Կակաո (իսպ.՝ cacao), (հայերեն՝ Այմարնուշ, Տուրմենի), ստերկուլայինների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս։ Կակաոյի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղանյութերի և թեոբրոմինի առկայությամբ։ Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում։
Համային հատկությունները լավացնելու համար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2-7 օր ֆերմենտացնում են։ Կենսաքիմիական բարդ պրոցեսների շնորհիվ ունդերը դառնում են շագանակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ։ Այնուհետև ունդերը պլանտացիաներում չորացնում են արևի տակ կամ տաքացված օդով։
Կակաոն արժեքավոր սննդային հումք է։ Միջուկը պարունակում է ջուր՝ 4-6%, ճարպ, կակաոյի յուղ՝ 51-54%, օսլա՝ 7-10%, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1-2%, սպիտակուց՝ 10-12%, թեոբրոմին, կոֆեին՝ 1-1,5%, դաբաղանյութեր՝ 4-7%, թթուներ՝ 1-2%, հանքային նյութեր՝ 2-3%։ Կակաոյի մաքրված, տեսակավորված և ջերմամշակված ունդերից ստանում են կակաոյի յուղ և շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ կակաոյի փոշի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 188)։