Իսահակ Լևիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իսահակ Լևիտան
Исаак Левитан
Isaac Levitan selfportrait1880.jpg
Ծնվել է օգոստոսի 18 (30), 1860
Ծննդավայր Կիբարտայ, Vilkaviškis District Municipality, Marijampolė County, Լիտվա[1]
Վախճանվել է հուլիսի 22 (օգոստոսի 4), 1900 (39 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություն նկարիչ
Ժանր բնանկար
Թեմաներ գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Ոսկե աշուն, Լիճ: Ռուսաստան և Խաղաղ վանք
Անդամակցություն Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Isaac Levitan Վիքիպահեստում

Իսահակ Իլյիչ Լևիտան (ռուս.՝ Исаак Ильич Левитан, օգոստոսի 18 (30), 1860, Կիբարտայ, Vilkaviškis District Municipality, Marijampolė County, Լիտվա[1] - հուլիսի 22 (օգոստոսի 4), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (1891) և «Մյունխենյան Սեցեսսիոն»-ի անդամ (1897), «Միր իսկուստվա» ամսագրի ցուցահանդեսների մասնակից (1898)[2]: Ալեքսեյ Սավրասովից փոխառնելով բնության մանրակրկիտ ուսումնասիրման և առօրեականի բանաստեղծացման մեթոդը, Վասիլի Պոլենովի և Բարբիզոնի դպրոցի վարպետների փորձի հիման վրա մոտենալով պլենէրային գեղանկարչությանը՝ 1880-ական թվականների ստեղծագործություններում մոտիվի պատմողական, մանրամասն կերպավորումից անցել է բնության առավել նուրբ վիճակների բացահայտմանը, հուզական կերպարի ամբողջացմանը («Աշնանային օր: Սոկոլնիկի», 1879)։ Ուղևորությունները Վոլգայով (1887-1890 թվականներ) Լևիտանի առջև բացել են ռուսական բնության վեհությունը («Անձրևից հետո: Պլյոս»)[2]: 1890-ական թվականների ստեղծագործությունները աչքի են ընկնում թախծոտ խոհականությամբ, սոցիալական խոր բովանդակությամբ («Վլադիմիրկա», 1892, «Հավերժական անդորր», 1894)։ 1895-1897 թվականներին ստեղծել է բնության կենսահաստատ պատկերներ («Մարտ», «Ոսկե աշուն», 1895)։ Լևիտանի արվեստը ռուսական բնանկարչության մի ամբողջ ժամանակաշրջան է, որը մեծապես ազդել է նկարիչների հետագա սերունդների վրա[2]: Լևիտանի մեկ տասնյակ բնանկարներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Լևիտանը ծնվել է Ավգուստովի նահանգի (1866 թվականից՝ Սուվալկիի նահանգ) Մարիամպոլի գավառի Կիբարտայ բնակավայրում՝ աղքատացած հրեաների ընտանիքում։ Պաշտոնապես նրա ծննդյան ամսաթիվ է համարվում 1860 թվականի օգոստոսի 18-ը (օգոստոսի 30)։ Հայրը՝ Իլյա (Էլյաշիվ-Լեյբ) Աբրամովիչ Լևիտանը (1827-1877), ռաբբիների ընտանիքից էր։ Նա Կեդայնյայից էր, որտեղ կողք կողքի ապրում են հրեաների և շոտլանդացիների համայնքներ։ Էլյաշը Վիլնում սովորել է եշիվայում: Զբաղվելով ինքնակրթությամբ՝ ինքնուրույն սովորել է ֆրանսերեն ու գերմաներեն: Կովնոյում նա դասավանդել է այդ լեզուները, ապա որպես թարգմանիչ աշխատել է երկաթուղագծի շինարարության ժամանակ, որ իրականացնում էր ֆրանսիական ընկերությունը։ 2010 թվականի նոյեմբերին գտնվել են Լևիտանների ընտանիքի մասին հետաքրքիր փաստաթղթեր[3]: Դոցենտ Մ. Ռոգովի գտած փաստաթղթերի[4] համաձայն՝ նկարչի նախապապը Աբրամն է, պապը՝ Լեյբ Աբրամովիչ Լևիտանը (մոտ 1791-1841 թթ.)։ Էլյաշի երեխաների՝ դստեր՝ Միխլայի (ծնվել է՝ 18 հուլիսի, 1859), և որդու՝ Աբել Լեյբի (ծնվել է՝ 09 հունվարի, 1861 հին տոմարով) ծննդյան վկայականներում նրանց մոր անունը նշված է Բասյա Գիրշևնա Լևիտան (1830-1875, որոշ աղբյուրներում նշվում է Բերտա Մոիսեևնա Լևիտան)։ Իսահակն ուներ մեկ եղբայր՝ Աբել Լեյբը (հետագայում վերցրել է Ադոլֆ անունը), և երկու քույր՝ Թերեզան (ամուսնու ազգանունով՝ Թերեզա Բերչինսկայա, ծնվել է 1856 թվականին) և Միխլեն (Էմմա Իլյինիչնա, ծնվել է՝ 18 հուլիսի, 1859 թվական, հին տոմարով)[5][6]:

Ըստ Մ. Ռոգովի՝ Իսահակ Լևիտանը չէր կարող ծնվել Էլյաշի ու Բասյայի ընտանիքում 1860 թվականի օգոստոսին՝ Աբել Լեյբի ծնունդից հինգ ամիս առաջ, ինչով էլ, հնարավոր է, բացատրվում է նրա ծննդյան մասին գրության բացակայությունը ընտանիքի արխիվում։ Իսահակ Լևիտանը իրականում կարող էր Էլյաշի ու Բասյայի կողմից որդեգրված լինել որպես կրտսեր որդի (թեև նրանց հարազատ որդին՝ Աբելը, տարիքով ավելի փոքր էր). Իսահակը կարող է լինել Էլյաշի կրտսեր եղբոր՝ Խացկել Լևիտանի[7] (ծնվել է 1834 թվականին) ու նրա կնոջ՝ Դոբրայի ավագ որդին՝ Իցի Լեյբ Լևիտան անունով (ծնվել է՝ 03 հոկտեմբերի, 1860 թվական, հին տոմարով)[8]: Իցիկ-Լեյբ Լևիտանի՝ 1860 թվականի հոկտեմբերի 3-ին ծնված լինելու վերաբերյալ գրությունն ազատ հասանելի է[9], այնինչ Էլյաշ Լեյբի և Բասյայի ընտանիքում Թերեզա և Իսահակ Լևիտանների ծննդյան մասին վկայությունները բացակայում են։ Խացկելը եղբոր՝ Էլյաշի մոտ է բնակվել ամենաքիչը 1868-1870 թվականներին։

Իսահակ Լևիտանի ծննդյան ամսաթիվը փոխելու ու Աբելին՝ որպես ավագ որդի ներկայացնելու պատճառը կարող էր լինել այն, որ ընտանիքի ավագ որդին չէր զորակոչվում ըստ զինապարտության մասին Ռուսական կայսրության օրենքի։ Այդ նախազգուշական քայլը բացատրվում է նրանով, որ 1852 թվականին զինակոչի վերաբերյալ օրենքի խստացումից հետո զորակոչվել էր Իսահակ Լևիտանի զարմիկներից մեկը՝ մսագործ Գերշելի որդին։ 20-րդ դարի սկզբին արվեստաբանության մեջ պաշտոնապես ընդունված էր, որ Իսահակ Լևիտանը ծնվել է 1861 թվականին և եղել է ընտանիքի կրտսեր որդին. Ադոլֆը, ում ուսումնարանում կոչում էին Լևիտան-ավագ, այնտեղ ընդունվել է երկու տարի ավելի վաղ[10]:

Այդ դեպքում, ըստ Մ. Ռոգովի, նկարչի՝ ուսումնարանի (որտեղ սովորել են Իսահակ և Աբել Լևիտանները) փաստաթղթերում նշված ծննդյան ամսաթվի նշանակումը օգոստոսին պայմանավորված էր նրանով, որ հրեա երեխան կրթությունն սկսելուց առաջ պիտի հասած լիներ բար միցվայի տարիքին, իսկ օգոստոսի 18-ի ընտրությունը բացատրվում է նրանով, որ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան ընդունվելու փաստաթղթերը հանձնվել են դրա նախորդ օրը՝ օգոստոսի 17-ին, և բացի այդ, ըստ հրեական պատկերացումների, 18-ը հաջողակ թիվ է։

Իսահակ Լևիտանի քրոջ՝ Թերեզայի որդիներն են նկարիչներ Լև (անգլ.՝ Leo Birchansky, 1887-1949) և Ռաֆաիլ (ֆր.՝ Raphaël Birtchansky, 1883-1953) Բարչանսկիները։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը Մյասնիցկայա փողոցում

Իլյա Լևիտանը, փորձելով բարելավել ընտանիքի նյութական դրությունն ու կրթության տալ երեխաներին, 1870-ական թվականների սկզբին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: 1871 թվականին Իսահակ Լևիտանի ավագ եղբայրը՝ Աբել Լեյբը, ընդունվում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան։ 1873 թվականին նույն ուսումնարան է ընդունվում տասներեքամյա Իսահակ Լևիտանը։ Նրա ուսուցիչներն են եղել Վասիլի Պերովը, Ալեքսեյ Սավրասովը և Վասիլի Պոլենովը:

1875 թվականին մահանում է Իսահակ Լևիտանի մայրը, իսկ հայրը ծանր հիվանդանում է։ Հիվանդության պատճառով ստիպված լինելով թողնել աշխատանքը երկաթուղում՝ Իլյա Լևիտանը չի կարողանում միայն մասնավոր դասերով պահել իր չորս երեխաներին։ Ընտանիքի նյութական դրությունն այնպիսին էր, որ ուսումնարանը ժամանակ առ ժամանակ նյութական օգնություն էր ցույց տալիս Լևիտան եղբայրներին, իսկ 1876 թվականին ազատում է կրթության համար վճարելու պարտականությունից՝ հաշվի առնելով ընտանիքի «ծայրահեղ աղքատությունը», ինչպես նաև «արվեստում ունեցած մեծ հաջողության համար»: 1877 թվականի փետրվարի 3-ին տիֆից մահանում է Իլյա Լևիտանը։ Իսահակ Լևիտանը, նրա եղբայրն ու քույրերը հայտնվում են ծայրահեղ կարիքի մեջ։ Իսահակ Լևիտանն այդ ժամանակ սովորում էր չորրորդ «բնօրինակային» դասարանում՝ Վասիլի Պերովի մոտ։ Վերջինիս ընկերը՝ Ալեքսեյ Սավրասովը, ուշադրություն է դարձնում Իսահակ Լևիտանի վրա և վերցնում նրան իր մոտ՝ բնանկարչության դասարան։ 1877 թվականի մարտին Իսահակ Լևիտանի աշխատանքներից երկուսը, որ ներկայացվել էին ցուցահանդեսում, գրավում են մամուլի ուշադրությունը, և 16-ամյա նկարիչն ստանում է փոքր արծաթե մեդալ ու 220 ռուբլի՝ «պարապմունքները շարունակելու համար»:

«Լևիտանն ամեն ինչ շատ հեշտ էր յուրացնում, բայց այնուամենայնիվ, աշխատում էր համառորեն, մեծ տոկունությամբ»,- հիշում է նրա ընկերը՝ հայտնի գեղանկարիչ Միխայիլ Նեստերովը:

«Սավինսկայա Սլոբոդա», 18

1879 թվականին՝ այն բանից հետո, երբ հրեական ծագում ունեցող Ալեքսանդր Սոլովյովն ապրիլի 2-ին մահափորձ է կատարում Ալեքսանդր II ցարի նկատմամբ, հրապարակվում է ցարի հրամանը, որով հրեաներին արգելվում էր բնակվել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Տասնութամյա Իսահակ Լևիտանին արտաքսում են Մոսկվայից, և նա հետագա երկու տարին եղբոր, քրոջ ու փեսայի հետ ապրում է մերձմոսկովյան Սալտիկովկայում (Բալաշիխայի ծայրամաս) գտնվող ոչ մեծ ամառանոցում[11]: «Երեկո անձրևից հետո» (ռուս.՝ «Вечер после дождя», 1879, մասնավոր հավաքածու)[12] նկարի վաճառքից ստացված գումարով Իսահակ Լևիտանը հաջորդ տարի կահավորված սենյակ է վարձում Մեծ Լուբյանկայում[13]:

1880-1884 թվականներին՝ ամռան ամիսներին, Իսահակ Լևիտանը բնօրինակից նկարել է Օստանկինոյում։ Այդ ժամանակ Լևիտանը նկարում է «Կաղնուտ: Աշուն» (ռուս.՝ «Дубовая роща. Осень», 1880, Նիժնի Նովգորոդի պատկերասրահ), «Կաղնի» (1880, Տրետյակովյան պատկերասրահ), «Սոճիներ» (1880, մասնավոր հավաքածու), «Կիսակայարան» (1880-ական թվականների սկիզբ, Իսահակ Լևիտանի տուն-թանգարան Պլյոսում) կտավները, ինչպես նաև ստեղծում է Զվենիգորոդի մոտ գտնվող Սավինսկայա Սլոբոդայի բնանկարները՝ «Վերջին ձյունը: Սավինսկայա Սլոբոդա» (ռուս.՝ «Последний снег. Саввинская слобода», 1884, Տրետյակովյան պատկերասրահ), «Կամրջակ: Սավինսյակա Սլոբոդա» (ռուս.՝ «Мостик. Саввинская слобода», 1884, Տրետյակովյան պատկերասրահ)։

«Հրեա տաղանդավոր պատանին զայրացնում էր այլազգի ուսուցիչներին: Հրեան, նրանց կարծիքով, չպիտի դիպչեր ռուսական բնանկարին: Դա բնիկ ռուս նկարիչների գործն էր»,- գրել է Կոնստանտին Պաուստովսկին:

1885 թվականի գարնանը 24-ամյա Իսահակ Լևիտանն ավարտում է ուսումնարանը։ Նկարչի կոչում նա չի ստանում. նրան տրվում է վայելչագրության ուսուցչի դիպլոմ։

Կայացում որպես նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1885-1891 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Լևիտանը, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանից առանց դիպլոմի հեռանալով ֆինանսական խնդիրների պատճառով, 1885 թվականի ապրիլին հաստատվել է Բաբկինոյից ոչ հեռու գտնվող Մաքսիմովկա խուլ գյուղում[14]: Նրա հարևանությամբ՝ Բաբկինոյում գտնվող Կիսոլյովների կալվածքում հյուրընկալվում էին Չեխովները։ Ա. Կիսիլյովը՝ դիվանագետ կոմս Պավել Կիսիլյովի զարմիկը, այդ վայրում ծառայում էր որպես զեմստվոյի ղեկավար։ Լևիտանը ծանոթացել է Անտոն Չեխովի հետ, նրանց ընկերությունն ու մրցակցությունը շարունակվել են ողջ կյանքի ընթացքում։

1880-ական թվականների կեսերին լավանում է նկարչի ֆինանսական դրությունը։ Սակայն մանկության տարիների սովը, անհանգիստ կյանքը, լարված աշխատանքը իրենց հետքն էին թողել Լևիտանի առողջության վրա. նրա մոտ կտրուկ սրվում է սրտի հիվանդությունը։ 1886 թվականին Իսահակ Լևիտանն ուղևորվում է Ղրիմ՝ վերականգնելու ուժերը։ Վերադառնալուց հետո նա կազմակերպում է իր հիսուն բնանկարների ցուցահանդեսը։

Հավերժական անդորր (1894)

՛

1887 թվականին նկարիչը վերջապես իրականացնում է իր երազանքը. նա ուղևորության է մեկնում Վոլգայով, որ այնպես սրտագին կերպով նկարել էր իր ուսուցիչը՝ Ալեքսեյ Սավրասովը (Իսահակ Լևիտանը պատրաստվում էր մեկնել այդ ուղևորությանը 1880-ական թվականների սկզբին, սակայն չէր կարողացել քրոջ հիվանդության պատճառով)։ Առաջին տպավորությունը, սակայն, բացասական էր։ Սառը, ամպամած եղանակ էր, և գետը թվում էր «ձանձրալի ու մեռած»: Լևիտանը գրում է Չեխովին. «Ազազուն թփիկներ և քարաքոսերի նմանվող զառիթափեր...» (ռուս.՝ «Чахлые кустики и, как лишаи, обрывы…»

Հաջորդ տարի նա կրկին որոշում ուղևորության մեկնել Վոլգա։ 1888 թվականի գարնանը Լևիտանն իր նկարիչ ընկերների՝ Ալեքսեյ Ստեպանովի ու Սոֆյա Կուվշիննիկովի հետ շոգենավով ուղևորվում է Օկա գետով մինչև Նիժնի Նովգորոդ, ապա շարունակում ուղևորությունը Վոլգայով։ Ճանապարհորդության ընթացքում նրանք իրենց համար բացահայտում են Պլյոս փոքր, հանգիստ քաղաքի գեղեցկությունն ու որոշում մի որոշ ժամանակ մնալ այդտեղ։ Արդյունքում Լևիտանը Պլյոսում անցկացնում է երեք ամառ (1888-1890)։ 1880-ական թվականների վերջին ու 1890-ական թվականների սկզբին Լևիտանը ղեկավարել է նկարիչ-ճարտարապետ Անատոլի Գունստի Գեղեցիկ արվեստների ուսումնարանի բնանկարչության դասարանը։

Այդ երեք ամառվա ընթացքում Պլյոսում նկարված 200 աշխատանքների շնորհիվ Իսահակ Լևիտանը ձեռք է բերում մեծ ճանաչում, իսկ Պլյոսն սկսում է ժողովրդականություն վայելել բնանկարիչների շրջանում։

Գոյություն ունի կարծիք, թե «Հավերժական անդորր» նկարն «ամենառուսականն է» ռուսական թեմատիկայով ստեղծված բոլոր նկարների շարքում։

1889 թվականի վերջին և 1890 թվականի սկզբին Իսահակ Լևիտանն առաջին անգամ մեկնում է Արևմտյան Եվրոպա, լինում Ֆրանսիայում և Իտալիայում: Նա ցանկանում էր մոտիկից ծանոթանալ ժամանակակից գեղանկարչությանը, որ ներկայացված էր Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսում։ Հավանաբար նրան ամենաշատը հետաքրքրում էին Բարբիզոնի դպրոցի ներկայացուցիչների ու իմպրեսիոնիստների ստեղծագործությունները։ Միխայիլ Նեստերովի խոսքերով՝ «այնտեղ՝ Արևմուտքում, որտեղ արվեստն իսկապես ազատ է, նա համոզվեց, որ ուղին, որ ընտրել էր ինքը նախկինում, ճիշտ է»:

1891 թվականի մարտին Իսահակ Լևիտանը դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։ Մոսկվացի մեկենաս Սերգեյ Մորոզովը, որ տարված էր գեղանկարչությամբ և մտերիմ էր Լևիտանի հետ, նրան է տրամադրում հարմարավետ արվեստանոց Տրյոխսվյատիտելսկի նրբանցքում։

1891-1894 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականի գարնանը Լևիտանն ավարտում է «Աշուն» կտավը (որն սկսել էր 1891 թվականին) և ներկայացնում այն ХХ Շրջիկ ցուցահանդեսում «Հորձանուտի մոտ», «Ամառ» և «Հոկտեմբեր» նկարների հետ միասին։

1892 թվականին Իսահակ Լևիտանը՝ որպես չմկրտված հրեա, ստիպված է լինում լքել Մոսկվան (24 ժամվա ընթացքում վտարվում են բոլոր հրեաները). նա որոշ ժամանակ ապրում է Տվերի ու Վլադիմիրի նահանգներում, ապա ընկերների աջակցության շնորհիվ նկարիչը բացառության կարգով վերադառնալու թույլտվություն է ստանում։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերում «Վլադիմիրկա» (1892) կտավը, որում պատկերված է այն ճանապարհը, որով Սիբիր էին տանում տաժանակիրներին։

1892 թվականին Լևիտանի ու Չեխովի միջև տեղի է ունենում փոքրիկ ընդհարում՝ կապված այն հանգամանքի հետ, որ գրողն իր «Թռի Վռի» (ռուս.՝ «Попрыгунья») պատմվածքի սյուժեում օգտագործել էր առանձին դրվագներ Լևիտանի, նրա աշակերտուհի Սոֆյա Կուվշիննիկովայի, ու վերջինիս ամուսնու՝ բժիշկ Դմիտրի Կուվշիննիկովի փոխհարաբերություններից։

1892-1893 թվականներին Տրյոխսվյատիտելսկի նրբանցքում գտնվող արվեստանոցում Վալենտին Սերովն ստեղծում է Իսահակ Լևիտանի դիմանկարը։

Վալենտին Սերովը նկարում է Իսահակ Լևիտանի դիմանկարը վերջինիս արվեստանոցում
Իսահակ Լևիտանի դիմանկարը, Վալենտին Սերով, (1893)

1893 թվականի ամառը Լևիտանն անցկացնում է Պանաֆիդինների կալվածքում, որ գտնվում էր Տվերի նահանգի Կուրովո-Պոկրովսկոե գյուղում։ Այնտեղ նա ծանոթանում է Ա. Ուշակովի՝ Տվերի նահանգի Վիշնեվոլոցկի գավառի Օստրովնո կալվածքի տիրոջ հետ։ 1894 թվականի ամռանը Լևիտանը Սոֆյա Կուվշիննիկովայի հետ մեկնում է այդտեղ և որոշ ժամանակ ապրում Ուշակովների Օստրովնո կալվածքում՝ համանուն լճի ափին։ Այդ ժամանակ էլ առաջանում է «Հավերժական անդորր» նկարի գաղափարը։

Ուշակովների կալվածքում ծավալվում է սիրային դրամա, որի ակամա ականատեսն է դառնում Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկը, ում այդտեղ էր հրավիրել Սոֆյա Պետրովնան։ Հարևան Գորկա կալվածքում (որ գտնվում էր Օստրովնոյից մեկուկես կմ հեռավորության վրա) իր երկու դուստրերի հետ հյուրընկալվել էր Սանկտ Պետերբուրգից եկած Աննա Նիկոլաևնա Տուրչանինովան՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի տեղակալ Ի. Տուրչանինովի (Գորկա կալվածքի տերը) կինը։ Իսահակ Լևիտանը սիրավեպ է սկսում Աննա Նիկոլաևնա Տուրչանինովայի հետ։ Զայրացած Սոֆյա Կուվշիննիկովան վերադառնում է Մոսկվա և այլևս երբեք չի հանդիպում Լևիտանին։

Տատյանա Շչեպկինա-Կոպեռնիկը գրում է.

Մեր կյանքի հովվերգությունը խախտվեց ամռան կեսին։ Եկան հարևանները՝ պետերբուրգցի հայտնի պաշտոնյայի /Իվան Նիկոլաևիչ Տուրչանինովի/ ընտանիքը, որ մոտակայքում կալվածք ուներ։ Նրանք, իմանալով, որ այստեղ է ապրում նշանավոր մեկը՝ Լևիտանը, այցելեցին Սոֆյա Պետրովնային, և սկիզբ առան հարաբերություններ։ Նրանք էին մայրն ու երկու դուստրերը՝ մեր տարիքի հմայիչ աղջիկներ։ Մայրը Սոֆյա Պետրովնայի տարիքին է, բայց շատ songni, ներկված շրթունքներով (Ս. Պ.-ն մերժում էր շրթներկը), նրբագեղ ու տեղին արդուզարդով, պետերբուրգցի կոկետուհու պահվածքով ու նրբաշարժությամբ... Եվ սկիզբ առավ պայքարը։

Մենք՝ փոքրերս, շարունակում էինք մեր կիսամանկական կյանքը, իսկ մեր աչքերի առաջ տեղի էր ունենում մի դրամա... Լևիտանը մռայլվեց, ավելի ու ավելի հաճախ էր կորչում իր Վեստայի /շան/ հետ «որսի»: Սոֆյա Պետրովնան շրջում էր շառագունած դեմքով, և ավարտվեց այս ամենը պետերբուրգցի կնոջ լիակատար հաղթանակով ու Սոֆյա Պետրովնայի ու Լևիտանի բաժանմամբ...

Բայց Լևիտանի հետագա սիրավեպն էլ երջանիկ չեղավ. դրան խանգարեց այն, որ հերոսուհու ավագ դուստրը խելահեղորեն սիրահարվեց նրան, և նրա ու մոր միջը տեղի էր ունենում լուռ պայքար, որ թունավորեց նրա կյանքի վերջին տարիները։

Եվ շատ տարիներ անց, երբ արդեն կենդանի չէին ո՛չ Լևիտանը, ո՛չ Կուվշիննիկովան, ես... ներկայացրի նրանց պատմությունը «Ավագները» պատմվածքում, որ տպագրվել է «Вестник Европы»-ում. հիմա կարելի է խոստովանել դա։

Իսահակ Լևիտանը տեղափոխվում է Տուրչանինովների կալվածք։ Գետի՝ լիճը թափվելու տեղի մոտ հատուկ Լևիտանի համար կառուցվում է երկհարկանի տուն՝ որպես արվեստանոց, քանի որ դաստակերտում չկային մեծ սենյակներ, որ հարմար լինեին նկարչի աշխատանքի համար (արվեստանոցը կատակով անվանում էին «սինագոգ»)։ Արվեստանոցն այրվել է դեռ Տուրչանինովների օրոք՝ 1900-ական թվականների սկզբին[16]:

1895 թվականի հունվարին Շչեպկինա-Կուպեռնիկի շնորհիվ Լևիտանը հաշտվում է Չեխովի հետ. Շչեպկինա-Կուպեռնիկը, որ պատրաստվում էր այցելել Չեխովներին, ճանապարհին լինում է Լևիտանի՝ Մոսկվայում գտնվող արվեստանոցում և համոզում Լևիտանին գնալ իր հետ, և այդպիսով վերականգնվում է Լևիտանի ու Չեխովի հին ընկերությունը։

1895-1898 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Իսահակ Լևիտանն ուղևորվում է Ավստրիա և Ֆրանսիա: 1895 թվականի մարտի կեսերին նորից մեկնում է Գորկա։ Հենց այդ ժամանակ էլ Տուրչանինովների կալվածքում նա նկարում է իր հայտնի «Մարտ» կտավը։

Սակայն «սաստիկ մելանխոլիան հասցնում է նրան ամենասարսափելի դրության»: 1895 թվականի հունիսի 21-ին Լևիտանն ինքնասպանության փորձ է ձևացնում՝ կրակելով իր վրա։ Այն մասին, որ ինքնասպանության փորձը սոսկ թատերական ժեստ էր, վկայում է բժիշկ Ի. Տրոյանովսկին, ով, հիշելով այդ դեպքի մասին, 1895 թվականի դեկտեմբերի 8-ին գրում է. «....Ես նրա մոտ ընդհանրապես չտեսա վերքի հետքեր, լսեցի նրանից այդ մասին, բայց վերաբերվեցի դրան, ինչպես «անպիտան միջոցներով» կատարված մահափորձի կամ ինչպես ողբերգական կոմեդիայի»: Լևիտանի և Աննա Տուրչանինովայի խնդրանքով Գորկա է գնում և ընկերոջն այցելում Չեխովը։ Վերջինս համոզվում է, որ Լևիտանի կյանքին ոչինչ չի սպառնում, և հինգ օր հյուրընկալվելուց հետո վերադառնում է Մոսկվա՝ ցնցված տեղի ունեցածից։ Գորկա կատարած այցելությունից հետո Չեխովը գրում է «Վերնահարկով տունը» պատմվածքն ու «Ճայը» պիեսը, որ առաջացրել է Լևիտանի դժգոհությունը։

Օգոստոսին Լևիտանը նկարում է «Ջրաշուշաններ» (ռուս.՝ «Ненюфары») կտավը, իսկ աշնանը կալվածքից մեկուկես կիլոմետր հեռու՝ Սեժա գետի ափին, նկարում է «Ոսկե աշուն» կտավը։ 1895 թվականին Լևիտանը վերանկարում է նաև «Թարմ քամի: Վոլգա» կտավը։

Լևիտանի «Մարտ», «Ոսկե աշուն», «Ջրաշուշաններ» և այլ նկարներ գնում է Պավել Տրետյակովը:

1896 թվականին Օդեսայում տեղի է ունենում Իսահակ Լևիտանի, Վիկտոր Սիմովի ու Ալեքսանդր Պոպովի համատեղ ցուցահանդեսը։

Իսահակ Լևիտանը տուն-արվեստանոցը Տրյոխսվյատիտելսկի նրբանցքում, 1890-ական թվականների լուսանկար

Իսահակ Լևիտանը մի քանի շաբաթով մեկնում է Ֆինլանդիա, որտեղ նկարում է «Ամրոց: Ֆինլանդիա» (Օլավինլինա ամրոցը Սավոնլինայում), «Ժայռեր, Ֆինլանդիա», «Ծով: Ֆինլանդիա», «Պունկա Հարյու: Ֆինլանդիա» (մասնավոր հավաքածուում) կտավները։ 1897 թվականին նկարիչն ավարտում է «Անցյալի մնացորդներ: Մթնշաղ: Ֆինլանդիա» (ռուս.՝ «Остатки былого. Сумерки. Финляндия») կտավը։

1896 թվականին երկրորդ անգամ տարած տիֆ հիվանդությունից հետո սրվում է սրտի անևրիզման: Հիվանդությունը դառնում է ծանր ու անբուժելի։

1897 թվականի մարտի սկզբին Չեխովն իր նամակներից մեկում գրում է. «Լսեցի Լևիտանին: Գործը վատ է: Նրա սիրտը ոչ թե բաբախում է, այլ փչում: Տուկ-տուկ ձայնի փոխարեն լսվում է պֆ-տուկ…»: Լևիտանը մարտի սկզբին լինում է Մոսկվայում, հանդիպում Պավել Տրետյակովի հետ։

1897 թվականի մայիսին Լևիտանը լինում է Իտալիայում՝ Կուրմայոր փոքր քաղաքում[17], որ գտնվում էր Մոնբլանի մոտ։

1898 թվականին Լևիտանին շնորհվում է բնանկարչության ակադեմիկոսի կոչում։ Նա սկսում է դասավանդել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղ սովորել էր ինքը։ Նկարիչը երազում էր ստեղծել «Բնանկարների տուն»՝ մեծ արվեստանոց, որտեղ կարող էին աշխատել բոլոր ռուս բնանկարիչները։ Նրա աշակերտներից մեկը հիշում է. «Լևիտանի ազդեցությունը՝ մեզ՝ աշակերտներիս վրա շատ մեծ էր: Դա պայմանավորված էր ոչ միայն նկարչի հեղինակությամբ, այլև նրանով, որ Լևիտանը բազմակողմանի կրթված մարդ էր... Լևիտանը կարողանում էր մեզնից յուրաքանչյուրին մոտենալ ստեղծագործաբար, ինչպե նկարիչ, նրա կողմից էտյուդների ուղղումից հետ նկարները կենդանանում էին ամեն անգամ նոր ձևով, ինչպես ցուցահանդեսներում իր սեփական նկարներում կենդանանում էին հայրենի բնության անկյունները՝ մինչ ինքը ոչ ոքի կողմից չնկատված, չբացահայտված»:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիտանի շիրիմը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

1899 թվականի ձմռանը բժիշկները Լևիտանին ուղարկում են Յալթա: Այնտեղ այդ ժամանակ ապրում էր նաև Չեխովը: Հին ընկերները հանդիպեցին օտարացած: Լևիտանը քայլում էր ձեռնափայտին հենված, շնչահեղձ էր լինում, խոսում էր իր մոտալուտ մահվան մասին: Նրա սիրտը ցավում էր անընդհատ:

Յալտայում նրա վիճակը չլավացավ, և Լևիտանը վերադարձավ Մոսկվա, որտեղ գրեթե դուրս չէր գալիս Տրյոխսվյատիտելսկի նրբանցքում գտնվող իր տնից: 1900 թվականի մայիսի 8-17-ին Չեխովն այցելում է ծանր հիվանդ Լևիտանին: Ողջ ամառը՝ սկսած հունիսից, Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվում էին Լևիտանի նկարները:

Իսահակ Լևիտանը մահանում է 1900 թվականի հուլիսի 22-ին (օգոստոսի 4-ին)՝ առավոտյան 8 անց 35 րոպեին: Նրա արվեստանոցում մնում են շուրջ 40 անավարտ նկարներ ու մոտ 300 էտյուդներ: Լևիտանի վերջին աշխատանքը՝ «Լիճ: Ռուսաստան» (ռուս.՝ «Озеро. Русь») մնացել է անավարտ:

Իսահակ Լևիտանը թաղվել է 1900 թվականի հուլիսի 25-ին հին հրեական գերեզմանատանը՝ Դորոգոմիլովսկի գերեզմանատան հարևանությամբ: Թաղմանը ներկա են եղել նկարիչներ Վալենտին Սերովը, Ապոլինարի Վասնեցովը, Կոնստանտին Կորովինը, Իլյա Օստրոուխովը, Նիկոլայ Կասատկինը, Լեոնիդ Պաստեռնակը, Վասիլի Պերեպլյոտչիկովը, Կոնստանտին Յուոնը, Վիտոլդ Բյալինիցկի-Բիրուլյան, գեղանկարչության քննադատ Պ. Էտտինգերը, Լևիտանի աշակերտները, ծանոթներ, նկարչի տաղանդը գնահատողներ:

1901 թվականին տեղի է ունեցել Իսահակ Լևիտանի հետմահու ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Նախկինում ցուցահանդեսների մասնակցած նկարներից բացի հանրությանն են ներկայացվում նախկինում չցուցադրված նկարներ, որոնց թվում էր «Լիճ: Ռուսաստան» (1900) անավարտ կտավը:

Իսահակ Լևիտանի մահվանից երկու տարի անց նրա եղբայրը՝ Աբել Լևիտանը, հուշարձան է տեղադրում նրա գերեզմանին:

1941 թվականի ապրիլի 22-ին Իսահակ Լևիտանի աճյունը վերաթաղվում է Մոսկվայի Նավոդևիչյե գերեզմանատանը[18]: Նրա շիրմի կողքին են գտնվում Անտոն Չեխովի ու Միխայիլ Նեստերովի գերեզմանները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Լևինի պատվին է կոչվել փողոց Թել Ավիվում: Իսրայելում պահվում են Լևիտանի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մասին երկար ժամանակ հայտնի չի եղել ԽՍՀՄ-ում, իսկ հետո նաև Ռուսաստանում:

Ֆիլատելիայում, նումիզմատիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային «Ճանապարհորդ գորտը» (ռուս.՝ «Лягушка-путешественница») մուլտֆիլմում, որ նկարահանվել է Վսևոլոդ Գարշինի հեքիաթի հիման վրա, կերպարները, նկարագրելով հարավը՝ «երկիր, որ դրախտ է հիշեցնում», հիշատակում են անտառապատ բլուրներ (կամ ճահիճներ), որոնք ասես «Լևիտանի նկարներից լինեն»:
  • Տրետյակովյան պատկերասրահի՝ 19-րդ դարի երկրորդ կեսի ու 20-րդ դարի սկզբի գեղանկարչության բաժնի վարիչ Գալինա Չուրակի կարծիքով՝ Чёрный кофе ռոք խմբի «Владимирская Русь» (1986) երգը, ըստ էության, Իսահակ Լևիտանի «Հավերժական անդորր» (ռուս.՝ «Над вечным покоем») կտավի ստեղծագործական վերապատմումն է[19]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Левитан Исаак Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978, էջ 588:
  3. Михаил Рогов. Тайна происхождения И. И. Левитана и её влияние на его творчество
  4. http://www.JewishGen.org կայքում
  5. Переписка И. И. Левитана
  6. Один день с Левитаном
  7. В архивных данных JewishGen Lithuania Database по запросу Levitan в регионе Kaunas / Kovno uyezd, в базе Tax and Voters Lists (по состоянию на 14 мая 2014 г. - на стр. mPageStart=301 указанной базы данных), в одной из строк «LEVITAN, Hatskel | Leyb» стоит отметка «Eliyash LEVITAN’s brother» - брат Эльяша Левитана. Используя поиск по странице, эту строку следует искать по словам LEVITAN, Hatskel, имея в виду, что их много, нужная имеет запись «Leyb» в графе «Father» (отец), как и стоящая рядом запись «LEVITAN, Eliyash». Также отмечено, что в 1870 году Илья (LEVITAN, Eliyash) и Хацкель (LEVITAN, Hatskel) (их строки рядом) не в состоянии платить налоги.
  8. История Исаака Левитана и наше родство с ним
  9. Архивные данные JewishGen Lithuania Database, запрос Levitan в регионе Kaunas / Kovno uyezd, в базе Lithuania Births, на второй (по состоянию на 14 мая 2014 г.) странице (здесь прямая ссылка на эту страницу).
  10. Татьяна Винниченко. Исаак Левитан: у озера // Личности 55/2013
  11. Балашиха — Моя Балашиха — История города — Полустанок Салтыковка
  12. «Загадка полустанка»։ Московский железнодорожник։ 2011-12-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-10-ին 
  13. Иван Евдокимов. Левитан
  14. Ներկայում այդ գյուղերը գտնվում են Մոսկվայի մարզի Իստայի շրջանում:
  15. Щепкина-Куперник, 1928, с. 257—258
  16. А. П. Чехов и И. И. Левитан в Удомле
  17. Նամակներում հիշատակվում է որպես Կուրմաժեր:
  18. Фотография надгробия на могиле Исаака Левитана
  19. «Исаак Левитан. К 150-летию со дня рождения»։ Эхо Москвы։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2011-12-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константин Паустовский. «Исаак Левитан». Повесть о художнике. — М., 1937
  • Изабелла Гинзбург. И. Левитан. — Л.—М.: Искусство, 1937
  • Михаил Нестеров. «Давние дни», Воспоминания о Левитане.
  • М. С. Левитан, Исаак Ильич // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  • Иван Евдокимов. «Левитан». — М., 1959
  • Сергей Глаголь и Игорь Грабарь (предисловие). Монография о Левитане. — СПб, 1913
  • С. А. Пророкова. «Левитан» (серия ЖЗЛ). — М., 1960
  • Т. Л. Щепкина-Куперник. «Софья Петровна и Левитан» (в книге «Дни моей жизни»). — Л., 1928
  • Т. Л. Щепкина-Куперник. «Старшие». //Ж. Вестник Европы, 1911, № 11.
  • В. А. Прытков. «Левитан». — М., 1959
  • А. А. Фёдоров-Давыдов. «И. И. Левитан. Жизнь и творчество». — М., 1960
  • В. И. Колокольцов. Отклонение к чеховскому «Дому с мезонином» (в книге «Отклонение. Колокольцовы в Тверской губ. Книга 1.»). — СПб, 2005
  • Н. П. Смирнов. «Золотой плёс. Повесть о Левитане». //Ж. Охотничьи просторы. — М., 1959
  • И. И. Левитан. Письма, документы, воспоминания (общ. ред. А. Фёдорова-Давыдова). — М., 1956
  • И. И. Левитан, А. П. Чехов. (в книге Знаменитые россияне в истории Удомельского края (состав. Д. Л. Подушков). — Тверь, 2009
  • Г. Т. Полилов. «Развиватели». Роман о пребывании И. Левитана и С. Кувшинниковой и С.Морозова в Плесе
  • Алексей Мокроусов. Левитан: Борьба за наследство. // Ж. Лехаим. 2010, № 12

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]