Հին Արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Արևելք, Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանումը, որը վերաբերում է ստրկատիրության ծագման ու գոյության շրջանին (մ.թ.ա. 4-1-ին հազարամյակներ)։ Հին Արևելքի հնագույն հասարակությունները սկզբնավորվել են մ.թ ա. 5-4 հազարամյակներում Նեղոսի հովտում (Եգիպտոս), Եփրատի ու Տիգրիսի ավազանում (ՄիջագետքՇումերը և Աքքադը Միջագետքի հնագույն պետություններից են։ Եգիպտոսում մշակվել է հիերոգլիֆ (մեհենագիր) գիրը, շումերները ստեղծել են սեպագիրը, նրանցից փոխառել են սեմական ցեղերը՝ աքքադացիները, որը հետագայում զարգացրել են Բաբելոնում և Ասորեստանում։ Նույն սեպագիրն իրենց լեզուներին են հարմարեցրել խեթերը, խուռիները, էլամցիները և ուրարտացիները, օգտվել են նաև քանանացիները, ուգարիթի քաղաքացիները։ Ուգարիթցիները մշակել են հնագույն տառային գրությունը, որն ընդունել են արամեացիները, եբրայեցիները և այլ ժողովուրդներ։ Սեպագիրն օգտագործել են նաև հին պարսիկները։ Մ.թ.ա. 2-1 հազարամյակներում քաղաքակրթության բարձր մակարդակի են հասել նաև Հնդկաստանի՝ Ինդոս-Գանգեսի ավազանի և Չինաստանի՝ Հուանհե-Յանցզի ավազանի ժողովուրդները։

Մինչև հիերոգլիֆների և սեպագրերի վերծանումը (13-րդ դար) Հին Արևելքի մասին պատկերացումները հիմնված էին գերազանցապես Աստվածաշնչի, մասամբ էլ հին հունական, պատմագրության տվյալների վրա։ Անհայտ էին մնում Հին Արևելքի հիմնական հասարակությունները, նրանց պատմությունն ու մշակույթը։ Ուշ միջնադարից սկսած Եվրոպա են թափանցել ճանապարհորդների հաղորդած հատուկենտ տեղեկություններ Արևելքի հին մշակույթի կոթողների մասին, սեպագիր արձանագրությունների պատճեններ և այլն։ 1802-ին գերմանացի լեզվաբան Գրոտեֆենդը պարսից Աքեմենյան արքաների եռալեզու (հին պարսկերեն-բաբելերեն-էլամերեն) արձանագրությունների հին պարսկական տարբերակների հիման վրա գտավ սեպագրի վերծանման բանալին։ Նրա գործը շարունակեց և բաբելերեն տեքստերը ևս ընդգրկեց Ռոուլինսոնը։ 1822-ին Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը վերծանեց հիերոգլիֆները։ 19-րդ դարի կեսին սկսվեցին Հին Արևելքի հնավայրերի պեղումները։ Ֆրանսիացի Բոտտան, անգլիացի Լայարդը և ուրիշները պեղեցին Ասորեստանի երեք մայրաքաղաք։ Նինվեի պեղումների ժամանակ, Քույունջիք բլրի վրա, բացվեց սեպագիր աղյուսակների մի հսկայական գրադարան։ Այնուհետև պեղվեցին Շումերի հնագույն քաղաքները, Ուրարտուի, Խեթական պետության, Հին Պարսկաստանի, էլամի, Միտաննիի հնավայրերը։ Ստեղծված ասորագիտության մեջ առաջացան նոր ճյուղեր՝ խեթագիտություն, ուրարտագիտություն, խուռիագիտություն և այլն։ 20-րդ դարի 2-րդ կեսին առաջացավ մի նոր ճյուղ՝ «էբլայագիտություն»՝ Հյուսիսային Սիրիայի Թել-Մարդիխ վայրում հայտնաբերված, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ծաղկած էբլա քաղաքի անունով, որի պեղումներով արդեն հայտնաբերվել է շուրջ 15 հազար սեպագիր աղյուսակ, գրված մասամբ շումերերեն, մասամբ էլ, հավանաբար, քանաներեն։ Հին Արևելքի պատմության ու մշակույթի տարբեր հարցերին նվիրված մասնավոր ուսումնասիրություններին հաջորդեցին ընդհանրացնող աշխատություններ։ Առաջին լուրջ գիտական հետազոտությունը Մասպերոյի «Դասական Արևելքի ժողովուրդների հին պատմություն» (1895-1899) գործն էր։ Գերմանացի պատմաբան էդուարդ Մեյերը փորձել է Հին Արևելքի պատմությունը շարադրել իր ստեղծած ցիկլի տեսությամբ («Հին աշխարհի պատմություն», 1884-1902)։ Հին Արևելքում ստրկատիրական հասարակարգի տեսությունը ոչ միայն ամրապնդվել է մի շարք խորհրդային հետազոտողների նոր ուսումնասիրություններով (հիմնականում՝ Ի. Մ. Դյակոնով), այլև որոշակի ազդեցություն է գործել արևմտյան պատմագրության առաջադեմ ներկայացուցիչների վրա։ Սակայն դեռևս առանձին խորհրդային պատմաբաններ փորձում էին այս կամ այն ձևով վերակենդանացնել «ասիական արտադրաեղանակի» թեզը։ Հին Հայաստանի պատմության սոցիալ-տնտեսական խնդիրները ուսումնասիրվում են Հին Արևելքի պատմության համապատասխան խնդիրների հետ կապակցված։ Հայերը այն եզակի ժողովուրդներից են, որոնք սկիզբ առնելով Հին Արևելքի պատմության հնագույն ժամանակներում, հարատևել են ցայսօր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409