Տրետյակովյան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր ճակատը (առջևում` Պավել Տրետյակովի արձանը)

Տրետյակովյան պատկերասրահ Մոսկվայում, ռուսական և սովետական արվեստի խոշորագույն պատկերասրահ։ «Տրետյակովյան պատկերասրահ» անվանումը ստացել է հիմնադիր Պավել Տրետյակովի ազգանունից, որը նկարներ հավաքելով (1856-ից) նպատակադրվել էր ստեղծել ռուսական ազգային արվեստի հանրամատչելի թանգարան։

1892-ին Տրետյակովը իր, ինչպես նաև եղբորից՝ Ս․ Մ․ Տրետյակովից ժառանգած հավաքածուները նվիրել է Մոսկվային (մինչև 1918-ը թանգարանը կոչվել է Պ․ և Ս․ Տրետյակովների մոսկովյան քաղաքային գեղարվեստական պատկերասրահ)։ 1918-ին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ժողկոմխորհի դեկրետով Տրետյակովյան պատկերասրահը ազգայնացվել է։ Սովետական տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1917-ին՝ մոտ 4,000 ստեղծագործություն, 1975-ին՝ 55,000)։ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուին է միացվել Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանը (Ի․ Ս․ Օստրոուխովի նախկին հավաքածուն), Ցվետկովսկայա պատկերասրահը՝ ռուսական գծանկարի մեծարժեք ժողովածուով, Ռումյանցևի թանգարանից՝ ռուս նկարիչների գործերի հավաքածուն, ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ։ Պատկերասրահը մշտապես հարստանում է պետական գնումների հաշվին։

Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր, այնտեղ ներկայացված են XI դ․ - XX դ․ սկզբի ռուսական արվեստը և սովետական արվեստը։ Ամբողջական են ներկայացված հատկապես XIX դ․ 2-րդ կեսի ռուսական գեղանկարչությունը, պերեդվիժնիկների լավագույն գործերը, XIX դ․ վերջի XX դ․ սկզբի ռուս նկարիչները, «Միր իսկուստվայի», «Ռուս նկարիչների միության», «Գոլուբայա ռոզայի», «Բուբնովի վալետի» վարպետները։ Տրետյակովյան պատկերասրահում ըստ արժանվույն են ներկայացված սովետական արվեստի զարգացման բոլոր փուլերը։

Պատկերասրահը ՍՍՀՄ-ի խոշորագույն գիտագեղարվեստական հիմնարկություն է, մեծ աշխատանք է տանում իր հավաքածուն ժողովրդի լայն խավերին ծանոթացնելու բնագավառում (էքսկուրսիաներ, դասախոսություններ, մշտական և շարժական ցուցահանդեսներ և այլն)։ 1975-ին Տրետյակովյան պատկերասրահը հաճախել է 1,623,000 մարդ (1881-ին՝ մոտ 8,000)։

Պատկերասրահի շենքը զբաղեցնում է Տրետյակովի վերակառուցված տունը և մի շարք տարբեր ժամանակների շինություններ։ Դլխավոր ճակատը կառուցվել է 1902-ին՝ նկարիչ Վիկտոր Վասնեցովի նախագծով։ Տրետյակովյան պատկերասրահում տեղ են գտել հայ նկարիչներից Ե․ Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մ․ Ավետիսյանի, Մ․ Աբեղյանի, Հ․ Զարդարյանի, Մ․ և Ե․ Ասլամազյանների, Դ․ Խանջյանի, քանդակագործներից՝ Դ․ Քեպինովի, Ա․ Սարգսյանի, Ն․ Նի կողոսյանի և ուրիշների աշխատանքները։

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png