Գերձգվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերձգվածություն, հոդակապանների վնասվածք։ Ավելի հաճախ հանդիպում է սրունքթաթային հոդի կապանների գերձգվածաթյուն (ոտնաթաթը ոլորվելիս)։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտվում է ուժեղ ցավով, հետագայում (սովորաբար երկրորդ օրը) այտուցվում է, հնարավոր է նաև գերձգման հատվածում կապտուկ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենից առաջ հարկավոր է ապահովել վնասված ծայրանդամի հանգիստը։ Վեգոսկրի (կոճի) կամ ծունկի շրջանի գերձգվածության ժամանակ հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքը լինի մի փոքր բարձր։ Առաջին ժամերին վնասված հատվածին հարկավոր է դնել սառը (սառցապարկիկ), ոչ թե ջեռակ կամ տաքացնող կոմպրես, որովհետև ջերմության ազդեցությունից արյունազեղումը, ցավն ուժեղանում են և առողջացումը երկարաձգում։

Որպեսզի արյունազեղումը չուժեղանա և ցավը թուլանա (հատկապես վեգոսկրի շրջանի գերձգվածության ժամանակ և այնպիսի դեպքերում, երբ հիվանդը որևէ պատճառով ստիպված է քայլել), հարկավոր է վնասված հոդը ուժեղ (ոչ չափից ավելի, որպեսզի արյան շրջանառությունը չխանգարվի) վիրակապել ութաձև կապով։ Երրորդ օրը կարելի է օրական 1-2 անգամ ընդունել ոտքերի տաք լոգանքներ (ջրի ջերմաստիճանը 36-38 °C) և կատարել մերսում։ Լոգանքից հետո կրկին վիրակապ դնել։

Պետք է հիշել, որ գերձգվածությունից հետո ոտքը կրկին շատ հեշտ է ոլորվում, ուստի հարկավոր է քայլելիս զգույշ լինել, մշտապես պահպանել մկանային համակարգի տոնուսը, հոդերը կապել առաձգական վիրակապով և այլն։ Գերձգվածությունը հաճախ շփոթում են ոսկրի կոտրվածքի կամ ճաքի հետ, ուստի հիվանդությունը ճիշտ ախտորոշելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png