Լիբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
دولة ليبيا
Դաուլետ Լիբիա
Լիբիա Պետություն
Լիբիայի դրոշ
Դրոշ
Լիբիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Լիբիա, Լիբիա, Լիբիա

Լիբիայի դիրքը
Մայրաքաղաք Տրիպոլի
32°54′N, 13°11′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Խորհրդարանական Հանրապետություն
 -  Խորհրդարանի Նախագահ Ագուիլա Սալեհ Իսսա
 -  Վարչապետ Աբդուլլահ Ալ-Թանի
Անկախություն
 -  Իտալիայից փետրվարի 10 1947 
 -  Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից
դեկտեմբերի 24 1951 
Տարածք
 -  Ընդհանուր 1,759,541 կմ²  (17րդ)
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 7,131,872[1]  (100րդ)
 -  2006 մարդահամարը 5,670,688 
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $87.040 միլիարդ[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $13,804[3] (82-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $83.825 միլիարդ[4] 
 -  Մեկ շնչի հաշվով $13,294[5] (62-րդ)
ՄԶՀ (2008) Green Arrow Up Darker.svg0.840 (բարձր) (52րդ)
Դրամական միավոր դինար (LYD)
Ժամային գոտի EET (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ly
Հեռախոսային կոդ +218


Լիբիական Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում: Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին և Եգիպտոսին: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածությունը 1759,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 7,131,872[6] մլն (2015): Սայրաքաղաքը՝ Տրիպոլի: Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի:

Անվանում[խմբագրել]

Հնում Լիբիա կոչվում էր ամբողջ Աֆրիկան։ Բառի նշանակությունը բացատրում են երկու կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է Եգիպտոսից արևմուտք բնակվող lbu ժողովրդի անունից, իսկ ուրիշներն այն կապում են հին հունարեն Լիբա կամ Լիպս կոչվող հարավարևմտյան, խոնավաբեր քամու անվան հետ․ այսինքն՝ «Լիբիա» անվանումը պարզապես նշանակում է հարավարևմտյան երկիր (Հունաստանի նկատմամբ)[7]։

Պատմություն[խմբագրել]

Լիբիայի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը: Հին Լիբիայում բնակվող քոչվոր ցեղերը՝ բերբերների նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնապահությամբ: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լիբիայի արևմուտքում (Տրիպոլիտանիա) հիմնվել են փյունիկյան, մ. թ. ա. VII դ., Լիբիայի արևելքում (Կիրենաիկա)՝ հունական քաղաք-գաղութներ: Մ. թ. ա. V դ. կեսին Լիբիայի տարածքի զգալի մասը անցել է Կարթագենին: Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին —V դ. սկզբին գրավել էին Աքեմենյանները, ավելի ուշ՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը: Կարթագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լիբիայի տարածքը զավթեց Հռոմը: Մ. թ. V դ. այն գրավեցին վանդալները: 546-ին բյուգանդական հայազգի զորավար Արտավան Արշակունին գրավել է Լիբիան և դարձել նրա բյուգանդական առաջին կառավարիչը: VII դ. մտել է արաբական խալիֆայության կազմի մեջ: Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է իսլամադավան ֆեոդալական դինաստիաների (Աղլաբիներ, Ֆաթիմյաններ, Ալմոհադներ և այլն) իշխանության տակ: Արաբական ցեղերի զանգվածային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան: Տարածվեց իսլամը: XVI դ. Լիբիայի տարածքը մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն): 1711—1835-ին երկիրը կառավարում էր Կարամանլիների դինաստիան: 1835-ին թուրքերը վերականգնեցին իրենց գերիշխանությունը Լիբիայի վրա, թեև փաստորեն իշխում էին միայն առափնյա մասերում: Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրքական տիրապետության դեմ: XIX դ. կեսից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտների օրդենը: XIX դ. վերջից Լիբիան դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա: 1911-ին Իտալիան պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ Լիբիայի համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918) Իտալիան ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լիբիայից, և նրա ձեռքին մնացին միայն Հոմսը, Տրիպոլին և Բենգազին: Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սենուսիտների իշխանության տակ: 1918-ին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրապետություն: Ամբողջ գաղութը կորցնելու վտանգը Իտալիային ստիպեց զիջումներ անել: Մենուսիտների օրդենի ղեկավար Իդրիս աս-Մենուսին ճանաչվեց Կիրենաիկայի չգրավված մասի կառավարիչ: 1919-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ: 1922հունվարին Իդրիս-աս Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավարության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի համագործակցությունը իտալացի զավթիչների դեմ: Իդրիսաս-Մենուսին ճանաչվում էր այդ երկու մարզերի ամիրա: 1922-ին Իտալիան վերսկսեց ռազմական գործողությունները Լիբիայում: Իտալացի զավթիչները զանգվածաբար կոտորում և տեղահանում էին տեղական բնակչությանը: Ծավալվեց ազատագրական շարժում: 1939-ին Կիրենաիկան, Տրիպոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցին Իտալիայի կազմի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիան Լիբիայում ստեղծեց գաղութային զորքեր, կառուցեց ռազմական բազաներ և այլն: 1941-ին անգլիական զորքերը գրավեցին Կիրենաիկան, սակայն իտալացիները գերմանական զորքերի օգնությամբ վերագրավեցին այն: Ստալինգրադի տակ գերմանական զորքերի ջախջախումից հետո իտալա-գերմանական զորքերը դուրս եկան Լիբիայի տարածքից: 1942-ի վերջին — 1943-ի սկզբին ֆրանսիական զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլիական զորքերը՝ Կիրենաիկան և Տրիպոլիտանիան: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ Լիբիայի տարածքում ստեղծեցին ռազմական բազաներ: Լիբիայի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խորհրդում, ապա՝ ՄԱԿ-ում (1945—1948): Իմպերիալիստական տերությունները ձգտում էին մասնատել Լիբիան: 1949նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լիբիային անկախություն տալ մինչև 1952հունվարի 1-ը: 1950-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լիբիայի սահմանադրությունը: 1951դեկտեմբերի 25-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորությունիը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիսաս-Աենուսին (Իդրիս I): 50-ական թթ. Լիբիայում բացվեցին նավթի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտասահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ:

Լիբիան որպես անկախ պետություն[խմբագրել]

Ձևավորվեց բանվոր դասակարգը, ամրապնդվեց ազգային բուրժուազիան: 1960—1963-ին ստեղծվեց տնտեսական զարգացման խորհուրդ, կազմակերպվեց լիբիական ձեռնարկությունները օտարերկրյա ֆիրմաների մրցակցությունից պաշտպանելու հատուկ կոմիտե, ստեղծվեցին ազգային մի շարք ընկերություններ և այլն, որոնք նպաստեցին ազգային տնտեսության զարգացմանը: 1963-ին Լիբիան հայտարարվեց միացյալ պետություն: Երկրի տնտեսական և քաղաքական կյանքում տիրապետող դիրք գրավում Էին խոշոր ֆեոդալները և շեյխերը: Ճնշվում Էր դեմոկրատական շարժում ը: Լիբիայի տնտեսակամ ծանր վիճակը, օտարերկրյա մոնոպոլիաներից կախվածությունը ևս դժգոհություն առաջացրին երկրում: 1969սեպտեմբերի 1-ին «Ազատ սպաներ» կազմակերպության անդամների մի խումբ պետական հեղաշրջում կատարեց, տապալվեց թագավորական վարչակարգը: Երկիրը հռչակվեց Լիբիայի Արաբական Հանրապետություն (ԼԱՀ): Երկրի կառավարումն անցավ հեղափոխական հրամանատարության խորհրդին (ՀՀԽ)՝ կապիտան (հետագայում՝ գնդապետ) Մուամար Քադաֆիի գլխավորությամբ: ՀՀԽ մերժեց զարգացման կապիտալիստական ուղին և հռչակեց, որ ԼԱՀ-ը կառուցելու է «լիբիական իսլամական սոցիալիզմ»: 1969—1972-ին միջոցառումներ ձեռնարկվեցին ազգային տնտեսության ամրապնդման ուղղությամբ: 1970-ին վերացվեցին օտարերկրյա ռազմական բազաները: 1972-ին հիմնվեց երկրի միակ քաղաքական կազմակերպությունը՝ Արաբական սոցիալիստական միությունը (ԱԱՄ): Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է այսպես կոչված «երրորդ տեսությունը», որի առանցքն են կազմում կրոնը և նացիոնալիզմը: 1976նոյեմբերին երկիրը վերանվանվեց Լիբիական Արաբական ժողովրդական Հանրապետություն (ԼԱԺՀ), իսկ 1977մարտին՝ Լիբիական Արաբական Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա: Արտաքին քաղաքականության մեջ ԼԱՍԺԶ վարում է «դրական չեզոքության» գիծ, պայքարում իմպերիալիզմի և Իսրայելի ագրեսիայի դեմ: 1971սեպտեմբերի 1-ին Լիբիան Եգիպտոսի և Սիրիայի հետ կազմեց Արաբական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱՖՀ): 1972-ին Լիբիայյի և Եգիպտոսի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ապագայում երկու երկրների պետական միավորման մասին: 1974-ին Լիբիան Թունիսի հետ համաձայնագիր ստորագրեց միացյալ պետություն՝ Իսլամական Արաբական Հանրապետություն ստեղծելու վերաբերյալ, որը չիրագործվեց:

Քաղաքացիական Պատերազմ 2011[խմբագրել]

2011 թվականին Լիբիայում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ: Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի կառավարության և ընդիմադիր և նրանց աջակցող օտար երկրների (Ֆրանսիա, Եգիպտոս, ԱՄԷ, [[Քաթար], Հորդանան, ՆԱՏՈ) միջև: Քաղաքացիական պատերազմի արդյունքում Մուամար Քադաֆին և իր կառավարությունը հեռացվեցին իշխանությունից: Իշխանափոխությունից որոշ ժամանակ անց 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբիայի Սիրտ քաղաքում Մուամար Քադաֆին սպանվեց: [8]

Պետական կարգ[խմբագրել]

Լիբիան հանրապետություն է: Որպես ժամանակավոր սահմանադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան: Օրենսդրական, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը: Խորհուրդը նշանակում է կառավարություն և որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը: 1969սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սկայն 2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը: Տեղական կառավարման մարմինները տեղական և մունիցիպալ խորհուրդներն են: Գավառները գլխավորում են գավառային կառավարիչները (մուտասարիֆները), շրջաններում՝ մուդիրները: Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, ապելյացիոն, I ատյանի և հանրագումարային (արագընթաց) իրավասության դատարանները: Տեղափոխական հրամանատարության խորհրդի դեկրետով ստեղծվել է ժողովրդական դատարան: Կան նաև շարիաթի դատարաններ:

Աշխարհագրություն[խմբագրել]

Լիբիայի տարածքի 98%-ը կիսաանապատներ ու անապատներ են: Ռելիեֆում տիրապետում են 200—600 մ բարձրությամբ սարավանդները: Հարավում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը մինչե 2286 մ), արևելքում՝ Լիբիական անապատը:

Կլիմա[խմբագրել]

Կլիման արևադարձային, անապատային է, հյուսիսում՝ մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիում 11—12°C է, հարավում՝ 15—18°C, հուլիսինը հյուսիսում՝ 27,29°C, հարավում՝ 32—35°C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50°C: Տեղումներն առավել շատ են հյուսիսային շրջաններում (տարեկան 250-350 մմ Տրիպոլիում, 400—625 մմ Կիրենաիկայում), Լիբիական անապատում՝ 25 մմ:

Ներքին Ջրեր և Հողեր[խմբագրել]

Լիբիայի տարածքով հաճախ անցնում են տաք, չորացնող գիբլի և խամսին քամիները: Մշտապես հոսող գետեր չկան, սակայն կան ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ: Ծովեզերքի գորշ-դարչնագույն հողերի վրա գերակշռում է մերձարևադարձային կիսաանապատային բուսականությունը (հազվադեպ՝ ակացիաներ, ժանտաթզենի, կարմրան): Անապատների հսկայական տարածություններ համարյա բուսազուրկ են: Կան օազիսներ:

Կենդանական Աշխարհ[խմբագրել]

Կենդանական աշխարհին բնորոշ են օձերն ու մողեսները, կան նաև շնագայլեր, աղվեսներ, վարազներ և այլն:

Բնակչություն[խմբագրել]

97%-ը Բերբերներն ու արաբներն են[9]: Ապրում են նաև հաուսա, տուբու ժողովուրդների փոքր խմբեր: Պաշտոնական լեզուն արաբերենն է, պետական կրոնը՝ իսլամը: Բնակչության մոտ 90%-ը ապրում է ծովամերձ շրջաններում: Առավել խիստ է բնակեցված Տրիպոլիի մուհաֆազան (բնակչության մոտ 1/4-ը): Հյուսիսային Լիբիայի արևմտյան մասում գերակշռում է նստակյաց բնակչությունը, արևելյան մասում և երկրի հարավ-արևմուտքում մի շարք ցեղեր վարում են կիսաքոչվորական և քոչվորական կյանք: Առավել խոշոր քաղաքներն են Տրիպոլին, Բենգազին:

Տնտեսություն[խմբագրել]

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Լիբիայի տնտեսությունը հիմնված էր քոչվորական անասնապահության, մասամբ՝ հողագործության վրա: 1950-ական թթ. նավթի խոշոր հանքավայրեր հայտնաբերելուց հետո երկրի էկոնոմիկայի հիմքը դարձավ նավթարդյունահանումը, որը տալիս է ազգային եկամտի 90%-ը: Լիբիայի տնտեսության զարգացման կարևոր առանձնահատկություններն են՝ ֆինանսավորման համար սեփական ամուր բազայի առկայությունը և պետական սեկտորի մենաշնորհ դիրքը: Տնտեսական և սոցիալական զարգացման 3-ամյա ծրագրից (1973—1975) հետո (գլխավոր խնդիրն էր տնտեսության ինդուստրիալ-ագրարային կառուցվածքի հիմքերի ստեղծումը) ընդունվել է տնտեսության զարգացման 5-ամյա (1976—1980) պլան, որի գլխավոր խնդիրներն են՝ սեփական արդյունաբերական բազայի ստեղծումը, ինֆրակառուցվածքի հետագա զարգացումը, ազգային որակյալ կադրերի պատրաստումը:

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության առաջատար ճյուղը նավթարդյունահանումն է, որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետական կորպորացիան: Նավթի արդյունահանումը 2014-ին կազմել է օրեկան 310,000 բարրել[10]: Արդյունահանում են նաև բնական գազ (12,19 մլրդ մ3, 2012[11]): 2014-ին արտադրվել է 25,96 մլ8d կվտ/ժ էլեկտրաէներգիա[12]: Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ նավթագազավերամշակումը, սննդի (բուսական յուղի, պահածոների), տեքստիլ (բրդյա գործվածքների) արդյունաբերությունը, ծխախոտի, օճառի, կաշվի, ցեմենտի արտադրությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 75%-ը կենտրոնացած է Տրիպոլիում: Մարսա-Բրեգա նավահանգստում կառուցվել են նավթավերամշակման և հեղուկ գազի, Ինտիսար հանքավայրի շրջանում՝ ամոնիակի, հեղուկ գազի և բենզինի գործարաններ: Զարգացած է տնայնագործական և կիսատնայնագործական արտադրությունը, գորգագործությունը:

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսության մեջ խրախուսվում է կոոպերատիվ շարժումը: Գերակշռում է անջրդի հողագործությունը: Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են գարին և ցորենը: Մշակում են նաև ձիթենի, ցիտրուսներ, փյունիկյան արմավենի, գետնընկույզ, ծխախոտ, բանջարեղեն: Կարևոր նշանակություն ունի էքստենսիվ անասնապահությունը: Ծովափին զբաղվում են ձկնորսությամբ:

Տրանսպորտ[խմբագրել]

Ցամաքային տրանսպորտի հիմնական տեսակը ավտոմոբիլայինն է: Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100,000 կմ է (2014)[13], նավթամուղներինը՝ 7005 կմ[14]: Նավթատար նավատորմի տոննաժը 0,3 մլն տ է (1974): Ատեղծվել է ազգային «Լիբիա էյրուեյս» ավիաընկերությունը: Միջազգային օդանավակայաններ կան Տրիպոլի, Բենգազի, Սեբհա քաղաքներում:

Արտաքին Առևտուր[խմբագրել]

2014-ին արտահանումը կազմել է 17.49, ներմուծումը՝ 16,08 մլն ԱՄՆ Դոլար[15]: Արտահանման հիմնական մասը նավթն ու գազն է: Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտի միջոցներ, սննդամթերք, հանքային պարարտանյութեր և այլն: Արտաքին առետրում հիմնական գործընկերներն են Իտալիան, Չինաստանը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը: Դրամական միավորը լիբիական դինարն Է:

Կրթություն[խմբագրել]

1968-ին անգրագետ էր Լիբիայի բնակչության 73%-ը: 1969-ին մտցվել է պարտադիր տարրական կրթություն: Ուսուցումը անվճար է բոլոր ուսումնական հաստատություններում: Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (4—6 տարեկան երեխաների համար), տարրական (ուսման տևողությունը 6 տարի), միշնակարգ (երկաստիճան՝ յուրաքանչյուրը 3 տարի) դպրոցները: Պրոֆտեխնիկական կրթությունը իրականացվում է տարրական կամ միշնակարգ դպրոցի առաջին աստիճանի հիմքի վրա (ուսման տևողությունը 4 տարի): Բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Լիբիական համալսարանը, հիմնվել է 1955-ին, Բենգագիում: 1957-ից ֆակուլտետներ ունի Տրիպոլիում: Խոշորագույն գրադարաններն են՝ Լիբիական համալսարանի (ավելի քան 77,6 եզ. կտոր գիրք), Տրիպոլիի պետական (ավելի քան 35,5 հզ. կտոր գիրք) գրադարանները: Թանգարաններն են՝ Հնագիտական և բնապատմականը Տրիպոլիում, Հնագիտական թանգարաններ Մագնեում և Սաբրատում:

Մշակույթ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

VII դ.—VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով: XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել: Այնուամենայնիվ, XVII—XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ-Ֆարիդը, Ահմեդ ալ-Բախլյուլին (մահ. 1701), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին: Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ-Շարիֆը (1864—1918), Մուսթաֆա բեն Զիրին (1853—1918), Սուլեյման ալ-Բարունին (մահ. 1914): Իտալական գաղութակալության (1912—1943) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ-Մախդաուի, մահ. 1961, Իբրահիմ ալ-Ուստ Ումառ, 1907—1950 և այլոք): Անկախության հռչակումից (1951) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբդ ալ-Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալի առ-Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ: Արձակը ծնունդ է առել 40—50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը: Մուսթաֆա ալ-Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի, Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ: 1960—1970-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան-Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ-Մայարը:

Ճարտարապետություն և Կերպարվեստ[խմբագրել]

Լիբիայի տարածքում պահպանվել են նոր քարի դարի ժայռապատկերներ (փղերի, բիզոնների որսի տեսարաններ, քաղաք Էլ-Ուվեյնաթ), փյունիկյան արվեստի հուշարձաններ (կավե քանդակներ, նախշազարդ խեցեղեն, ապակյա անոթներ, մանյակներ, մ. թ. ա. I հազարամյակ, Լեպտիս-Մագնա), հին հունական, հին հռոմեական և բյուգանդական խճանկարված և քանդակազարդ կառույցների մնացորդներ (Մաբրւաոայի թատրոնը, II—III դդ.), անտիկ կիրառական արվեստի նմուշներ: Արաբների նվաճումից հետո (VII դ.—VIII դ. սկիզբ) Լիբիայի տարածքում ձևավորվել է արաբա-բերբերական մշակույթը, երևան են եկել քաղաքներ՝ նեղ, ոլորուն փողոցներով, մզկիթներով, մինարեթներով, ներքնաբակեր ունեցող 1—2-հարկանի կավածեփ տներով: XVIII—XIX դդ. բնորոշ են բազմագմբեթ մզկիթները, որոնք ներքուստ պատված են քանդակազարդերով, որմնանախշերով, բազմագույն մայոլիկայով (Գերնա քաղաքի մզկիթը), հեռավոր շրջաններում մզկիթները կավածեփ, հատակագծում ուղղանկյուն, ամրոցային բնույթի կառույցներ են: Իտալական տիրապետության շրջանում (1912—1943) քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր: Անկախության նվաճումից հետո կառուցվում են ժամանակակից դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի և վարչական շենքեր: ժողովրդական արվեստի գործերից են վառ երկրաչափական նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե իրերը, դրվագված պղնձե անոթները, ոսկերչական առարկաները, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները:

Թատրոն[խմբագրել]

Լիբիայի ժամանակակից թատրոնի ձևավորմանը նպաստել են ժողովրդական ներկայացումների («Ղարագյոզ» և այլն) ավանդույթները, ինչպես և եգիպտական ու եվրոպական թատերախմբերը: Առաջին թատերախումբը ստեղծել է Մուհամեդ Աբդել Հադին (1935, քաղաք Գերնա): Անկախության հռչակումից հետո ստեղծվել են մի քանի սիրողական և պրոֆեսիոնալ թատերախմբեր: 1951-ին Մուստաֆա Մուհամեդ Լամիրը հիմնել է Ազգային թատերական ասոցիացիա, որը լիբիական առաջին թատրոնն էր՝ մշտական թատերախմբով և խաղացանկով (բեմադրվել են Մոլիերի, Ն. Գոգոլի, եգիպտական և ազգային ժամանակակից դրամատուրգների պիեսներ): 1963-ին Տրիպոլիում բացվել է երաժշտա-դրամատիկական ուսումնարան: Գործում են մի շարք ժողովրդական երաժշտապարային անսամբլներ՝ Տրիպոլիում (1963-ից), Բենգազիում (1968-ից), Դերնայում (1969-ից), շրջիկ թատերական կոլեկտիվներ՝ Բենգազիի ժողովրդական թատրոնը, Գերնա և Տրիպոլի քաղաքների ազգային թատրոնները:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]