Կառլ Բրյուլով
Կառլ Բրյուլով Карл Брюллов | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1799[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][5] |
Վախճանվել է | հունիսի 11, 1852[4][5][6] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մանցիանա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1821) |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և գծանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր և պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պոմպեյի վերջին օրը |
Աշակերտներ | Միխայիլ Ժելեզնով[7], Անդրեյ Գորոնովիչ, Պիմեն Օռլով, Դմիտրի Բեզպերչի, Բոգդան Վիլևալդե և Ալեքսանդր Ագին |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Հայր | Պավել Բրյուլո |
Ամուսին | Էմիլի Թիմմ |
Karl Bryullov Վիքիպահեստում |
Կառլ Պավլովիչ Բրյուլով (ռուս.՝ Карл Павлович Брюллов, դեկտեմբերի 12, 1799[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][5] - հունիսի 11, 1852[4][5][6], Մանցիանա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4], Իտալիա), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս Պ. Ի Բրյուլովի որդին։ 1809-1822 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիայում Ա. Ի Իվանովի, Ա. Ե. Եգորովի, Վ. Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է Իտալիայում, որտեղ նկարել է Փարիզում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեյի վերջին օրը» նկարը (1830-1833)։ Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք դիմանկարներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832)։ 1835 թվականին ճանապարհորդել է Հունաստանում և Թուրքիայում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է Ռուսաստան, մինչև 1836 թվականը ապրել է Մոսկվայում, որտեղ ծանոթացել է Ա. Ս. Պուշկինի հետ, այնուհետև փոխադրվել է Պետերբուրգ։ 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ՝ այդ թվում Վ. Ն.Կուկոլնիկի (1836 թ.), Ա. Ի. Կռիլովի (1839 թ.)։ Մտերիմ էր Մ. Ի. Գլինկայի և Ն. Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճար և Սուրբ Իսահակի տաճարների նկարչական աշխատանքներին (ավարտված Պ. Վ Բասինի կողմից)։ Հիվանդության հետ կապված՝ 1849 թվականին փոխադրվել է Մադեյրա կղզի։ Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե. Ի. Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849)։ 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է Միլանի, Պարմի ինչպես նաև Հռոմի Սուրբ Ղուկասի ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ ռուսական ռոմանտիզմի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «Պոմպեյի վերջին օրը» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում։ Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար՝ սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ՝ («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր Իլյա Ռեպինը(«Մ. Պ Մուսորգսկու դիմանկարը», 1881)։ Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» (ռուս.՝ Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» (ռուս.՝ Вирсавия, 1832 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» (ռուս.՝ Всадница, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է (ռուս.՝ Последний день Помпей, Ռուսական թանգարան)։
Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկության տարիները. կրթություն ակադեմիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Բրյուլովը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 23-ին, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ քանդակագործության դասավանդող Պավել Բրյուլոյի (անգլ.՝ Brulleau, 1760—1833) և գերմանացու արմատներ ունեցող կնոջ՝ Մ. Ի. Շրյոդերի (անգլ.՝ Schroeder) ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում կային ևս երեք որդի և երկու դուստր։
Չնայած իր հիվանդոտությանը, Կառլը հոր կամքով, որն ուզում էր որդուն սովորեցնել նկարել, վաղ մակությունից յուրացնում էր ապագա մասնագիտության համար անհրաժեշտ հմտությունները. նկարում էր մարդկանց և կենդանիներին տարբեր տեսանկյուններից։ Իսկ 1805 թվականին, երբ Պավել Իվանովիչը անցավ թոշակի, հաճախ օգնում էր նրան Կրոնշտադտի եկեղեցու և այլ պատվերների աշխատանքներում։
1809 թվականին տղան ընդունվեց Սանկտ Պետերբուրգի պետական սեփականություն հանդիսացող գեղարվեստի Կայսերական ակադեմիա, որտեղ նա սովորեց մինչև 1821 թվականը։ Նրա ուսուցիչների թվում էր Ա. Ի. Իվանովը։ Կառլը շուտով դրսևորեց իրեն որպես փայլուն, բազմակողմանի շնորհալի աշակերտ, հեշտությամբ էր կատարում ուսումնական հանձնարարությունները, ինչի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու համակրանքը։ Ավագ դասարաններում պատանին հաճախ էր օգնում համակուրսեցիներին։ Հետագայում Կառլը ստացավ ոսկե մեդալ գեղարվեստի պատմություն դասընթացի համար։
Բրյուլովի առաջին նշանակալի աշխատանքը՝ ստեղծված ակադեմիական պահանջներին համապատասխան, դարձավ «Արվեստի հանճարը»` (1817—1820, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարան) և գիտական խորհրդի կողմից ճանաչվեց որպես օրինակի նմուշ։
1819 թվականին երիտասարդ նկարիչը ստեղծեց ևս մի հանրահայտ նկար. «Ջրի մեջ նայող Նարգիզը», որը Ա. Ի. Իվանովը գնեց իր հավաքածուի համար։ Այժմ այն պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում։
Առաջին ճանապարհորդությունը Իտալիա. Կյանքի իտալական ժամանակահատված (1823-1835)
[խմբագրել | խմբագրել կոդը]1821 թվականին Բրյուլովը ավարտում է ակադեմիան և որպես ավարտական աշխատանք նկարում «Երեք հրեշտակների հայտնությունը Աբրահամին Մավրեցու կաղնու մոտ» նկարը, ինչի համար ստանում է մեծ ոսկե մեդալ և արտասահման մեկնելու թոշակի իրավունք։ Բայց Ակադեմիայի նախագահ Ա.Ն. Օլենինը նշանակելով նրան որպես ոչ շնորհալի ուսուցիչ Ա.Ի. Երմոլաևի փոխարինող՝ պնդում է, որ երիտասարդ նկարիչը մնա Ակադեմիայում ևս երեք տարի վարպետության հմտացման համար։ Բրյուլովի խնդրանքը ուսուցչի փոխարինման վերաբերյալ մերժվում է։ Կառլը հրաժարվում է արտասահման մեկնելու իրավունքից։ Հենց այդ ժամանակ էլ գեղանկարչի վրա ուշադրություն է դարձնում այն ժամանակների համար հայտնի նորաստեղծ «Նկարիչների խրախուսման ընկերություն»-ը (ՆԽԸ), և որպեսզի համոզվի նրա տաղանդի մեջ, առաջարկում է նրան կատարել մի քանի թեմատիկ աշխատանք՝ խոստանալով փոխարենը վճարել արտասահմանյան ճամփորդության ծախսերը։
Այս առաջարկի արդյուքնում ստեղծվեցին Բրյուլովի երկու նկարներ «Էդիպն ու Անտիգոնան» (1821, Տյումենի կրայեվեդյան թանգարան) և «Պոլինիկի ապաշխարությունը» (1821, գտնվելու վայրն՝ անհայտ), որոնցից հետո նրան առաջարկվեց ճամփորդություն արտասահման՝ բարելավելու վարպետությունը։ Դրա փոխարեն Բրյուլովից պահանջվեց կազմել մանրամասն հաշվետվություններ տպավորությունների և արվեստի գործերի ուսումնասիրությունների արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացնել նոր աշխատանքներ։ Կառլը համաձայնեց և իր եղբայր Ալեքսանդրի հետ 1822 թվականի օգոստոսի 16-ին մեկնեց Իտալիա։ 1923 թվականի մայիսին նրանք ժամանեցին Հռոմ` ճանապարհին այցելելով Ռիգա, Քյոնիքսբերգ, Բեռլին, Դրեզդեն, Մյունխեն, Վենետիկ,Պադուա, Վերոնա, Մանտուա և Բոլոնիա։ Տառացիորեն Հռոմ ժամանելուն պես նկարիչը ՆԽԸ-ից ստացավ հանձնարարություն կատարել Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» որմնանկարի պատճեն, որը դարձավ գեղանկարչի վերջին ուսանողական աշխատանքը։
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ՝ ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ)։ Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր Նիկոլայ I-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը 1829 թվականին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ 1827 թվականին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն՝ հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան)։ Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով՝ հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», ռուս.՝ Гулянье в Альбано, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, Ա. Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան, Մոսկվա)։ Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգեբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու գեղագիտության կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին՝ որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են կլասիցիզմի, ռեալիզմի և բարոկկոյի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ՝ նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։
1830 թվականին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «Պոմպեյի վերջին օրը» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի կողմից։ Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորաձև դարձած հնագիտությամբ և Վեզուվի ժայթքման ակտուալությամբ։ Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց Պոմպեյ, որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների էսքիզներ։ Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած։ Այս շրջանում է եղել ծանոթությունը Եկատերինա I-ի զարմուհու՝ արիստոկրատ Յուլիա Պավլովնա Սամոյլովայի հետ Սկավրոնսկիների դինաստիայից։ Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ (ռուս.՝ Юлия Самойлова с воспитанницей и арапчонком)» հայտնի դիմանկարը և «Ձիավարուհին» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, ռուս.՝ Вирсавия» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա)։
Վերադարձ Ռուսաստան։ Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պոմպեյի վերջին օրը» նկարը ավարտվեց 1833 թվականին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում։ Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարարություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի՝ աղետի ժամին։ Կայսր Նիկոլայ I-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք։ Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի Փոքր Ասիայի, Հունաստանի և Իոնյան կղզիներ ճամփորդության հրավերը։ Աթենքում Բրյուլովը ծանր հիվանդանում է դեղին տենդով, ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին։ Փոքր-ինչ կազդուրվելով՝ գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է Կոնստանդնուպոլիս, որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը՝ անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը։ Վերջապես, 1836 թվականին, Մոսկվա և Օդեսա այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ։
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց 1835 թվականի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի՝ կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ։ Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է Ա.Ս.Պուշկինի հետ։ Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ Վ.Ա. Տրոպինինի հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել։ Ծանոթությունը վերաճեց ընկերության։ Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին։ Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց Ա.Կ. Տոլստոյի, նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ Անտոն Պոգորելսկիի դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան» (ռուս.՝ Гадающая Светлана 1836, Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան), հավանաբար՝ ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի։ Պետերբուրգում գեղանկարչին սպասվում էր տոնական ընդունելություն Գեղարվեստի Ակադեմիայում որպես «Պոմպեի վերջին օրվա» տրիումֆ։ Մինչ նրա ժամանումը նկարը հասցրել էր լինել Փարիզում (Լուվր 1834), որտեղ սառն էր ընդունվել փարիզյան քննադատների կողմից, չնայած այն հանգամանքի, որ փարիզյան սալոնում 1834 թվականին արժանացել էր առաջին մրցանակին։ Դա արդեն Դելակրուայի և ֆրանսիական ռոմանտիզմի նոր շրջան էր։ Նկարը Դեմիդովը նվիրեց Նիկոլայ I-ին, որը տեղավորեց այն կայսերական Էրմիտաժում, այնուհետև նվիրեց Գեղարվեստի Ակադեմիային։ Ներկայումս նկարը գտնվում է Ռուսական Պետական թանգարանում։
Եվ դարձավ «Պոմպեյի վերջին օրը» Ռուսական վրձնի համար առաջին օր։ |
1836-1849 թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում։ Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կոչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով՝ հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից։ Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581 թվականին 1581» (1839—1843, Տրետյակովի Պետական պատկերասրահ, Մոսկվա)։ Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցևը կայսրի հրամանով այցելեցին Պսկով, որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները։ Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման՝ այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց։ Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ։ Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից։ Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն։ Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ։ Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում Ն. Վ. Կուկոլնիկի դիմանկարը (1836, Տրետյակովի Պետական պատկերասրահ, Մոսկվա), Վ. Ա. Ժուկովսկու դիմանկարը (1837—1838 ), Ի. Ա. Կռիլովի (Տրետյակովի Պետական պատկերասրահ, Մոսկվա) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա. Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, Տրետյակովի Պետական պատկերասրահ, Մոսկվա), եղբոր՝ Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, Պետական Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ) և շատ այլ դիմանկարներ։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, Տրետյակովի Պետական պատկերասրահ, Մոսկվա)։ Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում՝ նկարելով Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում։
Կյանքի և գործունեության վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1843 թվականին Բրյուլովը ակադեմիական դպրոցի լավագույն գեղանկարիչների հետ ստացավ հրավեր մասնակցելու նկարելու Սուրբ Իսահակի տաճարում։ Նրան առաջարկվեց մեծ գմբեթի առաստաղը՝ պատկերել առաքյալների ֆիգուրներ, ավետարանիչների կերպարներ և մի շարք «Քրիստոսի կրքերը» թեմաներով նկարներ նկարել։ Նկարիչը մեծ հետաքրքրությամբ անցավ էսքիզների աշխատանքներին։ 1848 թվականին դրանք ավարտված էին, և Բրյուլովը անցավ բուն գեղանկարին։ Սակայն ծանր աշխատանքը՝ խոնավ, անավարտ տաճարում, վատացնում է նրա առանց այդ էլ թույլ առողջությունը՝ տալով բարդություններ սրտին և սրացնում ռևմատիզմը։ Այդ պատճառով, արդեն փետրվարին նկարիչը աշխատանքը թողնելու թույլտվություն է խնդրում։ Նրա խնդրանքն ընդունվում է։ Այդ ընթացքում նա արդեն նկարել էր գմբեթի գրեթե բոլոր հիմնական ֆիգուրները, այնպես որ՝ նրա աշխատանքն ավարտին հասցնող Պ. Վ. Բասինին մնում էր միայն ավելացնել հետին պլանի ֆոնն ու Բրյուլովի կողմից արված էսքիզներից մի քանի նկար եկեղեցու կենտրոնական տարածության համար։
1849 թվականի ապրիլի 27-ին, բժիշկների պնդմամբ, Բրյուլովը թողեց Ռուսաստանը և անցնելով Լեհաստանով, Պրուսիայով, Բելգիայով, Անգլիայով և Պորտուգալիայով, ուղղորդվեց Մադեյրա կղզի` բուժվելու։ Նույն տարում նկարիչը վերադառնում է Իտալիա, իսկ 1850 թվականի գարնանն ու ամռանը այցելում է Իսպանիա, ուսումնասիրում Վելասկեսին և Գոյային։ Կրկին նույն տարում վերջնականապես վերադառնում է Իտալիա։ Այդ ընթացքում նկարիչը ծանոթանում է Գարիբալդիի թիմակից Ա.Տիտոնիի հետ, ում տանը նա գործնականորեն ապրել է իր կյանքի վերջին տարիները։ Բրյուլովի ուշ դիմանկարներն ու ջրաներկով նկարները մինչ այժմ պահպանվում են այդ ընտանիքի մասնավոր հավաքծուում։ Այդ շրջանի շատ ստեղծագործությունների համար բնորոշ են թատերականացումն ու ռոմանտիկ զգացմունքայնությունը, ինչպես նաև ներկայացված կերպարների միջոցով ժամանակների ոգին հաղորդելու ձգտումը` դարձնելով նրանց ճշգրիտ պատմության վկաներ։
Նկարչի վերջին գլուխգործոցը դարձավ 1851 թվականին ստեղծած նրա հին ծանոթ հնէաբան Միքելանջելո Լանչի դիմանկարը։
Կառլ Պավլովիչ Բրյուլովը մահացել է 1852 թվականի հունիսի 23-ին Հռոմի մոտակայքի Մանցիանա քաղաքում, որտեղ բուժվում էր հանքային ջրերով։ Հռոմի ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ, մահը վրա է հասել շնչահեղձության նոպայից երեք ժամ հետո։ Թաղված է Մոնթե Տեստաչոյի հեղափոխականների գերեզմանատանը
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ Բրյուլովը կապված էր կոմսուհի Յուլիա Սամոյլովայի հետ, որը նրա ներշնչանքի աղբյուրն ու բնորդուհին էր։
1838 թվականին Բրյուլովը ծանոթացավ Ռիգայի քաղաքապետ Ջորջ Ֆրեդերիկի 18-ամյա աղջկա՝ Էմիլիա Թիմի հետ և սիրահարվեց նրան։ 1839 թվականի հունվարի 27-ին նրանք ամուսնացան, սակայն մեկ ամիս անց ընդմիշտ բաժանվեցին։ Էմիլիան հեռացավ ծնողների հետ Ռիգա, Բրյուլովի կողմից առաջ քաշված ամուսնալուծության գործընթացը ձգձգվեց մինչև 1841 թվականը։ Բաժանման պատճառը պետերբուրգյան հանրությանը, որը մշտապես մեղադրում էր ամուսնուն՝ մնաց անհայտ։ Կնոջ և նրա հարազատներից զրպարտված Բրյուլովը դարձավ մերժված հասարակության կողմից։ Հետազոտողները պնդում են, որ բաժանման իրական պատճառը Էմիլիայի կապն էր իր հարազատներից մեկի հետ, որը շարունակվում էր նույնիսկ ամուսնությունից հետո։ Հավանաբար, հարսնացուի անհավատարմության մասին Բրյուլովը իմացել է հենց հարսանիքից առաջ, որը սակայն կայացավ Էմիլիայի ծնողների ճնշման տակ։ Նկարչի համար այդ ոչ հեշտ ժամանակներին սատարում էր Իտալիայից Պետերբուրգ ժամանած Սամոյլովան[9]։
Հայտնի աշխատանքների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուղաներկ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մ. Ա. Բեկի դիմանկարը» Հայաստանի ազգային պատկերասրահ
-
«Կոմսուհի Յուլիա Սամոյլովայի դիմանկարը» Ռուսաստանի ազգային պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Մեծ կոմսուհի Ելենա Պավլոնայի դիմանկարը դստեր հետ» Ռուսաստանի ազգային պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Վ. Ա. Պերովսկու դիմանկարը» 1837 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Ա. Ի. Բեկի դիմանկարը» (1807-1842) Սարատովի Ա. Ն. Ռադիշչևայի անվան կերպարվեստի ազգային թանգարան Ռուսաստան
-
«Իշխան Ա. Ն. Գոլիցինի դիմանկարը» 1840 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Գրող Ա. Ն. Ստրուգովշչիկովի դիմանկարը» 1840 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Ճարտարապետ նկարիչ Ա. Պ Բրյուլովի դիմանկարը» 1841 Ռուսաստանի Պետական պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Դուքս Մաքսիմիլիան Լեյխտենբերգի դիմանկարը» 1849 Մասնավոր հավաքածու, Լոնդոն
-
«Պաշկովի դիմանկարը» 1836. Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան, Բաքու
Ջրաներկ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կ. Ա և Մ. Յա. Նարիշկինների դիմանկարը» 1827 Ռուսաստանի Պետական պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Ընդհատված հանդիպում» 1827 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Գ. Ն. և Վ. Ա. Օլենինների դիմանկարը» 1827 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Ջովանինա Պաչինիի դիմանկարը» 1831 Մասնավոր հավաքածու
-
«Իշխանուհի Մարիա Նիկոլաևնայի դիմանկարը» 1837 Էտյուդ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
-
«Ե. Պ Սալտիկովայի դիմանկարը» 1833-1835 Ռուսաստանի Պետական պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Օլգա Ֆերզենն իշուկի վրա» 1835 Ռուսաստանի Պետական պատկերասրահ, Սանկտ-Պետերբուրգ
-
«Ձիավորներ. Ե. և Է. Մյուսարների դիմանկարները» 1849 Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/brjullov-karl-pavlovich.htm
- ↑ 2,0 2,1 https://www.biografija.ru/biography/brjulov-karl-pavlovich.htm
- ↑ 3,0 3,1 3,2 Датунов В. М. Брюллов Карл Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 71.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKD-Nederlands Instituut voor Kunstgeschiedenis
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ http://artpoisk.info/artist/zheleznov_mihail_ivanovich_1825/bio/
- ↑ «Բրյուլով Կարլ Պավլովիչ | Մ. Ա. Բեկի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Бочаров И., Глушакова Ю., Итальянская Пушкиниана 54, 69—71, էջեր 54, 69—71 — 54, 69—71 էջ, ISBN 5-270-00630-8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բրյուլով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 569)։ |
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1799 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 11 մահեր
- 1852 մահեր
- Մանցիանա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս ճարտարապետներ