Դահուկապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Freestyle skiing pictogram.svg

Դահուկապար կամ ֆրիսթայլ, լեռնադահուկային սպորտի տարատեսակ, որը ներառում է երեք մրցաձև` մոգուլ դահուկաբալետ և դահուկացատկեր։ Մոգուլ մրցաձևը արագընթաց արագընթաց վայրէջք է` բլրածածկ տեղանքի սահուղով։ Դահուկաբալետը թեք սահուղով վայրէջք է, որի ժամանակ մարզիկը (մարզուհին) կատարում է ձևավոր քայլեր, պտույտներ, շրջադարձեր` հենվելով մեկ կամ երկու դահուկափայտերի վրա կամ առանց հենումների։ Դահուկացատկերը կատարվում են երկու մետրանոց դահուկահարթակից։ Մարզիկը օդում ճախրելիս կատարում է ամենաբարդ մարզավարժությունները (պտույտներ, շրջադարձեր, սալտո, սալտո` պիրուետներով և այլն) և ձգտում վայրէջք կատարել` պահպանելով հավասարակշռությունը։ Հաղթողը որոշվում է յուրաքանչյուր մրցաձևում, ինչպես նաև իր ցանկացած 2 մրցաձևերի գումարային արդյոքունքում։ Բացարձակ հաղթող է ճանաչվում եռամարտի և երկամարտի մրցումներում առավել շատ միավորներ ձեռք բերած մարզիկը։ Մրցումները կազմակերպվում են տղամարդկանց և կանանց համար առանձին-առանձին։

Դահուկապարով ներկայումս զբաղվում են շուրջ 60 երկրներում։ Յուրաքանչյուր տարի դահուկապարի ազգային առաջնություններ են անցկացվում Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։

Սկսած 1978-ից անցկացվում են դահուկապարի աշխարհի գավաթի առաջնություններ։ Դահուկապարն ընդգրկված է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1986-ին ֆրանսիական Տին քաղաքում կայացած դահուկապարի աշխարհի առաջին առաջնությունը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 97։