Ցրտահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի վեգետացիայի շրջանում ցերեկային դրական ջերմաստիճաններից հետո երեկոյան և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր։ Ցրտահարությունները լինում են ուշ գարնանային և վաղ աշնանային։

Ցրտահարության տեսակները[խմբագրել]

Տարբերում են ցրտահարության 3 տեսակ, ադվեկտիվ՝ առաջանում է օդի սառը հոսանքների ներխուժման հետևանքով (որի դեմ պայքարելը գրեթե անհնար է), ճառագայթային՝ ուժեղ ճառագայթման հետևանքով հողի մակերևույթն արագ կորցնում է ջերմությունը. իջնում է 0°C-ից ցածր, խառը՝ առաջանում է նախնական սառը օդի ադվեկցիայի և հաջորդող պարզկա ու ուժեղ ճառագայթումով գիշերվա եղանակների հետևանքով։ Ցրտահարությանը նպաստում են անտիցիկլոնային եղանակները, ուժեղ ճառագայթումը։ Ցրտահարությունը ավելի ուժեղ է ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ սառած օդը, լանջերով հոսելով, կուտակվում է՝ առաջացնելով «ցրտի լճակներ»: ՀՀ-ում, հատկապես Արարատյան դաշտում, ցրտահարությունների 80-85 %-ն ունի խառը ծագում։ Ցրտահարության աստիճանը կախված է ռելիեֆի ձևից, բույսերի զարգացման փուլից և բույսերի ցրտադիմացկունությունից։ Ցրտահարության դեմ պայքարի ձևերն են ծխածածկույթ ստեղծելը, բույսերը թանզիֆով կամ մոմլաթով ծածկելը, տաքացնելը և այլ։ Այդ միջոցներն ավելի արդյունավետ են ճառագայթային ցրտահարությունների ժամանակ։ Ամենատարածված և մատչելի եղանակը բուսական մնացորդներից այրելի կույտերի ստեղծումն է։ ՀՀ-ում կատարվել են նաև փորձեր՝ ծիրանի այգիները օդափոխիչներով և ուղղաթիռներով պաշտպանելու համար (դրանք խառնում են գետնամերձ շերտի սառը օդը, որը շատ ավելի արդյունավետ է):

Արարատյան դաշտի ցրտահարությունը[խմբագրել]

Արարատյան դաշտում ցրտահարությունների հավանականությունը կազմում է 45- 50%, ամենաուշ ցրտահարությունները դիտվել են մայիսին և նույնիսկ հունիսի վերջերին, իսկ ամենավաղը՝ 1941 սեպտեմբերի սեպտեմբերի 27-ին։ ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվում են 10-15% հավանականությամբ։ Ցրտահարությունից ավելի շատ տուժում են գոգավորությունում աճող բույսերը, կուտակվում է սառը օդը (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան և այլ գոգավորություններ), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերին, բարձունքների գագաթներին սառը օդի կուտակում չի լինում։ Խոտաբույսերը և վաղ գարնանային հացաբույսերը դիմանում են -7-ից -10°C կարճատև ցրտերին, սոյան՝ -3-ից -4°C սառնամանիքներին, եգիպտացորենը, կարտոֆիլը, կորեկը, սորգոն վնասվում են -2-ից 3°C-ում։ Ոչ դիմացկուն բույսերից լոբին, բրինձը, բանջարանոցային մշակաբույսերը վնասվում են -0,5-ից -1,5° C-ում։ Շատ շուտ վնասվում են հատկապես ծաղկած մրգատու ծառերը, խաղողի վազը և այլն , որոնք ցրտահարվում են 0-ից -1°C-ում։ Լինում են նաև ձմեռային ցրտահարություններ, երբ ջերմաստիճանն իջնում է գյուղատնտեսական մշակաբույսերի դիմացկունության (հատկապես մրգատու ծառերի) կրիտիկական ջերմաստիճանից ցած։ Ձմեռային ցրտահարություններ ավելի հաճախ տեղի են ունենում ձմռան սկզբին, երբ բույսերը հարմարված չեն ուժեղ ցրտերին։ 2001 թվականի դեկտեմբերին եղան աննախադեպ ցրտեր, ջերմաստիճանը որոշ վայրերում իջավ մինչև -30-ից -32°C, և մրգատու ծառերը, չթաղված խաղողի այգիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png