Ածխաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակտոզի քիմիական կառուցվածքը:

Ածխաջրեր (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից։

Դասակարգում[խմբագրել]

Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի՝

  • միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),
  • օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ։ Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,
  • բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից։ Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն։

Նշանակություն[խմբագրել]

Էներգիական[խմբագրել]

Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին։ 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա։ Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը։ Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում։ Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն։ Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից։

Ածխաջրերը սննդում անհրաժեշտ են այնպես, ինչպես սպիտակուցները և լիպիդները։ Ածխաջրերի անհրաժեշտությունը բնորոշվում ոչ միայն նրանով, որ նրանք հանդիսանում են «արագընթաց» էներգիայի աղբյուր առանց կողմնակի թունավոր արգասիքների, այլ նաև նրանց մասնակցությամբ կենդանի բջջի բարդ սպիտակուցների՝ գլիկոպրոտեիդների կարգավորիչ և պաշտպանական ֆունկցիաներին։ Լիպիդների օքսիդացումը ածխաջրային էներգիայի պակասի դեպքում ծայրահեղ դանդաղ է ընթանում։

Էներգիայի աղբյուր են հանդիսանում հեշտ յուրացվող ածխաջրերը՝ գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն։ Այդ ածխաջրերի փոխանակությունը մարդու մոտ սերտորեն կապված է լիպիդների և ճարպերի փոխանակության հետ։ Ածխաջրերը սննդի հետ ավելցուկով ընդունելու դեպքում հեշտությամբ փոխարկվում են ճարպերի, բայց լիպիդներից ածխաջրեր գործնականում չեն սինթեզվում։

Ածխաջրային էներգիայի պակասը առողջ մարդու մոտ կոմպենսացվում է նրանց սինթեզի ակտիվացմամբ՝ ամինաթթուների փոխանակության միջանկյալ արդյունքների, մակերիկամների հորմոնների և որոշ վիտամինների, այդ թվում C վիտամինի մասնակցությամբ։ Այդ պրոցեսը կոչվում է գլյուկոնոգենեզ։ Այդ պատճառով որոշակի սահմաններում սննդի սպիտակուցա-լիպիդային ուղղվածության դեպքում, կարելի է սահմանափակել ածխաջրերով հարուստ մթերքի օգտագործումը առանց օրգանիզմին վնասելու։

Արդյունաբերական[խմբագրել]

Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ։ Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն։ Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։

Կապված խանգարումներ[խմբագրել]

Ածխաջրերի պակասի հետևանքով արյան մեջ կուտակվում են ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացման արգասիքները՝ այսպես կոչված «կետոնային մարմնիկները», որոնք տեղաշարժելով արյան ռեակցիան դեպի թթվային կողմ, խախտում են շատ ֆերմնետային համակարգերի գործառույթներ, ինչը նկատվում է շաքարային դիաբետով հիվանդների, թմրամոլների, հարբեցողների, տոկսիկոմանների մոտ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ածխաջրատները երեխայի սննդակարգում