Թուման Թումյան (Թորգոմ)
Թուման Թումյան (Թորգոմ) | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1879 թվականի մայիսի 11 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն, Լեռնային Ղարաբաղ, քաղաք Շուշի |
Մահացել է | 1904 թվականի հուլիսի 2 |
Մահվան վայր | Ռուսական կայսրություն, Կարսի մարզ, Օլթի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, ռուսական բանակի սպա |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Թուման Թումյան (Թորգոմ) (11-ը մայիսի, 1879 թ. Շուշի - 2-ը հուլիսի, 1904 թ., Օլթի), հասարակական գործիչ, ազատագրական շարժման մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1879 թ. մայիսի 11-ին Շուշիում։ 1897 թ. ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ Նրա դասընկերներն էին Գարեգին Նժդեհը, Մենակը և այլ հայտնի ժողովրդական պաշտպաններ։ 1897 թ. մեկնել է Մոսկվա, ուսումը շարունակել Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ ստացել է ռազմական կրթություն։ Ստանալով ռազմական կրթություն՝ ծառայության է անցել ռուսական բանակում։ 1900 թ. վերադառնալով Շուշի՝ վարել է հասարակական-քաղաքական գործունեություն, հրատարակել է «Կոկոն» թերթի առաջին համարը և տարածել երիտասարդության շրջանում։ 1901 թ. մեկնել է Ալեքսանդրապոլ և շարունակել իր ծառայությունը՝ որպես ռուսական բանակի սպա։
1902 թ. մայիս-հունիսին թողնելով զինվորական ծառայությունը՝ շրջիկ-գործչի պաշտոն է ստանձնել ՀՅԴ Կարսի կառույցում և եռանդուն գործունեություն ծավալել մարզի գյուղերում և գավառային քաղաքներում։ Թորգոմը Կարսի մարզում մասնակցել է նաև զենքի ու զինամթերքի փոխադրման աշխատանքներին և շնորհիվ իր կազմակերպական ընդունակության ու զինվորական հմտության շուտով դարձել է ղեկավար դեմք և ձեռնամուխ եղել «Մրրիկ» ձիավոր խմբի կազմավորմանը՝ ընտրվելով նույն խմբի խմբապետ։ 1903 թ. հունիսին Թորգոմի հմուտ ղեկավարությամբ «Մրրիկ» խումբը հասել է Սասուն։ Սասունում Թորգոմը մտել է Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի մեջ և նվիրվել կազմակերպչական աշխատանքի։
1903 թ. վերջին նա Կայծակ Վաղարշակի (Վաղարշակ Բաղդասարյան) հետ որպես Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչներ Կովկասի վրայով մեկնել են Սոֆիա՝ մասնակցելու ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին։ Բայց Թորգոմը ՀՅԴ ընդհանուր ժողովին չի մասնակցել։ Նա իր ձայնը փոխանցել է Խլաթի ներկայացուցիչ Աշոտ Երկաթին (Արմենակ Լևոնյան), իսկ ինքը վերադառնալով Կովկաս՝ ձեռնամուխ է եղել Կարսում նոր խմբեր կազմելուն։ Այստեղ Թորգոմը մասնակցել է 1904 թ. ապրիլի 5-ից 12-ը Ալեքսանդրապոլում գումարված ՀՅԴ խորհրդակցությանը, այնուհետև կազմավորել է «Որսկան» խումբը, որը 1904 թ. հուլիսի 2-ին (ն. տ. հուլիսի 15-ին) Օլթի-Ղարաբողազ (կիրճ Օլթիի շրջանում)-Պուլիկ աղբյուր-Նարիման-տաճկական Բասեն գծով փորձել է անցնել Երկիր։ Բայց ռուս-թուրքական սահմանագլխին ռուս սահմանապահների կողմից խմբի մեծ մասը կոտորվել է։ Սպանվել է նաև Թորգոմը։ Թուման Թումյանին է նվիրված Ավետիք Իսահակյանի «Որսկան ախպեր» ստեղծագործությունը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատ., խմբ. Հրաչ Տասնապետեանի, Պէյրութ, 1985, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա., Գ. հատ., Թեհրան, 1982, Երևան, 1990։
- Վրացեան Սիմոն, Թումեան Թումեանց (Թորգոմ), տե'ս Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան (1890-1950 թթ.), Բոստոն, 1950, էջ 451-456։
- Վալադեան Վալադ, «Մրրիկ» խմբի արշաւը, «Հայրենիք ամսագիր», 1958, թիւ 6, էջ 50-63։
- Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 600 էջ։
- Հակոբյան Կարապետ, Թորգոմի, «Որսկան» խումբը և նրա ազդեցությունը ազատամարտի հետագա մարտավարության վրա, «Էջմիածին (պաշտօնական ամսագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի)», Վաղարշապատ, 2013, թիւ Ը, էջ 54-69։
|