Վասիլի Սուրիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Սուրիկով
ռուս.՝ Василий Суриков
Ի ծնեռուս.՝ Василий Иванович Суриков
Ծնվել էհունվարի 12 (24), 1848 կամ հունվարի 24, 1848(1848-01-24)[1][2]
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էմարտի 6 (19), 1916[4][5][2] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներTaking a Snow Town?, Suvorov Crossing the Alps in 1799?, Բոյարուհի Մորոզովա և Ստրելեցների մահապատժի առավոտը
ԱշակերտներՊյոտր Կոնչալովսկի
Ներշնչվել էԻլյա Ռեպին
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինԵլիզավետա Ավգուստովնա Շարե
ԶավակներՕլգա Սուրիկովա
 Vasily Surikov Վիքիպահեստում

Վասիլի Իվանի Սուրիկով (ռուս.՝ Василий Иванович Суриков, հունվարի 12 (24), 1848 կամ հունվարի 24, 1848(1848-01-24)[1][2], Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 6 (19), 1916[4][5][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս գեղանկարիչ, մասշտաբային պատմական գեղանկարչության վարպետ։

Սուրիկովի տոհմից են սերում Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ռեպին, «Նկարիչ Վասիլի Սուրիկովի դիմանկարը», 1877, կտավ-յուղաներկ, Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1848 թվականի հունվարի 12-ին (24) Կրասնոյարսկում։ Մկրտվել է հունվարի 13-ին Ամենայն Սրբոց եկեղեցում[6]։ Պատկանել է կազակական դասին։

Պապը՝ Վասիլի Իվանովիչ Սուրիկովը (1786-1836)[7], որպես հարյուրապետ ծառայել է Տուրուխանսկում[7], պապի զարմիկ Ալեքսանդր Ստեպանովիչ Սուրիկովը (1794-1854), եղել է Ենիսեյի կազակական գնդի ատաման[7]։ Նրա պատվին, ըստ Մաքսիմիլիան Վոլոշինի գրառումների, անվանվել է Ենիսեյի Ատամանյան կղզին[7]։ Մորական պապը եղել է Ֆեդոր Եգորովիչ Տորգոշինը[7]։

Հայրը՝ կոլեգիական մատենավար Իվան Վասիլևիչ Սուրիկովն էր (1806-1859)[8][7], մայրը՝ Պարասկևա (Պրասկովյա) Ֆեդորովնա (ծննդյամբ՝ Տորգոշինա, 1818-1895), ծնվել է Կրասնոյարսկում[6][7]։ 1854 թվականին հորը տեղափոխել են Սուխոյ Բուզիմ գյուղի ակցիզային վարչություն (ներկայումս՝ Կրասնոյարսկի երկրամասի Սուխոբուզիմսկոե գյուղ, Սուխոբուզիմսկի շրջան

Սուրիկովի դուստրը՝ Օլգան, ամուսնացած էր նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ։ Նրա թոռնուհի Նատալյա Կոնչալովսկայան գրող էր, նրա ստեղծագործություններից է պապիկի կենսագրությունը՝ «Անգնահատելի նվերը»։ Նրա երեխաները Վասիլի Սուրիկովի ծոռներն են՝ Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, ծոռնուհին՝ Օլգա Սեմյոնովա[9]։

Կրասնոյարսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկանում Սուրիկովը տեղափոխվել է Սուխոյ Բուզիմ և ավարտել Ամենայն Սրբոց եկեղեցուն կից ծխական դպրոցի երկու դասարանը։ 1858 թվականից սկսել է սովորել գավառական ուսումնարանում։ Ծնողները մնացել են ապրելու Սուխոյ Բուզիմում։ 1859 թվականին Վասիլի Իվանովիչի հայրը մահաացել է տուբերկուլոզից Սուխոյ Բուզիմում։ Մայրն ու երեխաները վերադարձել են Կրասնոյարսկ։ Գումարը չի բավականացրել և ընտանիքը վարձով է տվել իրենց տան երկրորդ հարկը։

Սուրիկովը սկսել է նկարել վաղ մանկությունից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել Կրասնոյարսկի գավառական ուսումնարանի նկարչության ուսուցիչ Նիկոլայ Վասիլևիչ Գրեբնյովը ։ Սուրիկովի ամենավաղ թվագրված աշխատանքը համարվում է 1862 թվականի «Լաստանավեր Ենիսեյի վրա» ջրաներկ կտավը (պահվում է Կրասնոյարսկի Վ. Ի. Սուրիկովի թանգարան-կալվածքում)։

Գավառական ուսումնարանում ուսումն ավարտելուց հետո Սուրիկովն աշխատանքի է ընդունվել նահանգային վարչությունում որպես գրագիր, ընտանիքի գումարը չի բավականացրել նրա ուսումը գիմնազիայում շարունակելու համար։ Նահանգային վարչությունում աշխատելու ընթացքում Սուրիկովի նկարները տեսել է Ենիսեյի նահանգապետ Պավել Զամյատնինը։ Նահանգապետը գտել է բարերար՝ Կրասնոյարսկում ոսկի արդյունահանող Պյոտր Կուզնեցովին, ով վճարել է Գեղարվեստի ակադեմիայում Սուրիկովի ուսման համար։

Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգի Սենատի հրապարակում գտնվող Պյոտր I-ի հուշարձանը, 1870, կտավ-յուղաներկ, Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

1868 թվականի դեկտեմբերի 11-ին Սուրիկովը Պյոտր Կուզնեցովի գումակի հետ Կրասնոյարսկից մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Նա չի կարողացել ընդունվել Գեղարվեստի ակադեմիա և 1869 թվականի մայիս-հուլիսին սովորել է Նկարիչների խրախուսման ընկերության Պետերբուրգի նկարչական դպրոցում։ 1869 թվականի աշնանը նա հանձնել է քննությունները և դարձել Գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր, իսկ մեկ տարի անց՝ ակադեմիայի ուսանող։

1869-1875 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Պավել Չիստյակովի մոտ։ Ուսման ընթացքում իր աշխատանքի համար ստացել է չորս արծաթե մեդալ և մի քանի դրամական մրցանակ։ Նա մեծ ուշադրություն է դարձրել կոմպոզիցիայի վրա, որի համար ստացել է «Կոմպոզիտոր» մականունը։

Սուրիկովի առաջին ինքնուրույն աշխատանքը՝ «Պյոտր I-ի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում» (1870), ձեռք է բերել Պյոտր Կուզնեցովը (նկարի առաջին տարբերակը պահվում է Կրասնոյարսկի Վասիլի Սուրիկովի անվան արվեստի պետական ​​թանգարանում)։ 1873 թվականի ամռանը Սուրիկովը մեկնել է Կրասնոյարսկ և որոշ ժամանակ ապրել Խակասիայում՝ Կուզնեցովի ոսկու հանքերում։ 1874 թվականին նկարիչը Կուզնեցովին է նվիրել իր «Բարի սամարացին» կտավը (պահվում է այդտեղ), որի համար նա ստացել է Փոքր ոսկե մեդալ։

1875 թվականի նոյեմբերի 4-ին Սուրիկովն ավարտել է Գեղարվեստի ակադեմիան՝ ստանալով առաջին աստիճանի նկարչի կոչում։

Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկովը պատվեր է ստացել ստեղծել չորս որմնանկարներ՝ Քրիստոս Փրկչի տաճարի համար Տիեզերական ժողովների թեմաներով։ Սանկտ Պետերբուրգում սկսել է աշխատել որմնանկարների վրա, իսկ 1877 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սեփական բնակարան չուներ, ապրել է վարձով բնակարաններում և հյուրանոցներում, հաճախ մեկնել է Կրասնոյարսկ, որտեղ անցկացրել է ամառը։

1878 թվականի հունվարի 25-ին Սուրիկովն ամուսնացել է Ելիզավետա Ավգուստովնա Շարեի (1858-1888) հետ (տարբեր աղբյուրներում նշվում են անվան տարբեր ուղղագրություններ՝ Էլիզավետա Արթուրովնա Շարե)։ Նրա մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնա Շարեն, դեկաբրիստ Պյոտր Նիկոլաևիչ Սվիստունովի (ենթադրաբար զարմուհին, Գլաֆիրա Նիկոլաևնա Սվիստունովայի և կոմս Ալեքսանդր Անտոնովիչ դե Բալմենի դուստրն էր) ազգականն էր։ Սուրիկովն ու Շարեն ունեցել են երկու դուստր՝ Օլգան (1878-1958) և Ելենան (1880-1963)[10]։

Սուրիկովը երբեք դիմանկարների պատվերներ չի ընդունել, բայց իր հետագա, զուտ ստեղծագործական աշխատանքները հաճախ սկսել է դիմանկարային կերպարից։ Սակայն, Սուրիկովի մի շարք դիմանկարներ այնքան էլ պաշտոնական նշանակություն չունեին, նկարիչը դրանք չի ներառել իր նկարչական աշխատանքներում։ 1899-1900 թվականներին նկարել է Ֆ. Ֆ. Պելեցկու երկու գրաֆիկական դիմանկարները։ Դրանցից առաջինի վրա կա հեղինակի մակագրությունը՝ «Հարգարժան Ֆյոդոր Ֆեդորովիչ Պելեցկուն։ Վասիլի Սուրիկով։ 1899»։ Նկարը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Պելեցկի Ֆեդոր Ֆեդորովիչը (1853-1916) հայտնի մոսկվացի կիթառահար էր, ելույթներ էր ունենում իր եղբոր՝ Պելեցկի Դմիտրի Ֆեդորովիչի հետ։

Սուրիկովը սիրել է օպերան, եղել է երաժշտության սիրահար։ Երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա։ Վասիլի Իվանովիչ Սուրիկովը կիթառ նվագելու հմտությունը սովորել է իր ընկերոջից՝ կիթառահար Ֆյոդոր Ֆեդորովիչ Պելեցկուց և նրանք հաճախ ինքնամոռաց կերպով նվագել են երկու կիթառի համար նախատեսված պիեսներ։

Կարևոր նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստրելեցների մահապատժի առավոտը»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստրելեցների մահապատժի առավոտը», 1881, կտավ-յուղաներկ, Պետական Տրետյակովյան պատկերասրահ

1878 թվականին Սուրիկովը սկսել է աշխատել «Ստրելեցների մահապատժի առավոտը» նկարի վրա։ Նկարն ավարտել է 1881 թվականին։ Նկարում պատկերված են 1698 թվականին ապստամբած ստրելեցները, որոնց տանում են մահապատժի ենթարկելու։

1881 թվականին Սուրիկովը դարձել է Պերեդվիժնիկների արվեստի ցուցահանդեսների ընկերակցության անդամ։

«Մենշիկովը Բերյոզովում»[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին Պավել Տրետյակովը ձեռք է բերել Սուրիկովի «Մենշիկովը Բերյոզովում» կտավը։ Նկարիչը գումար է ունեցել արտասահման ուղևորության մեկնելու համար․ եղել է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ծանոթացել Դրեզդենի պատկերասրահի և Լուվրի հավաքածուին։

«Բոյարուհի Մորոզովա»[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին Սուրիկովը պատրաստել է «Բոյարուհի Մորոզովայի» առաջին էսքիզը, իսկ 1884 թվականից աշխատել է նկարի վրա։ Առաջին անգամ Վասիլի Իվանովիչը բոյարուհի Մորոզովայի մասին լսել է իր մորաքույր Օլգա Մատվեևնա Դուրանդինայից, որի հետ նա ապրել է Կրասնոյարսկում՝ գավառական ուսումնարանում սովորելիս։ Սուրիկովը երկար ժամանակ չի կարողացել նախատիպ գտնել ազնվականուհու համար։ Մորոզովայի նախատիպ է դարձել Սուրիկովի մորաքույրը՝ Ավդոտյա Վասիլևնա Տորգոշինան։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ֆեդորովիչը, պատկերված է «Ստրելեցների մահապատժի առավոտը» նկարում՝ սև մորուքով ստրելեց։ Սուխոբուզիմի Սուրբ Երրորդություն եկեղեցու նախկին ատենադպիր Վարսանոֆի Սեմյոնովիչ Զակուրցևը «Բոյարուհի Մորոզովա» կտավում ձախ կողմում պատկերված է ծիծաղող վաճառականի կերպարանքով։ Զակուրցևը կեցվածք է ընդունել Սուրիկովի «Ծիծաղող քահանան» էսքիզի համար Կրասնոյարսկում, դեռևս 1873 թվականին։ Նկարի աջ կողմում գավազանով օտարականի պատկերի համար հիմք է հանդիսացել մի գաղթական, որին Սուրիկովը հանդիպել է Սուխոբուզիմսկոեի ճանապարհին։ «Բոյարուհի Մորոզովա» կտավը ցուցադրվել է Պերեդվիժնիկական XV ցուցահանդեսում 1887 թվականին։

Սուրիկովն ամռանը մեկնել է Կրասնոյարսկ։ 1887 թվականի օգոստոսի 8-ին նա դիտել է արևի ամբողջական խավարումը և նկարել երկու էտյուդ (101-ը՝ ամբողջական խավարում և 102-ը՝ մարող խավարում, որը պահվում է Տվերի պատկերասրահում՝ «Տեսարան Կրասնոյարսկից»[11] անվանումով։

1887 թվականից Սուրիկովն աշխատել է դիմանկարի ժանրում։ Առաջիններից մեկը մոր դիմանկարն է եղել (1887)։ «Իմ եղբայրը» դիմանկարը հավանաբար ստեղծվել է 1887 թվականին։

«Ձյունե քաղաքի գրավումը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունե քաղաքի գրավումը, 1891, կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

1888 թվականի ապրիլի 8-ին մահացել է Սուրիկովի կինը։ 1889 թվականի ամռան սկզբին նկարիչը դուստրերի հետ մեկնել է Կրասնոյարսկ, որտեղ ապրել է մինչև 1890 թվականի աշունը։ Կրասնոյարսկում նկարել է «Ձյունե քաղաքի գրավումը» կտավը (ավարտել է 1891 թվականին, պահվում է Ռուսական թանգարանում)։

«Ձյունե քաղաքի գրավումը» խաղը Սուրիկովն առաջին անգամ տեսել է վաղ մանկության տարիներին՝ մոր հայրենի գյուղ՝ Տորգոշինո գնալու ճանապարհին։ Նկարի գաղափարը նկարչին տվել է նրա կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդրը։ Նա պատկերված է նկարի աջ կողմում՝ կանգնած թաղքեպատ սահնակում։ Սահնակում նստած է պրոֆիլով պատկերված Եկատերինա Ալեքսանդրովնա Ռաչկովսկայան՝ Կրասնոյարսկի հայտնի բժշկի կինը։ Ձյունե քաղաքը կառուցվել է Սուրիկովի կալվածքի բակում։ Խաղին մասնակցել են Բազաիխա գյուղի գյուղացիները։

Փարիզի միջազգային ցուցահանդեսում (1900) «Ձյունե քաղաքի գրավումը» նկարի համար Սուրիկովը ստացել է անվանական բրոնզե մեդալ[12]։

«Երմակ Տիմոֆեևիչը նվաճում է Սիբիրը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երմակ Տիմոֆեևիչը նվաճում է Սիբիրը, 1895, կտավ, յուղաներկ, Պետական ​​ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

Սիբիր այցելելության ընթացքում Սուրիկովն ուսումնասիրել է տեղի ժողովուրդների՝ վոգուլների, օստյակների, խակասների և մյուսների կյանքն ու կենցաղը։ 1891 թվականին սկսել է աշխատել «Սիբիրի նվաճումը Երմակ Տիմոֆեևիչի կողմից» նկարի վրա։ Սուրիկովը նկարի էտյուդները է նկարել Օբ գետի վրա։ 1892 թվականի ամռանը Վասիլի Իվանովիչն բնակվել է Խակասիայում Իննոկենտի Կուզնեցովի ոսկու հանքերում։ Իր նամակում նա գրել է․ «Ես գրում եմ թաթարներին։ Ես բավականին շատ եմ գրել։ Երմակի համար նախատիպ եմ գտել»։ «Երմակ Տիմոֆեևիչը նվաչում է Սիբիրը» նկարի վրա աշխատանքը շարունակվել է Դոնի վրա 1893 թվականին և ավարտվել 1895 թվականին։

1893 թվականից Սուրիկովը եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

«Սուվորովի անցումn Ալպերով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուվորովի անցումն Ալպերով, 1899, կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

1895 թվականի հոկտեմբերին, երբ գտնվել է Կրասնոյարսկում, Սուրիկովը մտադրվել է նկարել «Սուվորովի անցումը Ալպերով» կտավը։ Սուվորովի առաջին նախատիպը եղել է Կրասնոյարսկի պաշտոնաթող կազակ սպա Ֆեոդոր Ֆեդորովիչ Սպիրիդոնովը։ Ֆեոդոր Սպիրիդոնովը եղել է Սուրիկովի տոհմից։ Այդ ժամանակ Սպիրիդոնովը 82 տարեկան էր։ 1898 թվականին հայտնվել է էտյուդ, որտեղ ժամանակակիցները որպես Սուվորովի նախատիպը տեսել են Կրասնոյարսկի տղամարդկանց գիմնազիայի երգի ուսուցիչ Գրիգորի Նիկոլաևիչ Սմիրնովին։ Գրիգորի Սմիրնովը նաև սպիտակ ձի է ունեցել, որը Սուրիկովը պատկերել է Սուվորովի տակ։ 1897 թվականի ամռանը Սուրիկովն այցելել է Շվեյցարիա, որտեղ նկարել է էտյուդներ։ «Սուվորովի անցումը Ալպերով» նկարի վրա աշխատանքն ավարտել է 1899 թվականին՝ Սուվորովի իտալական արշավանքի 100-ամյակին։ Նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և ձեռք է բերվել կայսեր կողմից։

«Ստեպան Ռազին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ռազին, 1906, կտավ-յուղաներկ, Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

«Ստեպան Ռազին» նկարի գաղափարը Սուրիկովի մոտ ծագել է դեռևս 1887 թվականին, սակայն նկարի վրա աշխատանքները սկսվել են 1900 թվականին։ Սուրիկովը նկարի համար էտյուդներ է նկարել Սիբիրում և Դոնի վրա։

Ստեպան Ռազինի նախատիպը կրասնոյարսկցի գիտնական Իվան Տիմոֆեևիչ Սավենկովն էր կամ նրա որդին՝ Տիմոֆեյ Իվանովիչը։ Հավանաբար, վաղ շրջանի էտյուդներն արվել են Իվան Տիմոֆեևիչից, իսկ ավելի ուշ՝ նրա որդուց[13]։

Ստեղծագործության հետազոտող Ա. Դյոմկինը կարծիք է հայտնել, որ «Ստեպան Ռազին» կտավում արտացոլում են գտել Սուրիկովի սեփական խորը ապրումները, որը կապված էր այդ տարիների նրա կյանքի հանգամանքների հետ։ Նկարի 1887 թվականի առաջին էսքիզը նկարիչը ստեղծել է մինչև իր կնոջ՝ Ելիզավետա Շարեի մահը, պատկերելով Ռազինին պարսիկ արքայադստեր հետ՝ արշավանքի մեկնող նավատորմի գլխին, ընդ որում, նշվում է, որ կոմպոզիցիայի կենտրոնում գտնվող արքայադստեր կերպարում նկարիչը, ըստ ամենայնի, պատկերել է իր կնոջը՝ Ելիզավետա Ավգուստովնային։ 1888 թվականին կնոջ մահից հետո նկարի կոմպոզիցիան և նրա հուզական տրամադրությունը փոխվել էին, 1900-ականների էսքիզներում մնացել է միայն մեկ նավ, պարսից արքայադստեր կերպարն անհետացել է, ցավալի մտքերի մեջ ընկղմված Ռազինը կապված չէ մյուս կազակների ունեցած զգացմունքների ու ապրումների հետ։ Նշվում է Ռազինի կերպարի նմանությունը Սուրիկովի այդ տարիների լուսանկարների և ինքնանկարների հետ։ Սուրիկովը շարունակել է աշխատել Ռազինի դեմքի վրա նույնիսկ 1907 թվականին նկարի վաճառքից հետո և այն ավարտել է միայն 1910 թվականին։ Ենթադրվում է, որ արդյունքում հսկայական նկարը եղել է նկարչի յուրատեսակ զգացմունքային ինքնանկար[14]։

Ռազինի հուզական մեկուսացումն իրեն շրջապատող կերպարներից, որն այդ նկարը տարբերում է նախորդ Երմակից և Սուվորովից, Ռազինի կերպարի վրա երկար աշխատանքը, կոմպոզիցիայի այլ հատկանիշների և կատարման թվացյալ թերությունների հետ մեկտեղ, նշել է նաև նրա ժամանակակից Մաքսիմիլիան Վոլոշինը[15]։ Նկարը սեփականատիրոջ կողմից ցուցադրվել է Հռոմի համաշխարհային ցուցահանդեսում (1911)։

1907 թվականին Սուրիկովը դարձել է Ռուս նկարիչների միության անդամ՝ հեռանալով Պերեդվիժնիկների ընկերակցությունից։

«Ստեպան Ռազինին» զուգահեռ Սուրիկովն աշխատել է մի քանի նկարների վրա։ 1901 թվականին Վլադիմիր Կրուտովսկին Սուրիկովին ցույց է տվել Ն. Օգլոբլինի բրոշյուրը Կրասնոյարսկի խռովության մասին (հրատարակվել է Տոմսկում 1902 թվականին)։

Սուրիկովի նախնիները՝ Պյոտր և Իլյա Սուրիկովները, մասնակցել են 1695-1698 թվականների Կրասնոյարսկի խռովությանը։ Սուրիկովը սկսել է աշխատել «1695 թվականի Կրասնոյարսկի խռովություն» նկարի վրա[16]։

Իշխանուհի Օլգան այցելում է դրևլյանների կողմից սպանված արքայազն Իգորի մարմնին։ Նկարի էսքիզ, 1915, թուղթ, իտալական մատիտ, ջրաներկ, գուաշ, Պետական ​​ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ

«Արքայադուստր Օլգան այցելում է դրևլյանների կողմից սպանված արքայազն Իգորի մարմնին» նկարի գաղափարը մնացել է անկատար։ Նկարը մտահղացվել է 1909 թվականին Շիրա լիճ կատարած ճամփորդության ժամանակ։

«Արքայադստեր այցը կանանց մենաստան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Զաբելինի «Ռուս թագուհիների տնային կենցաղը 16-17-րդ դարերում» գիրքը կարդալուց հետո Սուրիկովը 1908 թվականին սկսել է նկարել «Արքայադստեր այցը կանանց մենաստան» նկարը (1912)[17]։ Արքայադստեր նախատիպերն են եղել նկարչի թոռնուհին՝ Նատալյա Կոնչալովսկայան և Ասյա Դոբրինսկայան։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Սուրիկովը իր փեսայի՝ նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ մեկնել է Իսպանիա։ 1910 թվականին Կրասնոյարսկում Սուրիկովի և Լեոնիդ Չերնիշովի նախաձեռնությամբ բացվել է նկարչական դպրոց։ Սուրիկովը Սանկտ Պետերբուրգից գրենական պիտույքներ է ուղարկել դպրոցի համար[18]։

1914 թվականի ամռանը Վասիլի Իվանովիչն այցելել է Կրասնոյարսկ, որտեղ նկարել է մի շարք բնապատկերներ՝ «Կրասնոյարսկ, Ավետման եկեղեցու տարածքում», «Տափանավ Ենիսեյի վրա» և մի քանի ջրաներկ նկարներ։ Նկարչի վերջին աշխատանքը եղել է «Ավետում» նկարը[19] (պահվում է Կրասնոյարսկի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի թանգարանում

1915 թվականին Սուրիկովը բուժման է մեկնել Ղրիմ։

Սուրիկովը մահացել է Մոսկվայում 1916 թվականի մարտի 6-ին (19)՝ սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդությունից։ Թաղվել է կնոջ կողքին՝ Վագանկովյան գերեզմանատանը (21-րդ տեղամաս)[20]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական շրջանակներում Սուրիկովին երկար ժամանակ քննադատել են բազմամարդ կոմպոզիցիաների, կերպարների դեմքերի «խառնաշփոթի» համար, իսկ նրա կտավները արհամարհանքով անվանել «դիպակե գորգեր»։ Սակայն, «Արվեստի աշխարհը» այդ, այսպես կոչված, «արատներ»-ի մեջ տեսել է հենց սուրիկովյան գեղանկարչության առավելությունները։ Խմբավորման ղեկավար Ալեքսանդր Բենուան գովաբանել է Սուրիկովին այն ամենի համար, ինչ արևմտյան չէ, զուտ ազգային է իր նկարներում, այն բանի համար, որ «Վասնեցովի հետ միասին նա ականջ դրեց հին ռուս նկարիչների պատվիրաններին, բացեց նրանց հմայքը, կարողացավ նորից գտնել. նրանց զարմանալի, տարօրինակ և դյութիչ մի գամմա, որը չկա արևմտյան գեղանկարչության մեջ»[21]։

Անվան հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյարսկ
  • Վասիլի Սուրիկովի անվան փողոց,
  • Վասիլի Սուրիկովի թանգարան-կալվածք (Լենինի փողոց 98) հուշարձանով,
  • Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի թանգարան (Փարիզի կոմունայի փողոց 20),
  • Վասիլի Սուրիկովի անվան թիվ 1 մանկական գեղարվեստի դպրոց (Լենինի փողոց 79)[18],
  • Վասիլի Սուրիկովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց (Կրասնոդարսկայա փողոց 7 բ)[23],
  • Վասիլի Սուրիկովի անվան արվեստի ուսումնարան (Սվերդլովյան փողոց 5),
  • Սուրիկովյան պուրակ կիսանդրիով Լենինի փողոցում,
  • Հուշարձանով պուրակ Խաղաղության պողոտա/Վասիլի Սուրիկովի փողոց,
  • Նստարան և վերստացույց սյուն, այն վայրում, որտեղ Սուրիկովը որոշել էր նկարիչ դառնալ (Ենիսեյ մայրուղու և Փառքի փողոցի խաչմերուկում)։
Գետային նավեր՝
  • Տանկեր «Վասիլի Սուրիկով» - Յենիսեյյան գետային նավագնացության ձեռնարկություն,
  • «Վասիլի Սուրիկով» շոգենավ - Մոսկովյան գետային նավագնացության ձեռնարկություն։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Суриков Василий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 Алексей Сергеевич Нилогов 24 января 2023 года исполняется 175 лет со дня рождения известного русского художника Василия Ивановича Сурикова // Сайт Министерства культуры Республики Хакасия. — 2023. — 24 января.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Письма, воспоминания, 1977
  8. Чернявский С. В. В. И. Суриков. Художник, который видел прошлое // Российский государственный исторический архив (РГИА).
  9. «Газета «Московский Комсомолец» — Анонсы изданий Медиа Атлас». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Василий Иванович Суриков. Письма. Воспоминания о художнике / вступ. ст. Н. А. Радзимовской, С. Н. Гольдштейн; сост. и коммент. Н. А. и З. А. Радзимовских, С. Н. Гольдштейн. — Л.: Искусство, 1977. — 384 с.
  11. Анатолий Носков (2013 թ․ հունվարի 7). «Суриков. Вид Красноярска». Красное мѣсто.
  12. «Живопись и графика: Именная бронзовая медаль». Музей-усадьба В. И. Сурикова.
  13. Ясникова Т. В. Суриков. — (Жизнь замечательных людей). — М.: Молодая гвардия, 2018. — 453 с.
  14. Андрей Демкин Несколько штрихов из истории создания картины «Степан Разин» В.И. Сурикова(ռուս.) // Антиквариат, предметы искусства и коллекционирования : Журнал. — М.: ЛК пресс, 2010. — № 4 (75). — С. 72—79. — ISSN 1683-7665. Архивировано из первоисточника 5 փետրվարի 2020.
  15. Максимилиан Александрович Волошин XIII. «Стенька Разин» (1900-1910) // Суриков. — Л.: Художник РСФСР, 1985. — 224 с. — 20 000 экз.
  16. «Василий Суриков. Красноярский бунт 1695 года». Города и остроги земли Сибирской — исторические реликвии.
  17. «Посещение царевной женского монастыря, Суриков, 1912». Музеи мира и картины известных художников.
  18. 18,0 18,1 «История школы». Детская художественная школа № 1 им. В. И. Сурикова.(չաշխատող հղում)
  19. Головко Оксана. ««Благовещение» Василия Сурикова». Журнал «Фома». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. Артамонов М. Д. Ваганьково / М. Д. Артамонов. — М. : Московский рабочий, 1991. — С. 171. — 192 с. : ил. — (Московский некрополь). — ББК 85.113(2). — ISBN 5-239-01167-2.
  21. «Бенуа о Василии Сурикове, статья». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  22. «История института». Московский государственный академический художественный институт имени В. И. Сурикова при Российской академии художеств. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «История школы». Муниципальное автономное общеобразовательное учреждение «Средняя школа № 1 имени В. И. Сурикова». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М.М. Алленов. «Василий Суриков»
  • Суриков В. И. Альбом. Вступ. ст. Н. Г. Машковцева. М.։ 1960
  • Суриков В. И. Альбом. Вступ. ст. Д. Сарабьянова. М.։ 1963
  • Суриков В. И. Письма. Воспоминания о художнике. Л.։ 1977
  • Г. Васильева-Шляпина «Сибирские красавицы В. Сурикова. Портрет в творчестве художника»// «Иван Федоров». Санкт-Петербург. 2002
  • В. Ануфриева «Отрада суриковская».//«Сибирские промыслы». Красноярск. 2007
  • Аференко В. А. «Суриков в Сухобузимском»//г. Железногорск, 1999
  • Кеменов В. С. «Историческая живопись Сурикова. 1870—1880-е гг.» М.։ 1963
  • Машковцев Н. Г. «В. И. Суриков» М.։ 1994
  • Евдокимов И. В. Суриков, 1933. - 164 с. (Жизнь замечательных людей)
  • Шанин В. Я. «Суриков, или Трилогия страданий», 2010.

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Սուրիկով» հոդվածին։