Սոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոյա
Սոյա
Սոյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Glycine
Տեսակ Սոյա (G. max)
Միջազգային անվանում
Glycine max
Սոյա մշակաբույս

Սոյա (Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (G․ hispida կամ C․ max)։ Սոյան միամյա է։ Արմատն առանցքային է, թափանցում է մինչև 1,5-2,5 մ խորության։ Ցողունի բարձրությունը 0,2-2 մ է, տերևները եռմասնյա են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց մանուշակագույն, պտուղը՝ ունդ, պարունակում է տարբեր գույնի (դեղին, կանաչ, սև, խայտաբղետ), ձևի (գնդաձև, ձվաձև) և մեծության 1-4 սերմ։ 1000 սերմի կշիռը 38—520 գ է։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ Աճում է բոլոր տիպի (բացի թթու, ճահճացած և ալկալի) հողերում։ Հողը պետք է պարարտացնել գոմաղբով, ֆոսֆորային պարարտանյութերով։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Բերքը հավաքում են սերմի համար՝ երբ տերևները թափվել են, ունդերը գորշացել, կանաչ զանգվածի համար՝ ծաղկման և ներքին ունդերի առաջացման փուլում։ Սոյան մշակվում է նաև եգիպտացորենի հետ համատեղ՝ մեջընդմեջ շարքերով կամ քառակուսաբնային եղանակով՝ յուրաքանչյուր բնում երկուական սերմ։

Սոյան հնագույն կուլտուրա է։ Մշակովի սոյայի հայրենիքը համարվում է Չինաստանը, որտեղ այն մշակել են մ․թ․ա. 5-6 հազար տարի առաջ։ Այստեղից տարածվել է սոյա բույսը մինչև Ասիայի երկրները։ Եվրոպա է բերվել 18-րդ դարի վերջում, ԱՄՆ՝ 19-րդ դարում, Ռուսաստան՝ 19-րդ դարի վերջում։ Մշակվում է ԽՍՀՄ-ում, ՌՍՖՍՀ-ում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդավիայում, Անդրկովկասում։ Մշակովի սոյան՝ պարենային, տեխնիկական, կերային և սիդերալ կուլտուրա է։ Հատիկը պարունակում է 24-45% սպիտակուց, 20-32% ածխաջրեր, 13-37% ճարպեր, վիտամիններ։ Սոյայի սպիտակուցը ամինաթթվային կազմով մոտ է կենդանական սպիտակուցին։ Հատիկը, ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի, մեջ, սոյայի ալյուրից պատրաստում են հրուշակեղեն։ Ձեթն օգտագործվում է մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ։ Սոյայի հատիկը հումք է շատ տեսակի արտադրանքների համար (արհեստական թել, պլաստմասսա, սոսինձ, լաքեր, ներկեր, օճառ և այլն)։ Սոյայի կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը, քուսպը օգտագործում են որպես կեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502 CC BY-SA icon 80x15.png