Միկրոշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միկրոշրջան, բնակավայրերի կառուցապատման ժամանակակից քաղաքաշինական ամենափոքր միավորը։ Միկրոշրջանի կազմի մեջ բացի բնակելի շենքերից մտնում են նաև մսուր-մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ, ամենօրյա անհրաժեշտության մթերային և արդյունաբերական ապրանքների խանութներ, մշակութային, մարզական, կենցաղային և վարչական սպասարկման հիմնարկություններ։ Միկրոշրջանի բնակիչների թիվը կարող է լինել 2—6 հզ-ից (գյուղական բնակավայրերում) մինչև 16 հզ․ (խոշոր քաղաքներում)։ Միկրոշրջանի նախագծային և տեսական հիմունքները մշակվել են ԽՍՀՄ-ում, դեռևս 1920-ական թթ․ և նոր թափ ստացել ետպատերազմյան տարիներին՝ ավերված քաղաքների վերականգնման ու նոր բնակելի զանգվածների շինարարության ընթացքում։ Միկրոշրջանի ծավալատարածական կոմպոզիցիան սերտորեն շաղկապվում է բնակելի տների տիպերի հետ, որոնք հաճախ մշակվում են բլոկ-սեկցիաների ձևով՝ ավելի ճկուն բնույթ հաղորդելով կառուցապատմանը։ Օրինակելի միկրոշրջաններներ են կառուցվել Մագնիտոգորսկում, Մոսկվայում, Լենինգրադում, Մինսկում, Վիլնյուսում և այլուր։ Երևանում առաջին միկրոշրջանի սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի ավանն է (1932, ճարտարապետ՝ Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան)՝ բաղկացած բնակելի շենքերից (3, 4-հարկանի) և բնակիչների սպասարկումն ապահովող հիմնարկներից։ Այդ սկզբունքով են կառուցվել Երևանի Աջափնյակի և Նորքի բնակելի զանգվածները (ճարտարապետ Մ․ Մազմանյան, Ց․ Չախալյան), Ավանի բնակելի շրջանը (ճարտարապետ Գ․ Մուշեղյան, Կ․ Մարտիրոսյան), Կիրովականի Դիմաց թաղամասը (ճարտարապետ Ա․ Թերզիբաշյան), Լենինականի Հյուսիսային բնակելի շրջանը (ճարտարապետ Փ․ Մանուկյան) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 546 CC-BY-SA-icon-80x15.png