Քարածուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարածուխ, բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։ Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1, 5-5, 7% ջրածին, 1, 5-15% թթվածին, 0, 5-4% ծծումբ, մինչև 1, 5% ազոտ, 0, 5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայման արգասիքներից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Քարածուխը տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների նստվածքներում։ Տեղադրվում է տարբեր հզորության շերտերի ձևով։ ՀՀ-ում քարածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք, հումք՝ մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png