեց ձերբակալված անդամների դատավարությունը (արևմտահայերի առաջին քաղաքական դատավարությունը Թուրքիայում)։ 40 մարդ դատապարտվեցին տարբեր ժամկետների (5-15 տարի) բանտարկության։ 1886 թվականին բանտից ազատված Խաչատուր Կերեքցյանը և Հ. Իշղալացյանը փորձեցին վերականգնել կազմակերպությունը, բայց Կարինի զինված ելույթի ճնշումից հետո անհաջողության մատնվեցին։

Չնայած քաղաքական ասպարեզից հեռանալուն, «Պաշտպան Հայրենյաց»-ը կարևոր նշանակություն ունեցավ արևմտահայ ազգային-ազատագրական շարժման համար՝ իր գործունեությամբ նշանավորելով օսմանյան բռնապետության դեմ հայ ժողովրդի պայքարի նոր շրջանի սկիզբը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png