Ածուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորֆ
Քարածուխ
Քարածխի առաջացման սխեմատիկ պատկերը

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը՝ գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:

  • Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի:

Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում: ՀՀ-ում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում:

  • Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:

Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում: Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ: Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ: Օգտագործվում է որպես վառելանյութ:

  • Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է: Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ:
  • Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում է կոքս, որը պարունակում է 90-98% ածխածին: Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ:
  • Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն երանգ: Լավ էլեկտրահաղորդիչ է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան ԱՊՀ երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
  • Փայտածուխը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր: Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը:
  • Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք: Ակտիվացրած ածուխ ստանում են՝ փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: Ակտիվացրած ածուխն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից ջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար: Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն: Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և աղեստամոքսային համակարգում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար:

Հայկական լեռնաշխարհի պաշարները[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի և Կարինի ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պածարներ կան նաև Ուրմիա և Վանա լճերի ավազանների ջրբաժանային լեռներում, Աղստև, Վեդի գետերի ավազաններում, Ջաջուռում։

Արտաքին հղումներ[խմբագրել]