Քեռի (Արշակ Գավաֆյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեռի
Արշակ Գավաֆյան
QERI.jpg
(ֆիդայի, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ)
Ծնվել է 1858
Ծննդավայր Կարին, Էրզրումի նահանգ, Թուրքիա
Մահացել է 1916 թվականի մայիս
Մահվան վայր Ռավանդուզ, Erbil Governorate
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Մայրենի լեզու հայերեն, ռուսերեն, թուրքերեն
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն ֆիդայի
Գործունեություն 1880-1915 թվականներ
Զբաղեցրած պաշտոններ գնդի հրամանատար
Քաղաքական կուսակցություն Հայ հեղափոխական Դաշնակցություն
Arshak Gavafian Վիքիպահեստում

Քեռի, իսկական անունը՝ Արշակ Գաւաֆեան (1858 թվական, Կարին - 1916 թվականի մայիս, Ռևանդուզ, թաղված է Թբիլիսիում), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հայ կամավորական չորրորդ գունդը, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915-1917 թթ. հայկական կամավորական ջոկատների ղեկավարները. Քեռի, Խանասորի Վարդան և Համազասպ (կանգնած)

Քեռին ծնվել է 1858 թվականին Կարինում (Էրզրում), որտեղ ավարտել է տեղի հայկական դպրոցը։ 1882 թ. անդամագրվել է Կարինի Պաշտպան Հայրենյաց կազմակերպությանը։ 1889 թ. անցել է Կաղզվան։ Համագործակցել է Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյան) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։ Այնուհետեւ անդամագրվել է Երկիր անցնելու նպատակով կազմավորված Սարգիս Կուկունյանի խմբին։ Կուկունյանի արշավանքի 1890 թ. ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Շատ չանցած անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 1891-1892 թթ. գործելով Կարսի մարզում։ 1893 թ. մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին, իսկ 1895 թ. կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում, պաշտպանել ժողովրդին և հոգևոր առաջնորդին։ XX դարասկզբին նա կրկին Կարսի մարզում էր՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ։ 1903 թ. հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն, մասնակցել 1904 թ. Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։ 1905 թ. Վասպուրականից անցնում է Արևելյան Հայաստան։

Հայ-թաթարական բախումների ժամանակ (1905-1906 թթ.) Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվելով հիմնականում Անգեղակոթի հատվածում։ Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին, դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։ Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։

Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրեին անցել է Կովկաս։ Պատերազմի սկսվելուց և հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել է 1915 թ. Սարիղամիշի ճակատամարտին։


1916 թ. մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։

Քեռու աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։ Խորհրդային տարիներին գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչոցվել է նաև Քեռու շիրիմը: Նրան է նվիրված «4-րդ գնդի հրամանատար քաջ Քեռին...» երգը։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]