Մարտուն Ազատյան
Մարտուն Գուրգենի Ազատյան | |
---|---|
Ծնվել է | 1928 |
Ծննդավայր | Ալավերդի, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ինժեներ-շինարար |
Ազատյան Մարտուն Գուրգենի (1928, Ալավերդի, ԽՍՀՄ), ինժեներ-շինարար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտուն Ազատյանը ծնվել է 1928 թվականին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտն ավարտելուց հետո սկսել է աշխատել Ալավերդու շինարարական կազմակերպություններում։ Շուրջ 50 տարի եղել է Ախթալշին տրեստի № 1 շինվարչության պետը։ Այդ ընթացքում ղեկավարել է մի շարք բնակելի, հասարակական, մշակութային, ուսումնական և այլ բնույթի շենքերի ու շինությունների կառուցումը (Ալավերդու հին կայարանամերձ հրապարակի համալիր, Դեբեդի կամուրջներ, քաղաքային շուկա, մարզադաշտ, պրոֆիլակտորիումի, սանէպիդկայանի, զինկոմիսարիատի, Ախթալշին տրեստի վարչական շենքեր, Սանահին թաղամասի մշակույթի պալատ, դպրոց, ճոպանուղի և այլն)։
Ազատյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենի քաղաքի արտադրական և քաղաքաշինական զարգացմանը։ 1957 թվականից զբաղվել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի վերակառուցման, նոր արտադրամասերի և բաժանմունքների կառուցման գործով (40-ից ավելի օբյեկտ)[2]։
«Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ նախագահ Գագիկ Արզումանյանը Ազատյանի մասին ասել է․
Այն հարգանքն ու հեղինակությունը, որ նա վայելում է Ալավերդի քաղաքի և ողջ մարզի ազգաբնակչության շրջանում, պայմանավորված է ինչպես Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի վերակառուցման շինարարական աշխատանքներում նրա անգնահատելի ավանդով, այնպես էլ հայրենիքի ապագայի նկատմամբ նրա սրտացավ ու հոգատար վերաբերմունքով[1]։ |
1960-1980-ական թվականներին Ազատյանի ղեկավարությամբ կառուցվել են մի շարք արտադրական կառույցներ, այդ թվում՝ կաթի և հացի գործարաններ, սառնարանային տնտեսություն, կարի արտադրական միավորում և կենցաղային սպասարկման կոմբինատներ, հացամթերքի իրացման բազա, քիմիական մաքրման ֆաբրիկա, ավտոարտադրության համալիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
- ↑ Պատերազմական ու հետպատերազմյան տարիները՝ Մարտուն Ազատյանի համար